2017 թ-ին Սևանա լճի ցանցավանդակների 116 տոննա ձկնապաշարից 112 տոննան փախել է Սևան

2017 թ-ին Սևանա լճի ցանցավանդակների 116 տոննա ձկնապաշարից 112 տոննան փախել է Սևան

ԷկոԼուր

2017 թ-ին Սևանա լճի սառելու հետևանքով վնասվել են լճում տեղակայված արհեստական ցանցավանդակները, ինչի արդյունքում ցանցավանդակներում առկա 116 տոննա ձկնապաշարից մոտ 112 տոննան` 97%-ը, փախել է Սևան, իսկ մնացած 3%-ը ոչնչացել է ցանցավանդակների դեֆորմացիայի արդյունքում: Այս մասին նշված է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի` ԷկոԼուրին ուղղված նամակում:

Հիշեցնենք, որ ԷկոԼուրը հարցում էր ուղարկել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին` պարզելու, թե «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն ինչ ազդեցություն ունի Սևանա լճի վրա, և հիմնադրամը ինչ բնապահպանական միջոցառումներ է իրականացրել ծրագրի արդյունքում ստացված գումարներով:

Հիմնադրամի պատասխան նամակում նշված է.

«Ի պատասխան Ձեր գրության, հայտնում ենք, որ նշված ռիսկերը վերաբերվում են ցանցավանդակային տնտեսություններին ընդհանրապես և դրանցից որոշները մեր տնտեսությունում կանխարգելված են:

Անդրադառնալով Ձեր կողմից առաջ քաշված ռիսկերին առանձին-առանձին, հայտնում ենք.

«ձկների հիվանդությունների և մակաբույծների ինկուբացում և փոխանցում տնտեսություններում աճեցված ձկներից` ձկների վայրի հանրույթին»

- Մակաբույծների ինկուբացում արտահայտությունը մեզ համար անհասկանալի է և ոչ ՇՄԱՓ Կենտրոն ներկայացված հայտում և ոչ էլ միջազգային գրականության մեջ նման միտք չի նշվում: Այնուամենայնիվ, հիվադությունների տարածման ռիսկը բոլոր ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություններում առկա է և մեր տնտեսությունում մշտապես վերահսկվում է համապատասխան մասնագետների կողմից:

(ԷկոԼուր. Մակաբույծների ինկուբացման մասին նշված է հենց «Սևան Ակվա» ՓԲԸ-ի ցանցավանդակային տնտեսության ՇՄԱԳ փաստաթղթում /35 էջ/):

«ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական աղտոտում»

- «Օրգանական աղտոտումն», ըստ էության, իրենից ներկայացնում է սնուցող նյութերի արտահոսքը տնտեսությունից լիճ: Որպեսզի գնահատենք այդ տեսանկյունից «Սևան Ակվա» ՓԲԸ պատկանող տնտեսության թողած ազդեցությունը Սևանա լճի վրա, ներկայացնում ենք մեկ վիճակագրական օրինակ: 2016 թ-ի ընթացքում, երբ տնտեսությունում եղել է ձկան ամենամեծ կենսազանգվածը, լիճ է արտահոսել ընդամենը 500 կգ ֆոսֆոր, մինչդեռ, միևնույն ժամանակահատվածում, գետերի միջոցով լիճ է ներհոսել ավելի քան 500 տոննա ֆոսֆոր:
Օրգանական և անօրգանական աղտոտվածությունը Սևանա լճում ահագնացող խնդիր է և խնդրի լուծման լավագույն տարբերակը լճում կենդանական և բուսական կենսազանգվածի ավելացումն է և լճից դուրս հանումը: Համալիր ծրագրի կանոնադրական նպատակներից մեկը լճի ձկնային պաշարների վերականգնումն է, ինչը նշանակում է ձկան արդյունագործական կենսազանգվածի ավելացում Սևանա լճում հիսունից հարյուր անգամ և տնտեսական, սոցիալական և ռազմավարական դերից բացի, կունենա նաև բնապահպանական ազդեցություն՝ մասնավորապես կնվազեցնի լճի օրգանական աղտոտվածությունը:

«ցանցավանդակային տնտեսություններից առաջացած քիմիական աղտոտում»

- Այսպիսի ռիսկ «Սևան Ակվա» ՓԲԸ պատկանող տնտեսությունում առկա չէ և միակ «քիմիական աղտոտումը»` վերոնշյալ օրգանական նյութի արտահոսքն է:

«գենետիկորեն տարբերվող ձկների փախուստ ցանցավանդակային տնտեսություններից և նրանց խաչասերում վայրի ձևերի հետ»

- Այս ռիսկը նույնպես «Սևան Ակվա» ՓԲԸ պատկանող տնտեսությունում արդիական չէ, քանի որ տնտեսությունում աճեցվում է բացառապես Սևանի իշխան: Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակների մայրական կազմը, համալիր ծրագրի շրջանակներում, ձեռք է բերվել այն կազմակերպություններից, որոնք տարիներ շարունակ մանրաձկներ են մատակարարել ՀՀ Բնապահպանության նախարարությանը՝ Սևանա լճում իշխանի պաշարների համալրման նպատակով: Ընտրողաբար ձեռք բերված, ֆենոտիպորեն և գենետիկորեն ստուգված մայրական կազմը առավել խստորեն վերահսկվում է, և ծրագրի շրջանակներում արտադրվող ողջ ձկնապաշարը գենետիկորեն մաքուր է:

«տնտեսություններում ձկան զանգվածային մահացում և հեռացում»

- «Սևան Ակվա» ՓԲԸ կողմից ՇՄԱՓ Կենտրոն ներկայացված հայտում «զանգվածային մահացում և հեռացում» ռիսկ նշված չէ և «Սևան Ակվա» ՓԲԸ պատկանող տնտեսությունում նման ռիսկ առկա չէ: Այնուամենայնիվ, սատկած ձկները ցանցերից հեռացվում և ոչնչացվում են համաձայն միջազգային պահանջների և ամեն օր:

«տնտեսությունների գործունեությունից առաջացած թափոններ»

- Առաջացող փոքր քանակությամբ թափոնները հեռացվում են:

Ի պատասխան հարցադրումների հայտնում ենք.

1. Ծրագրի շրջանակներում Հիմնադրամին տրամադրված գումարների ճնշող մեծամասնությունը ներդրվել է Սևանի իշխանի մեծածավալ արտադրության և իրացման կայուն արժեշղթայի ձևավորման մեջ: Համաձայն համալիր ծրագրի՝ Սևանա լճի ձկնապաշարների վերականգնման և այլ խնդիրների վրա ներդրվող գումարները էականորեն կավելանան, երբ ձևավորվի վերոնշյալ արժեշղթան և ծրագիրն ունենա կայուն շահույթ: Մինչ այս պահը Ծրագրին տրամադրվել է 9 մլրդ ՀՀ դրամ: Բնապահպանական միջոցառումներն իրականացվում են հետևյալ քայլերի հաջորդականությամբ՝ Սևանա լճի էկոհամակարգի բնապահպանական մոնիթորինգ (առկա վիճակի գնահատում և խնդիրների վերհանում), խնդիրների լուծումների մշակում, խնդիրների լուծման միջոցառումների իրականացում և իրականացվող աշխատանքների արդյունավետության գնահատում: Վեր են հանվել Սևանա լճի և ջրհավաք ավազանի գրեթե բոլոր հիմնական խնդիրները և վերլուծվել: Տարվում են աշխատանքներ խնդիրների լուծման ուղղությամբ: Մինչ այս պահը ամենից շատ աշխատանքներ տարվել են ներքոնշյալ երկու խնդիրների լուծման ուղղությամբ.

• Սևանա լճի էկոհամակարգի սննդային շղթայի անհավասարակշռություն
• Սևանա լճի էկոլոգիական վիճակի վերաբերյալ տեղեկատվության պակաս

2. 2016 թ-ի մոնիթորինգային աշխատանքների ամփոփիչ հաշվետվությունը կարող եք գտնել հետևյալ հղմամբ http://www.stf.am/images/_.pdf:

3. Հիմնադրամի պատկանող ցանցավանդակային տնեսությունում այս պահին առկա են 9 ցանցեր, որոնցից 4-ը դատարկ են, իսկ 5-ում պահվում է շուրջ 60 տոննա տարբեր չափի ձկներ: Հավանաբար, մինչև 2018թ-ի ավարտը, ցանցավանդակների թիվը չի ավելացվի:

4. Այո՝ 4-րդ հարցում նշված հետազոտություններն իրականացվում են և արդյունքները կարող եք տեսնել 2-րդ կետում նշված հղմամբ:

5. Սևանա լիճը աղտոտվում է բնական ճանապարհով և հարակից բնակավայրերի բնակիչների գործունեության հետևանքով: Սևան թափվող գետերն անցնում են երեք քաղաքների և մեծ թվով գյուղական համայնքների միջով: Այդ համայնքները չունեն կոյուղաջրերի, արտադրական, անասնապահական և գյուղատնտեսական հոսքաջրերի, ինչպես նաև աղբահանման պատշաճ հեռացման համակարգեր: Արդյունքում այդ բնակավայրերից արտահոսող, օրգանական և անօրգանական աղտոտիչներով և կենցաղային աղբով գեր հարուստ հոսքաջրերը գետերի միջոցով լցվում են Սևանա լիճ: Օրգանական և անօրգանական աղտոտման տեսանկյունից մեծ է նաև՝ հանքավայրերի ազդեցությունը և բնական պայմաններում, լեռներում և դաշտերում փտող բուսական կենսազանգվածի և բնահողի մեջ առկա հանքային նյութերի դերը: Ցանցավանդակային տնտեսության ազդեցությունը այնքան փոքր է, որ հնարավոր չէ համեմատել վերոնշյալ ազդեցության հետ: Գետերի միջոցով Սևան թափվող աղտոտիչների նվազեցման ուղղությամբ մշակվում են ծրագրերի նախագծեր և կիրականացվեն մեծամասշտաբ միջոցառումներ, երբ ծրագիրն ունենա կայուն շահույթ և կարողանա լուրջ միջոցներ ներդնել այդ աշխատանքների համար: Սնուցող նյութերի (Օրգանական աղտոտում) ավելցուկը Սևանա լճում կարող է հանգեցնել վնասակար ազդեցության, եթե չյուրացվի լճի ֆլորայի կամ ֆաունայի կողմից: Այս ուղղությամբ ևս, մշակվում են ծրագրեր: Ինչպես արդեն նշվել էր, ծրագրի կանոնադրական գլխավոր նպատակներից է լճի սննդային բուրգի վերին օղակի՝ ձկնային պաշարների համալրում և երբեմնի պաշարների վերականգնումը: Եթե հաջողվի լուծել Սևանա լճի ամենամեծ խնդիրը՝ ձկնագողությունը, ապա մեզ կհաջողվի կարճ ժամանակում լուծել նաև մյուս խնդիրը՝ ձկան պաշարների վերականգնումը: Վերջինն էլ իր հերթին կհանգեցնի օրգանական «աղտոտվածության» խնդրի լուծման բնական եղանակով՝ ապահովելով ձկան առավել մեծ կենսազանգված: Եթե ձկան և խեցգետնի պաշարները չվերականգնվեն, ապա գետերից ներհոսող օրգանական նյութը կարող է կուտակվել լճում և որպես սնունդ չյուրացվել: Այդ դեպքում արդիական կարող է լինել մեծածավալ աշխատանքների իրականացումը՝ գետերի միջոցով ներհոսող օրգանական նյութի նվազեցման ուղղությամբ:

6. Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր հիվանդություն պահանջում է համապատասխան բուժում՝ համապատասխան դեղամիջոցներով: Հնարավոր բոլոր հիվանդությունների ի հայտ գալու դեպքում հակաբիոտիկների կիրառության անհրաժեշտությունը նույնպես չի կարելի բացառել: Պետք է նշել, որ բաց էկոհամակարգերում, ի տարբերություն սահմանափակ ծավալով ջրավազանների, հակաբիոտիկների կիրառությունը ոչ միայն ցանկալի չէ, այլ նաև շատ ավելի պակաս արդյունավետ է՝ հիվանդությունների դեմ պայքարի տեսանկյունից: Մեր տնտեսությունում հիվանդությունների ի հայտ գալու դեպքում, ձկները տեղափոխվում են և բուժումն իրականացվում է փակ ջրավազանային պայմաններում:

7. 2017 թվականին Սևանա լճի սառելու հետևանքով վնասվեց լճում՝ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքին հարակից հատվածում տեղակայված, Հիմնադրամի կողմից ստեղծված՝ «Սևան Ակվա» ՓԲ Ընկերությանը պատկանող ցանցավանդակային տնտեսությունը, որի արդյունքում տեղի ունեցավ ցանցավանդակներում մոտ 112 տոննա ընդհանուր զանգվածով Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակների տարբեր չափերի ձկների զանգվածային փախուստ: Վնասված ցանցավանդակներում 31.01.2017-ի դրությամբ եղել է մոտ 116 տոննա ձկնապաշար, որոնց մոտ 3%-ը ոչնչացել է ցանցավանդակների դեֆորմացիայի արդյունքում, իսկ 97%-ը՝ մոտ 112 տոննա փախել է Սևանա լիճ:

8. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017 թ-ին ցանցավանդակներից փախուստ են կատարել մեծ թվով տարբեր չափի ձկներ, որոշում է կայացվել նույն թվականին մանրաձկների մեծ քանակություններ բաց չթողնել: Բացթողնման աշխատանքներն իրականացվել են միայն փորձնական նպատակներով և փոքր քանակներով: 

Հարկ ենք համարում նշել, որ նախորդ տարիներին՝ 2015-2017թթ ընթացքում Հիմնադրամի գործունության արդյունքում Սևանա լիճ է ներմուծվել մոտ 2,3 մլն մանրաձուկ և մեծ չափի ձկներ, ինչն ավելին է, քան բաց է թողնվել պետական ծրագրով՝ 2005-2015 թթ: Հիմնադրամի կողմից բաց թողնված և փախուստ կատարած ձկների կենսազանգվածը, իշխանի պաշարների վերականգնման տեսանկյունից, արդեն իսկ կարող է ունենալ էական դեր: Դա է փաստում նաև ՀՀ Բնապահպանության նախարար Ա. Մինասյանի կողմից ներկայացված՝ ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳ Կենտրոնի կողմից իրականացված 2012-2017 թթ ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման արդյունքները, համաձայն որի՝ 2017 թվականի ընթացքում գրանցվել է իշխանի պաշարները աննախադեպ աճ՝ ավելի քան 17 անգամ` նախկին 1 տոննայի փոխարեն հասնելով 17 տոննայի:

9. «Սևան Ակվա» ՓԲ Ընկերությանը պատկանող ցանցավանդակային տնտեսությունում կիրառվում է աշխարհում առաջատար կազմակերպությունների կողմից բնական հումքով արտադրվող համակցված կեր, որի որակը մեր կողմից նույնպես վերահսկվում է: Ֆոսֆորն այդ կերի մեջ կազմում է 0.8-1%, իսկ ընդանուր ազոտը՝ 6.4-7.2%:

10. Սելեկցիոն տնտեսությունը կառուցման փուլում է: Սակայն սելեկցիոն աշխատանքներ Սևանի իշխանի մանրաձկան գործարանում իրականացվում են: Սելեկցիայի արդյունքում հաջողվել է խուսափել մոտ ազգակցական խաչասերումներից և գործարանում ստացվող մանրաձուկը առավել կենսունակ է, ֆենոտիպորեն և գենետիկորեն համապատասխանում է վայրի տեսակին և չի ենթարկվում դեգրադացիոն մուտացիաների»:

19:56 Փետրվար 19, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news