«S.O.S Սևան» նախաձեռնությունն առաջարկում է պատասխանատվության ենթարկել Սևանա լճի վերաբերյալ հակաօրենսդրական որոշումներ կայացրած պաշտոնյաներին

«S.O.S Սևան» նախաձեռնությունն առաջարկում է պատասխանատվության ենթարկել Սևանա լճի վերաբերյալ հակաօրենսդրական որոշումներ կայացրած պաշտոնյաներին

ԷկոԼուր

«S.O.S Սևան» նախաձեռնությունը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին առաջարկում է հանդիպել և քննարկել այն մեխանիզմները, որոնք թույլ կտան պատասխանատվության ենթարկել Սևանա լճի վերաբերյալ հակաօրենսդրական որոշումներ կայացրած պաշտոնյաներին:

Նամակում ասված է.

«Հարգելի՛ պարոն Զեյնալյան,

«S.O.S Սևան» նախաձեռնությունը, որն իր մեջ միավորում է տասնյակ հասարակական կազմակերպությունների և Սևանի ճակատագրով մտահոգ անհատների, անհանգստացած է վերջին տարիներին Սևանա լճի էկոլոգիական վիճակով: 2017թ-ին Սևանա լճից վերցվեց լրացուցիչ 100 միլիոն խմ ջուր, լիճն ունեցավ  բացասական հաշվեկշիռ, ինչը հանգեցրեց լճի զանգվածային ճահճացման գործընթացների: Մակարդակի անկման հետ լիճը կորցնում է ինքնամաքրման հատկությունները, և գետերի ու կոյուղատարերի հետ լիճ թափվող աղտոտիչները կուտակվում են լճում, ինչը մեծ վտանգ է Սևանա լճի ամբողջ էկոհամակարգի համար:

Ներկայումս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեն առաջարկում է հավելյալ ջուր բաց թողնել Սևանա լճից` հաշվի չառնելով, որ  լճի բացասական հաշվեկշիռն անթույլատրելի է Սևանա լիճը պահպանող օրենսդրությամբ:

Այն գործընթացները, որոնք բերել են Սևանա լճի վիճակի ծայրահեղ վատացման, ունեն էկոլոգիական հանցագործության հատկանիշներ։ Որոշումների տակ ստորագրած անձիք չեն ենթարկվել պատասխանատվության։

Նոր կառավարության լիազոր մարմինները Սևանա լճի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացն իրականացնում են առանց հասարակության մասնակցության և հիմնվում են օրենքի խախտումների վրա։

Անհանգստացած լինելով նման գործելաոճով և Սևանա լճում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև հաշվի առնելով Ձեր` որպես «Ելք» խմբակցության պատգամավոր, դիրքորոշումը 2017թ-ին Սևանից հավելյալ ջրառի վերաբերյալ`  խնդրում ենք հանդիպում՝ քննարկելու համար այն մեխանիզմները, որոնք թույլ կտան պատասխանատվության ենթարկել այն պաշտոնյաներին, ովքեր իրենց ստորագրությամբ հակաօրենսդրական որոշումներ են կայացրել, միաժամանակ թույլ կտա նոր կառավարության լիազոր մարմիններին շրջանառության մեջ չդնել Սևանա լճից հավելյալ ջրառի մասին անօրինական նախագիծը։ Ակնկալում ենք նաև քննարկել որոշում կայացնողների կողմից հանրության առջև հաշվետվողականության հարցը՝ քրեական, վարչական, հանրային պատասխանատվությունը»։

Նամակը կազմվել է«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական hասարակության զարգացման ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հանուն մասնակցային և արդյունավետ կառավարման» խորագրով բաց տարածք միջոցառման ժամանակ:

15:16 Օգոստոս 22, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news