«Սևանի սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է». Նիկոլ Փաշինյան

«Սևանի սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է». Նիկոլ Փաշինյան

ԷկոԼուր

«Ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին յուրաքանչյուր բնապահպանական խախտման ականատես լինելուց դիմել բոլոր պատկան մարմիններին: Առնվազն մեր մասով կարող եմ հավաստիացնել, որ որևէ ահազանգ, որևէ դեպք, կլինի անտառհատում, որս, ապօրինի ջրօգտագործման դեպք, անհետևանք չի մնալու», - ասաց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը կառավարության դեկտեմբերի 10-ի նիստին:

«Իզուր ասացիք, պարոն Գրիգորյան, - արձագանքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, - այսօր զեկուցագիր եմ ստացել այն մասին, որ, ի հեճուկս որոշումների, Սևանի սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է: Լուրերով էլ ցույց  են տալիս, որ մեր բոլոր շուկաներում վաճառվում է Սևանի սիգ: Այստեղ մենք պետք է  իսկապես մտածենք երկարաժամկետ խնդրի լուծման մասին: Զեկուցագրում նշվում է մեր մի շարք գերատեսչությունների թերացման մասին, այդ թվում բնապահպանության նախարարության, ոստիկանության, Սևան ազգային պարկի»:

Նիկոլ Փաշինյանը Սևանա լճում կազմակերպական որոշակի լուծումների հասնելու համար հանձնարարեց ոստիկանության պետի, Գեղարքունիքի մարզպետի, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ քննարկել այդ հարցը և առաջարկել երկարաժամկետ կոնկրետ լուծումներ:

Դիմելով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին՝ վարչապետի պաշտոնակատարը նշեց. «Ապօրինի որսը պետք է ընդհանրապես բացառվի: Մեր հայրենակիցները պետք է իմանան, որ բնության պահպանության գործում առաձնակի նախանձախնդիր վերաբերմունք և դիրքորոշում ենք ունենալու»:

Հիշեցնենք, որ սիգի ապօրինի որսի և անարգել վաճառքի մասին ահազանգել են նաև Գեղարքունիքի մարզի հասարակական կազմակերպությունները՝ խնդրելով ուժեղացնել Սևանա լճում որսագողերի դեմ պայքարը:

17:05 Հունվար 10, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news