Բնապահպանական տեսչությունը Արարատյան դաշտում ստուգումներ չի՞ իրականացրել

Բնապահպանական տեսչությունը Արարատյան դաշտում ստուգումներ չի՞ իրականացրել

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարության տեսչությունը ստուգումներ չի անցկացրել Արարատյան դաշտում, պարզելու, թե ինչպես են օգտագործվում ջրային ռեսուրսները: Այս մասին հուլիսի 4-ին` «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած ԷկոԼուրի  «Բիբլիական աղետ» ֆիլմի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու Մարի Չաքրյան:

Հիշեցնենք, որ «Բիբլիական աղետ» ֆիլմը պատմում  է ջրային ռեսուրսների վատ կառավարման արդյունքում Արարատյան դաշտում առաջացած ջրային ռեսուրսների աղետալի վիճակի եւ Սեւանա լճի խնդրի մասին է:

«Մեր Օրհուս կենտրոնը հարցում է արել բնապահպանության նախարարությանը` արդյո՞ք նորմայի սահմաններում են հանում ջուրը, արդյո՞ք ինքնահոս է, թե՞ պոմպերով ավելի շատ եք հանում...ոչ մի տվյալ չկա: Պարզ է` եթե տեսչական ստուգում չի եղել, ինչի՞ հիման վրա մենք պետք է ինչ-որ մեկին մեղադրենք, չունենք ոչ մի հիմք, դուրս է գալիս՝ անօրինական գործընթաց է տեղի ունեցել»,- ասաց Մարի Չաքրյանը: Նրա կարծիքով` Հայաստանում տնտեսությունը հիմնված է շատ ռեսուրս օգտագործելու վրա, չկա  գիտություն-կառավարություն համագործակցությունը, և գիտնականների կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում:

Մարի Չաքրյանը  մեղադրեց նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեին վատ կառավարման համար. «Ջրային պետական կոմիտեն եթե այսքան տարի զգաց, որ լավ չի կառավարում, ինչի՞ մի անգամ չխոստովանեց, որ կներեք, չենք կարողանում կառավարել»:

Ըստ Մարի Չաքրյանի՝ խնդիրը միայն մի եղանակով է հնարավոր լուծել. «Մենք՝ հասարակությունը, պետք է այսօր փոխենք մեր ուղղությունը՝ ստիպենք, պատվիրենք, պահանջենք, որ մեզ համար որոշումներ կայացնեն, ի վերջո, հենց դրա համար են ստեղծված, հենց դրա համար ենք մենք իրենց փող տալիս, պետք է կատարենք համակարգային փոփոխություններ, և հասարակությունը պետք է ավելի պահանջատեր լինի և  ոչ թե իրեն օտարված զգա այս երկրում, այլ այս երկրի լիիրավ տերը զգա»: 

Մանրամասները՝ տեսանյությում:



13:45 Հուլիս 11, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news