Ո՞ւմ է մեղադրում Ջրային կոմիտեն ջրակորուստների համար

Ո՞ւմ է մեղադրում Ջրային կոմիտեն ջրակորուստների համար

ԷկոԼուր

2018 թ-ի հոկտեմբերի 8-ի դրությամբ, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 195.757 միլիոն խմ ջուր նախատեսված 210 միլիոն խմ-ի փոխարեն: Հավելյալ ջրառը կազմել է 25.757 միլիոն խմ: Մնացած 14.243 միլիոն խմ ջուրը խնայվում է աշնանացանի համար: Հիշեցնենք, որ օրենքով սահմանված կարգով Սևանա լճից ոռոգման համար ջրառի չափաքանակը 170 միլիոն խմ է: Այս տարի ոռոգման նպատակով Սևանա լճից հավելյալ ջրառը կազմելու է 40 միլիոն խմ-ի ջրառ:

Ոռոգման ժամանակահատվածում Սևանա լճից սնվում է Սևան-Հրազդան հիդրոկասկադը, որը բաղկացած է 7 կայանից՝ 561 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Կասկադը շահագործում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն: Հենց այս ընկերությունն է կառավարում Սևանա լճից բաց թողնվող ջրի փականը:

Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը ԷկոԼուրին ասաց. «Մենք իրենց ասում ենք՝ մեզ պետք է այսքան ջուր: Իրենք են փականով բացում Սևանի ջուրը: Իրենք պարտավոր են ոռոգման ռեժիմով աշխատել, բայց փոխում են ռեժիմը, փակում են փականը, որ ջուր հավաքեն ջրամբարում, հետո միանգամից բաց թողնեն Էլեկտրակայանների ագրեգատների օգտակար գործողության գործակիցը` ՕԳԳ-ն բարձրացնելու և ավելի շատ հոսանք արտադրելու համար: Արդյունքում մեր ջրանցքները քայքայվում են: Ջրի մակարդակը փոխվելով` ջուրը հասնում է գյուղեր կորուստներով»:

Ինեսսա Գաբայանը նշեց, որ Սևանա լճից ջրբացթողումների ծավալը 80 միլիոն խմ-ից կրճատվել է մինչև 40 միլիոն խմ պոմպակայաններով էլեկտրաէներգիայի գերօգտագործման հաշվին. «Այսօր մեր պոմպակայանները շատ անարդյունավետ են, ՕԳԳ-ն շատ փոքր է, 50 և ավելի տարիների կառույցներ են»:

Ինեսսա Գաբայանը տեսնում է Սևանա լճից ջրբացթողումների խնդրի լուծումը տեխնիկական հարցերի լուծման մեջ` նոր ջրամբարների շինարարություն, Արարատյան արտեզյան ավազանի ձկնաբուծարանների կողմից ջրերի գերօգտագործման կանխարգելում, քայքայված ոռոգման համակարգի վերականգնում:

«Ոռոգման համակարգն անընդհատ պահանջում է ներդրումներ։ Պետությունն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պահել համակարգը: Անհրաժեշտ են վարկեր: Բացի վարկերից կարող են լինել նաև բիզնես ներդրումներ: Կան հետաքրքրված կազմակերպություններ, ներդրողներ, որոնք ուզում են վերանորոգել, վերազինել պոմպակայանները: Բայց նրանք պետք է հնարավորություն ունենան տարիների ընթացքում հետ ստանալ ներդրած գումարը», - ասաց Ինեսսա Գաբայանը։

Ոռոգման համակարգի խնդիրներից է նաև ջրի բաշխումը, որն իրականացնում են Ջրօգտագործող ընկերությունները: Ոռոգման շրջանում համայնք-ՋՕԸ կոնֆլիկտները սրանում են: Շատ համայնքներում մարդիկ պարզապես հրաժարվում են աշխատել ՋՕԸ-երի հետ՝ նշելով, որ ջրի բաշխումն արդարացի չի իրականացվում:

Ինեսսա Գաբայանը ՋՕԸ-երի վիճակը գնահատում է «շատ վատ». «ՋՕԸ չկա։ Վերջին տարիներին միացրել են ՋՕԸ-երը, իրենց կառավարման արդյունավետությունն ընկել է, խեղաթյուրվել է ամբողջ ոռոգման համակարգերի կառավարման փիլիսոփայությունն ու գաղափարախոսությունը։ Այսօր գյուղացին չգիտի՝ այդ ընկերությունում ինքը ինչ իրավունք և պարտականություններ ունի»:
Գաբայանը նշեց, որ Ջրային կոմիտեն ծրագիր է պատրաստում կառավարություն ներկայացնելու համար, որպեսզի ՋՕԸ-երը նորից առանձնացվեն յուրաքանչյուրը իր տարածքի համար:

Ջրային կոմիտեի նախագահն ասաց. «2003-2004 թթ-ին ԾԻԳ-ում մշակվեց ջրի կառավարման ծրագիր: Յուրաքանչյուր ընկերություն ուներ այդ ծրագիրը, քարտեզի վրա նշված հողատարածքը, ջրօգտագործողի անունը, ինչ կուլտուրաներ են մշակվում, վճարումները։ Այս ծրագիրը ներկայում լավ չեն օգտագործում, ժամանակին չեն մուտքագրում տվյալները։ Մենք մեր առաջ խնդիր ենք դրել նորից կյանքի կոչել այդ ծրագիրը, նորից թարմացնել, որովհետև այն կարևորագույն գործիքներից մեկն է»։

Ինչ վերաբերում է հասարակության ընդվզմանը` Սևանա լճից հավելյալ ջուր չվերցնելու պահանջին, Ինեսսա Գաբայանը ՀՀ ԱԺ-ում Սևանա լճին նվիրված լսումներին հայտարարեց, որ Սևանից հավելյալ ջրառը չի բացառվում նաև հաջորդ տարի:

 

11:19 Հոկտեմբեր 09, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news