Մասնակցեք Սևանի ջրավազանային կառավարման պլանի քննարկմանը

Մասնակցեք Սևանի ջրավազանային կառավարման պլանի քննարկմանը

ԷկոԼուր

Սույն թվականի հունիսի 11-ից մինչև հուլիսի 17-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն անցկացնում է Սևանի ջրավազանային կառավարման պլանի (2021-2027) հանրային խորհրդատվություն։ COVID 19-ի պատճառով հանդիպումները լինելու են առցանց (ծրագրի կողմից մշակված հարցաթերթիկների լրացում, էլեկտրոնային և հեռախոսային հաղորդակցում և այլն)։

«Սևանի ջրավազանային կառավարման պլանի մշակում, մաս 2. թեմատիկ ամփոփագիրը» պատրաստվել է ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի կողմից՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:

Փաստաթղթում Մեծ և Փոքր Սևաններին տրվել է խիստ փոփոխված և «միջինից վատ» կարգավիճակ: «2002 թվականից ի վեր լճի մակարդակի բարձրացման արդյունքում մոտ 1000 բնակելի շենքեր, տասնյակ կիլոմետր ճանապարհներ և 4000 հա անտառներ ծածկվել են ջրով, ինչը հանգեցրել է լճի ափամերձ գոտում հիդրոմորֆոլոգիական փոփոխությունների և պատճառ դարձել լճի օրգանական նյութերով աղտոտման»,- նշված է փաստաթղթում:

Առաջարկվող միջոցառումներն այս խնդիրներին չեն անդրադառնում: Մինչդեռ ճահճացող Սևանա լճի համար առաջնահերթ միջոցառում է լճի մակարդակի անընդմեջ բարձրացումը հիպոլիմնիոնի շերտի վերականգնման և լիճն անդառնալիորեն կորցնելուց փրկելու համար: Դրա համար թիվ մեկ խնդիրն է ափերի պատրաստելը լճի բարձրացմանը և ջրբացթողումները լճից հնարավորինս նվազեցնելը՝ հատկապես գլոբալ տաքացման պայմաններում:

Փաստաթղթում անդրադաձ չկա նաև ձկնապաշարների՝ որպես լճի օրգանական նյութը յուրացնող կենսապաշարի վերականգնմանն ուղղված միջոցառումներին:

Փաստաթղթում Սևանա լճին վերաբերող կոնկրետ միջոցառումների բացակայությունը բացատրվում է կարճ ժամանակում նպատակի տեխնիկապես հասնելու անիրատեսությամբ, Սևանա լճի ափամերձ հատվածում ազդեցությունների աղբյուրների բարդությամբ, ինչպես նաև առանձնացված ջրային մարմինների (ազդեցություն կրող գոտիներ)՝ լճի մյուս հատվածներից տարանջատելու դժվարությամբ:

Փաստաթղթում առաջարկվել են հիմնական և լրացուցիչ հետևյալ միջոցառումները

Հիմնական միջոցառումներ

1. Ջրի կառավարման բարելավման միջոցառումներ

- ջրային օրենդրության բարելավում

- ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

2. Տեխնիկական միջացառումներ

- կեղտաջրերի մաքրման կայանների վերանորոգում և կոյուղու համակարգի կառուցում, ինչի համար որպես առաջնահեթություն նշված են 2000-ից պակաս բնակչություն ունեցող պիլոտային երեք համայնքներում՝ Ախպրաձոր, Մաքենիս և Լճավան, նորարարական ԿՄԿ-ների կառուցում և 2000-ից ավելի բնակչություն ունեցող 3 ագլոմերացիաների համար նորարարական ԿՄԿ-ի կառուցում

- Սոթքի հանքարդյունաբերական տարածքների ռեկուլտիվացիա, վերականգնում,

- Ջրամատակարարման և ոռոգման ցանցերի բարելավում՝ ջրի կորուստները նվազեցնելու համար

- Ռազմավարական ջրային պաշարների ավելացում՝ Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման միջոցով

- Սանիտարական աղբավայրի կառուցում Կոտայքի մարզի 7 և Գեղարքունիքի մարզի 5 քաղաքային բնակավայրերի համար

- գետահուների ու սելավատարների մաքրում և գետերի ափերի ամրացում՝ ջրհեղեղների ու սելավների ռիսկերը նվազեցնելու համար

- հիմնական ջրօգտագործողների համար SCADA համակարգի տեղադրում և փաստացի ջրօգտագործման տվյալների ստացման ու մշակման ծրագրի ստեղծում:

Սևանի ՋԿՊ-ի իրականացման առաջին փուլի համար առաջարկված լրացուցիչ միջոցառումներ

- ջրային ռեսուրսների վերաբերյալ տվյալների ստացման, տարածման և տեղեկացվածության բարելավում

- ջրի մոնիտորինգի համակարգի հզորացում

- Ֆերմերների համար կայուն գյուղատնտեսության թեմաներով տեղեկացվածության արշավների և դասընթացների կազմակերպում

- Վարչական վերահսկողության և ջրակորուստների ու այլ խախտումների համար ֆինանսական պատասխանատվության մեխանիզմների ներդրում:

Հունիս 16, 2020 at 16:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր