Սևանա լճի խնդիրները, հիդրոէներգետիկան և «կանաչ» իրավունքների խախտումները

Սևանա լճի խնդիրները, հիդրոէներգետիկան և «կանաչ» իրավունքների խախտումները

ԷկոԼուր

Սևանա լճի համար գլխավոր մարտահրավերներից են լրացուցիչ ջրբացթողումները և հիդրոէներգետիկան, որոնց հետևանքով խախտվում են Սևանա լճի համայնքների բնակիչների «կանաչ» իրավունքները: Այս մասին Թբիլիսիում անցկացված «Էներգետիկ նախագծերը և մարդկանց իրավունքների խախտումները Հարավային Կովկասում» խորագրով կոնֆերանսի ժամանակ ասաց Գավառի «Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանը:

Լիանա Ասոյանը նշեց, որ վերջին 10 տարվա ընթացքում ՀՀ կառավարության որոշմամբ լճից 4 անգամ հավելյալ ջրառ է իրականացվել, քան «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով նախատեսված 170 միլիոն խմ-ն է: 2008 թ-ին ջրառը կազմել է 360 միլիոն խմ, 2012 թ-ին` 320 միլիոն խմ, 2014 թ-ին` 240 միլիոն խմ, 2017 թ-ին` 270 միլիոն խմ: Հավելյալ ջրառի հետևանքով 2012, 2014 և 2017 թթ-ին լիճն ունեցել է բացասական հաշվեկշիռ, ինչը Սևանա լճի էկոհամակարգի վրա ունեցել է իր վատ ազդեցությունը:

Լիանա Ասոյանը նշեց, որ Սևանը պաշտպանելու համար «S.O.S Սևան» նախաձեռնությունը, որին միացել էր 72 կազմակերպություն, իրականացրել է բողոքի ակցիաներ, դիմել է բոլոր պատասխանատու գերատեսչություններին և Հայաստանի Հանրապետության նախագահին: Սակայն հանրության կարծիքը հաշվի չի առնվել, և խախտվել է մարդկանց` որոշումների կայացման գործընթացում մասնակցելու իրավունքը:

Սևանի ջուրը ծառայեցնում են հիդրոէներգետիկայի շահին: Խոսքը 560 ՄՎտ հզորությամբ Սևան-Հրազդան հիդրոկասկադի մասին է, որը էլեկտրաէներգիայի արտադրության համար օգտագործում է Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջուրը: Կասկադի 7 հիդրոէլեկտրակայանները տեղակայված են Հրազդան գետի վրա:

Ըստ Լիանա Ասոյանի` լճի մակարդակը վերականգնելու համար ծախսվել են շատ մեծ գումարներ, երբ կառուցվել են 48.3 կմ երկարությամբ Արփա-Սևան և 21, 6 կմ երկարությամբ Որոտան-Արփա ջրատարները:

«Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով վատանում է ջրի որակը, ակտիվանում են ճահճացման գործընթացները: Մարդն ունի բնական իրավունք` ունենալու մաքուր ջուր, ապրելու բարենպաստ շրջակա միջավայրում: Սրանք նախապայման են մյուս բոլոր իրավունքների համար», - շեշտեց Ասոյանը:

Սևանի համար վտանգ են ներկայացնում նաև լիճը սնուցող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը: Լիանա Ասոյանը լուսանկարներ ներկայացրեց, թե ինչպես է ՓՀԷԿ-ը ցամաքեցրել գետը` բերելով Արգիչի գետի օրինակը: Նա ներկայացրեց, թե ինչպես է խաթարվում էկոհամակարգն այն տարածքներում, որտեղ անցկացվում են ՓՀԷԿ-ի խողովակները. «ՓՀԷԿ-երը օգտագործում են գետի գրեթե ամբողջ ջուրը` թողնելով բնակիչներին առանց ոռոգման ջրի, զրկելով նրանց սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից, խախտելով ջրի մատչելիության իրավունքը: Օրինակ, Արգիչի ՓՀԷԿ-ի դեպքում Վերին Գետաշենի բնակիչները իրենց խախտված իրավունքների հարցերով դիմել էին միջազգային կառույցների ներկայացուցիչներին»:

ՓՀԷԿ-երի կառուցման նախագծերի հասարակական լսումներն անցկացվում են միայն թղթի վրա, իսկ համայնքի բնակիչը ՓՀԷԿ-ի մասին իմանում է այն ժամանակ, երբ գործընթացն արդեն գրեթե ավարտված է, ասաց Լիանա Ասոյանը:

 

19:32 Ապրիլ 11, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news