6 ամիս ժամկետով արգելվեց ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը

6 ամիս ժամկետով արգելվեց ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը

ՀՀ կառավարությունը վեց ամիս ժամկետով արգելք սահմանեց սիգի ձկնկիթի արտահանման համար։

Սույն թվականի հունիսի 22-ին գործադիրն ընդունեց «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշումը։ Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից:  Ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն զանգվածի պահպանում, արդյունագործական որսի  իրականացում։

Նշված է, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի  արդյունքում  վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ-ին՝ 2668 տոննա, 2020 թ-ին՝ 2345 տոննա, 2021 թ-ին՝ 5348 տոննա, 2022 թ-ին՝ 4700 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թ-ին՝ 300 տոննա, 2021 թ-ին՝ 300 տոննա, 2022 թ-ին՝ 600 տոննա, 2023 թ-ին՝ 300 տոննա):

Սակայն, ըստ փաստաթղթի, վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի միտումը դեռ չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։

«Ելնելով վերոգրյալից՝ կարող ենք փաստել, որ ՀՀ-ում դեռ չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթն ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում», - նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում։ 

Հունիս 22, 2023 at 13:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր