Կառավարությունը հաստատեց բացասական հաշվեկշիռ ունեցող Սևանից հավելյալ 70 միլիոն խմ ջրառի որոշումը

Կառավարությունը հաստատեց բացասական հաշվեկշիռ ունեցող Սևանից հավելյալ 70 միլիոն խմ ջրառի որոշումը

Չնայած Սևանա լճի բացասական հաշվեկշռին՝ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց լճից հավելյալ 70 միլիոն խմ ջրառի որոշմանը։ Արդյունքում, 2023 թվականին լճից բաց կթողնվի մինչև 240 միլիոն խմ ջրառ՝ օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ի փոխարեն։

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը մասնակի մեղմելու, ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Ըստ փաստաթղթի՝ այդ հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31.3 հազար հեկտար, իսկ ոռոգման ջրի պահանջարկը կկազմի շուրջ 445,3 միլիոն խմ։

Հաշվարկվել է, որ ջրի դեֆիցիտը կկազմի 121,4 միլիոն խմ։ Նախատեսվում է շուրջ 51,4 միլիոն խմ վերցնել լրացուցիչ մեխանիկական ջրարտադրության արդյունքում, իսկ մինչև 70 միլիոն խմ-ն՝ Սևանա լճից։

Նշենք, որ որոշման ամփոփաթերթում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացրել է․ «Կրկին կգրանցվի բացասական հաշվեկշիռ, ինչն էլ կհակասի Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքներին` Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառմանը և լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման ապահովմանը»։

Արձագանքելով այս դիտարկմանը՝ փաստաթղթի հեղինակները համեմատել են լճի մակարդակի դեկտեմբեր ամսվա ցուցանիշները հունիս ամսվա ցուցանիշների հետ՝ նշելով․ «2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900,28 մ, ներկա պահին՝ ս.թ. հունիսի 19-ին՝ 1900,53 մ, որը բարձր է 25 սմ-ով: 240 միլիոն խմ ջրի բացթողման դեպքում մակարդակի նիշը կկազմի շուրջ 1900,38 մ, որը 2023 թվականի հունվարի 1-ի՝ 1900,28 մ ցուցանիշի նկատմամբ կունենա շուրջ 10 սմ-ի առավելություն»: 

Իրականում Սևանա լիճն ունի բացասական հաշվեկշիռ։ Համեմատելով լճի մակարդակի ցուցանիշները ոչ թե սեզոների տարբերությամբ, այլ նախորդ տարվա նույն օրվա դրությամբ՝ տեսնում ենք, որ լճի մակարդակը 20 սմ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ սույն թվականի հունիսի 29-ի դրությամբ կազմում է 1900․54 մ։

Նշենք, որ սկսած 2020 թվականից յուրաքանչյուր տարի Սևանա լիճն ունեցել է բացասական հաշվեկշիռ։

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հեղինակը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն է։

Հունիս 29, 2023 at 15:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր