

ԷկոԼուր
Սեւան ազգային պարկում տեղի ունեցած հասարակական լսումների արդյունքում որոշվեց հավանություն տալ Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման պիլոտային ծրագրի գաղափարին և պահանջել «Էմի ֆրութ» ՍՊԸ-ից` ներկայացնելու ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը:
Հասարակական լսումները տեղի ունեցան սույն թվականի մայիսի 10-ին: Մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Միշա Ստեփանյանը, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանը, փոխտնօրեն Վահե Գուլանյանը, ձկնաբան Նորիկ Բադալյանը, «Էմի ֆրութ» ՍՊԸ-ի հիմնադիր Հրայր Մելքոնյանը, ծրագրի համակարգող Էդգար Գեւորգյանը, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ-ի փորձագետ Նազիկ Մկրտչյանը, «ՏԶՀԿ»-ի նախագահ Սաթիկ Բադեյանը, Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի աշխատանքային խումբը: Քննարկմանը չէին մասնակցում համայնքապետեր և բնակիչներ, լրագրողներ, քանի որ տեղեկացված չին քննարկման մասին: Ինչպես նաեւ քննարկմանը ներկա հասարակայնության ներկայացուցիչները հնարավորություն չէին ունեցել նախօրոք ծանոթանալ ծրագրի հետ, քանի որ Բնապահպանության նախարարության կայքում ծրագիրը տեղադրված չէ: Քննարկման մասին «Սեւան» ազգային պարկի ղեկավարությունը տեղեկացավ ՀԿ-ներից, ովքեր եկել էին քննարկման: Նշված ժամից մոտ կես ժամ ուշացումով ազգային պարկ եկան ընկերության ներկայացուցիչները բնապահպանության փորձագետի հետ միասին:
«Էմի ֆրութ» ընկերության պիլոտային ծրագիրն իրականացվում է Բնապահպանության նախարարության, ՀՀ ԳԱԱ տարբեր ինստիտուտների, համալսարանների, Ազգային պարկի հետ համագործակցությամբ: Այսինքն, ծրագրով փորձելու են Սեւանում աճեցնել իշխան եւ տեսնել ծրագրի ազդեցությունը լճի վրա, եւ որքանով է նպատակահարմար այն շարունակել եւ ընդլայնել: Պետության հետ ընկերության համագործակցության արդյունքում աճեցրած ձկների մի մասը բաց է թողելու Սեւանա լիճ, ինչպես նաեւ վաճառքի դեպքում որոշակի գումար վճարվելու է պետբյուջե: Լճում` Դրախտիկի մոտ, տեղադրվելու են 4 ցանցավանդակներ, որտեղ, ըստ ընկերության ներկայացուցիչների, հունիսից մինչեւ նոյեմբեր ամիսը աճեցնելու են 20-40 գրամանոց 80 000 մանրաձուկ, որոնց քաշը աճելու է մինչեւ 250-300 գրամ: «Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանը նկատեց, որ գերազանց կերակրելու դեպքում անգամ ձկան օրեկան մաքսիմալ աճը 1 գրամից չի անցնում: «Եթե կա նման հնարք, որ այդպես աճ կտա, նրանք ոչ թե էնդեմիկ ձուկ կստանան, այլ հրեշ կստանան»,- ասաց նա: Նշենք, որ ձկները կերակրվելու են էկոլոգիական կերով, որը տրամադրելու է «Բիոմար» ընկերությունը: Մյուս խնդիրն այն էր, թե որքանով լիճ բաց թողնված ձկները կապրեն: «Խնդիրն այն է, որ որպես վերարտադրություն ինչի այդ չի ստացվում․ սրանք որ սովորում են արհեստական կերին, երբ բաց ես թողնում բնական միջավայր, իրենք ի վիճակի չեն որս անելու, ու շատ մեծ անկում է լինում: Իրենք են շատ անգամ դառնում որս թռչունների համար»,- ասաց ազգային պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանը: Մեկ այլ խնդիր էլ կապված է նրա հետ, որ կերակրումից հետո նստվածք է լինելու, միկրոֆլորայի փոփոխություն է լինելու, ջրի ջերմաստիճանն է փոխվելու: Օրենսդրական առումով նույնպես հակասություններ կան: «Սեւանա լճի մասին» օրենքով արգելվում է տնտեսական գործունեություն Սեւանա լճի ավազանում, սակայն եթե այդ գործունեությունը նպաստում է պոպուլիացիայի վերականգնմանը, ապա թույլատրվում է:
«Էմի ֆրութ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն էլ պնդեցին, որ մեկնարկային ծրագրի ընթացքում Սևանին վնաս նկատելու դեպքում անմիջապես կդադարեցնեն գործունեությունը: Ծրագրում Սեւանա լճի էկոլոգիային սպառնացող ռիսկեր նշված չէին: Ինչպես նշեց ծրագրի փորձագետ Նազիկ Մկրտչյանը, հիմնականում այդ փաստաթղթում նկարագրված է եղել ֆինանսատնտեսական մասը: Ծրագիրը ներկայումս ուղարկված է Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողով` կարծիքի համար, ինչպես նաեւ կարծիք պետք է տա «Սեւան» ազգային պարկը:
Մայիս 12, 2012 at 15:16



