

ԷկոԼուր
Սեւանա լճում ձկան պաշարները ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը գնահատում է 7-8 տոննա: Դա նշանակում է, որ 90-ականների սկզբին Սեւանում առկա 30 000 տոննա պաշարներից ոչինչ չի մնացել: Տարբեր կարծիքներ կան, թե ինչու Սեւանից վերացավ ձուկը: Գլխավոր պատճառը չինովնիկների անպատժելիությունն է, ովքեր Սեւանի համար, ձկնապաշարների պահպանության համար պատասխանատվություն էին կրում, պետական բյուջեի միջոցներն օգտագործող չինովնիկներ, ովքեր երկիրը թողեցին առանց Սեւանի ձկան: Այդ անպատժելիությունը շարունակվում է: Եւ հիմա մենք վկա ենք դառնում, թե ինչպես են ընդունվում Սեւանը ոչնչացնող որոշումներ: Բայց այդ որոշումների տակ ստորագրողները գիտեն, որ եթե Սեւանից լճակ մնա, միեւնույնն է, նրանք որեւէ պատասխանատվություն չեն կրի: Ներկայացնում ենք Գեղարքունիքի տեղական կազմակերպություննների 2005թ. նամակագրությունը պատասխանատու անձանց հետ: Տեսանյութում խնդիրը ներկայացնում է Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը:
Սաթիկ Բադեյանը «ԷկոԼուր»-ին պատմում է. «2005թ. Սեւանի սիգի պաշարները ոչնչացման եզրին էին, եւ դա ավելի լավ զգում էին հենց այն մարդիկ, ովքեր զբաղվում էին սիգի որսով: Ես մոտ 30 տասնյակ ահազանգ ստացա ափամերձ համայնքների ձկնորսներից, որոնց պահանջով հենց նամակ հղեցի հանրապետության նախագահին: Նամակում ես ուղղակի մեջբերում էի արել ձկնորսների խոսքերից, որոնք կուզեմ հիմա ընթերցել. «Սիրտս մխկտում ա, կտոր-կտոր ա լինում, ախր իմ էրեխեքի, թոռների ու ծոռների փայն եմ հանում լճից արդեն, իմ ապրուստի միակ միջոցն եմ վերացնում, բայց անում եմ, որովհետեւ եթե ես չհանեմ այդ ձուկը, մեկ ա, ուրիշն ա հանելու: 100 պարկ 28 միլի սետկա եմ գցում ջուրը, օրական թափ եմ տալիս 30-ը` 3 անգամ ջուր մտնելով: Եւ ամեն անգամ 3 հազար հատ միջինը 10 սանտիմետրանոց մանրաձուկ եմ հանում, որի հատը Զատիկի օրերին Երեւանի շուկաներում 200 դրամով է վաճառվում: Գիտեմ, որ օրենքով արգելված է 28 սմ-ից փոքր ձուկ որսալը, բայց օրենքը կիրառողն ու ստուգողն ո՞վ ա: Ախր ով էր տեսել` ձկնգողին թույլտվություն տան, երբ ուզի, ոնց ուզի, քանի նավակով ուզի, ջուրը մտնի ու դուրս գա»: Շարունակեմ ընթերցել նախագահին ուղղված նամակը. «Մեծարգո նախագահ, գուցե զավեշտական է թվում, բայց Սեւանի ափամերձ համայնքների ձկնգողերը խնդրում են, (ձկնգողեր, որովհետեւ իրենք էին պահանջում, որ իրենց հենց էդպես էլ անվանենք) Ձեզ` անհապաղ արգելել ձկան որսը Սեւանա լճում` կիրառելով ամենախիստ միջոցները, այլապես վաղը ուշ կլինի: Ինչպես իրենք են ասում. «Թող արգելք լինի, իմանամ ոչ ոք չի մտնում ջուր, ես էլ չմտնեմ, ուրիշ միջոց գտնեմ ապրելու, թե չէ վաղը էրեխեքիս ի՞նչ եմ պատասխանելու»: Նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, նախարարը` Վարդան Այվազյանը: Վաղը արդեն այսօր է, որ մենք տեսանք, եւ արդյունքում Սեւանում այլեւս արդյունագործական պաշարներ չկան: Եւ հենց այսօր էլ մենք հանդիպում ունեցանք Ծովագյուղ համայնքում եւ իմացանք, որ միայն այս տարի արդեն 800 երիտասարդ միայն Ծովագյուղ համայնքից մեկնել է արտագնա աշխատանքի, ու հարցականի տակ է նրանց հետ վերադարձը: Նախագահից պատասխան ստացա, որ ինքը հանձնարարել է բնապահպանության նախարարին այս հարցով զբաղվել: Նախարարի գրությունը կարդամ. «Ի պատասխան Ձեր գրության հայտնում եմ, որ բարձրացված հարցով խիստ մտահոգված են նաեւ Բնապահպանության նախարարությունում, եւ 2005թ-ի ընթացքում նախատեսվում է իրականացնել խնդրի լուծմանը նպատակաուղղված միջոցառումներ, մասնավորապես մշակվել, հաստատվել եւ իրականացվում է Սեւանա լճում սիգի պոպուլիացիայի վերականգնման միջոցառումների 2005թ-ի ծրագիրը, որի պատճեներն ուղարկում ենք Ձեզ Ձեր ուշադրությանը եւ ուրախ կլինենք ստանալ մեկնաբանություններ» եւ այլն: Այդ մասին մենք գրել էինք մեր` նախագահին ուղղված նամակում եւ ասել էինք, որ այժմ, այս պահին միակ փրկությունը հենց հիմա ձկան որսը դադարեցնելն է առնվազն երեք տարով, որից հետո նոր կմշակեք նախագծեր ու կիարականացնեք: …Հիմա մենք այդ արգելքը ունենք, երբ որ լճում ձուկ չկա: Իրականում քաղաքական կամք չդրսեւորվեց այն ձեւով, որ իրական արգելք լիներ, եւ, իրոք, լիճը պահպանվեր: Ոչ ոք պատասխանատվություն չկրեց, ո՞վ պիտի կրեր, երբ որ շահագործողն ու վերահսկողը նույն մարմինն է, ո՞վ պիտի պատասխանատվություն կրի այստեղ: Ինչու եմ ես այս հարցը կրկին բարձրացնում եւ անդրադառնում, որովհետեւ մենք այսօր արդեն լիճը կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած: Եւ ինչպես 2005 թ-ին էինք ահազանգում, որ ձկնապաշարներն էին ոչնչացման եզրին, ու արդյունք չունեցանք, չնայած որ կառավարությունը նոր նախագծեր էր մշակում: Այսօր էլ այդպես նոր նախագծեր են մշակում լիճը պահպանելու, ջրային պաշարներն ավելացնելու, բայց մի կողմից էլ տեսնում ենք, որ նաեւ դիվերսիան ազգի եւ ժողովրդի հանդեպ շարունակվում է, արդեն ջրային ռեսուրսների հանդեպ, եւ կրկին վտանգը կա: Ես չեմ ուզում, որ մի քանի տարի հետո նորից ստիպված լինեմ արձանագրել, որ մեր բարձրացրած ահազանգերը նորից տեղ չհասան եւ մենք արդեն Սեւան չունենք»:
Օգոստոս 24, 2012 at 14:01
