Սևանա լճում ձկնապաշարների հաշվառում չի արվի

Սևանա լճում ձկնապաշարների հաշվառում չի արվի

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը 2019թ-ին Սևանա լճում խեցգետնի և ձկների պաշարների հաշվառման և օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանման համար մրցույթ չի հայտարարել: Դա նշանակում է, որ հաջորդ տարի մենք ընդհանրապես չենք ունենալու լճում ձկների և խեցգետնի թույլատրելի որսաչափ: Այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը մայիսի 8-ին Բնապահպանական հանրային դատարանի՝ «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճին սպառնացող վտանգների մասին» գործի քննության ժամանակ:

Սևանա լճում կենսառեսուրսների պաշարների գնահատումն իրականացրել է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը և ներկայացրել տվյալներ, թե որքան որսի դեպքում է հնարավոր տվյալ տեսակի պաշարի վերականգնում: Սակայն այս տարի այդ գնահատումը չի իրականացվի:

«Երբ մենք հետաքրքրվեցինք բնապահպանության նախարարությունից, թե ինչու մրցույթ չի հայտարարվել, ասացին` դուք ամեն անգամ նշում եք, որ այդ գումարը բավական չէ, որպեսզի լիարժեք հետազոտություններ կատարեք: Իսկապես, 7,5 միլիոն դրամը շատ քիչ է, որպեսզի հետազոտվի Սևանա լճի ամբողջ ջրհավաք ավազանը, ինչպես նաև Սևանա լճի ձկան և խեցգետնի պաշարները: Սակայն մենք, օգտագործելով մեր մյուս ծրագրերը, փորձում ենք հնարավորություն ստեղծել որպեսզի հաշվարկենք այն քանակը, որը կարելի է թույլատրել` համարելու արդյունագործական: Իմ մեջ այնպիսի կասկած է արթնանում, որ եթե չկա թույլատրելի որսաչափ, չկա՝ խախտում »,- ասաց Էվելինա Ղուկասյանը:

Այսօր ականատես ենք սիգի և խեցգետնի անարգել վաճառքին: Այս կապակցությամբ Էվելինա Ղուկասյանն ասաց. «Այն, որ լճում սիգի արգելքն ընդհանրապես չկա, դա մենք տեսնում ենք: Որպես պատասխանատու կազմակերպություն` մենք մինչ այսօր չգիտենք` սիգի արգելք գոյություն ունի լճում, թե` ոչ: Երբ գալիս է դեկտեմբեր ամիսը, մեզ ասում են` գրություն գրեք, թե ինչու պետք է դեկտեմբերից հունվար ամիսներին սիգի որսն արգելվի: Եվ մենք գրում ենք, որովհետև դա վերատադրման շրջան է: Բայց ինչո՞ւ մինչ այդ չի արգելված, կամ արգելվա՞ծ է, թե՞ չի արգելված: Այդ փաստը նույնպես մնում է բաց»: Ըստ Էվելինա Ղուկասյանի,անհրաժեշտ է սիգի որսն արգելել երկու տարի, որպեսզի այս ձկնատեսակը կարողանա վերարտադրվել:

Անդրադառնալով խեցգետնի պաշարների նվազմանը` նա նշեց, որ գործածվող որսամիջոցները լճից պարզապես սրբում են խեցգետինը, ինչի մասին ինստիտուտը ՀՀ բնապահպանության նախարարությանն ահազանգում է 2014թ-ից սկսած: Սակայն խանութներում շարունակվում է խեցգետնի վաճառքը:

17:27 Մայիս 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news