«Սևանի իշխան»-ը շեղվել է ծրագրային ցուցանիշներից. որոնք են պատճառները

«Սևանի իշխան»-ը շեղվել է ծրագրային ցուցանիշներից. որոնք են պատճառները

ԷկոԼուր

«Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» իրացումներից ակնկալվող ծավալները որոշակիորեն շեղվել են ծրագրային ցուցանիշներից: Պատճառը, ըստ պատասխանատուների, տարերային ձկնորսությունն է, ձկների հիվանդությունները, գետերից անկանոն ջրառը, ձվադրավայրերի խնդիրները: Այս մասին զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ:

Վարչապետը կարևորել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» արդյունավետ իրականացումը և հանձնարարել պատասխանատուներին` կառավարություն ներկայացնել ծրագրի հետագա շահութաբերության կանխատեսումների վերաբերյալ գնահատական` ծրագրի հետագա ընթացքին վերաբերող հարցերը քննարկելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

Վարչապետին զեկուցվել է, որ ծրագրի շրջանակներում 2015-2018 թթ. ընթացքում Սևանա լիճ բաց է թողնվել շուրջ 2,355,000 մանրաձուկ, իրականացվել է Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոլոգիական ընդհանուր խնդիրների գույքագրում և ջրի որակի վերահսկողություն, կառուցվել է Հայաստանում 1-ին ջրի փակ շրջանառության համակարգով աշխատող 50 տ հզորությամբ մանրաձկան գործարան, Սևանա լճում ստեղծվել է ցանցավանդակային տնտեսություն, կազմակերպվել է վերամշակված ձկնամթերքի արտադրություն ու իրացում: Նշվել է, որ 2018 թ. հուլիսի 1-ի դրությամբ փաստացի առկա ձկան քանակը կազմում է 92 տ:

Ծրագիրն իրականացնում են «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները` ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից: Կառավարության պահուստային ֆոնդից 2013-2017 թթ. համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով հիմնադրամին որպես նվիրաբերություն հատկացվել է 9,0 մլրդ դրամ:

18:39 Սեպտեմբեր 10, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news