«S.O.S Սևան» նախաձեռնության քարոզարշավը Գեղարքունիքի մարզում, մաս 1 (Լուսանկարներ)

«S.O.S Սևան» նախաձեռնության քարոզարշավը Գեղարքունիքի մարզում, մաս 1 (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«S.O.S Սևան» նախաձեռնության շրջանակներում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի և «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները այցելեցին Գեղարքունիքի մարզի Սևան, Լճաշեն, Ծովագյուղ համայնքներ` ծանոթացնելու Սևանա լճից հավելյալ ջրառի նոր նախաձեռնության մասին և լսելու նրանց դիրքորոշումը: Հանրային վայրերում փակցվեցին և մարդկանց բաժանվեցին «S.O.S Սևան» իրազեկման թռուցիկներ:

ՀՀ էներգետիկ ենթակառռուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեն մտադիր է Սևանա լճից բացի օրենքով նախատեսված 170 միլիոն խմ ջրառից ևս 40 միլիոն խմ հավելյալ ջրառ իրականացնել` Արարատյան դաշտի ոռոգման և Սևան-Հրազդան հիդրոկասկադի միջոցով հավելյալ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով:

Խոսում են Սևանի ափամերձ համանքների բնակիչները

 Լճաշեն համայնք

Լճաշենի համայնքապետ Կորյուն Մարգարյան.
-Ասացին, որ 6 մետր պետք է լճի մակարդակը բարձրացնեն, որ էկոհամակարգը պահպանվի, ի՞նչն է խանգարում, որ չեն բարձրացնում: Խանգարում է, որ մի երկու հատ հաստավիզ տարածք-մարածք ունեն, չեն ուզում, որ ծածկվի: Եթե մենք խոսում ենք ընդհանուրի մասին, եթե մենք խոսում ենք ապագայի մասին, մեր երեխաների մասին, չպետք է մտածենք` վայ էս քարը մնաց ջրի տակ: Իսկ եթե պիտի մտածեն, ոչ մեկի չկպնեն, է ուրեմն թող Սևանն էլ կորի:

… Մենք կտրականապես դեմ ենք, ոչ նրա համար որ մեզ չեն տալիս, այլ որ Սևանը պահպանվի: Լճաշենցին մի գրամ էդ ջրից չի օգտվում:… Մի 5-6 հատ խորքային հոր ենք խփել, ապահովում ենք մինիմալ պայմանները: Հավելյալ ջրառը մի քանիսի ֆինանսների համար է, տանեն, հոսանք ծախեն, իսկ ջուրը նավթից թանկ է:

…Լճի վիճակի փոփոխություն, իհարկե, տեսնում ենք, հատկապես այս տարի, որ գարշահոտությունը լցվեց մեր համայնք: Ճահիճ է: Ժամանակին մենք ըմբոստացել էինք, որ Լճաշենի կողքով անցնող ճանապարհը սարքում էին, ասել ենք, որ ճանապարհի տակ թունելներ պիտի լինեն, որ ջուրը շարժ ունենա, որ ճահիճ չդառնա, բայց ով է համայնքին ուշադրություն դարձնում: Ճահիճ միշտ եղել է, բայց նման հոտ համարյա չի եղել, այս տարի սաստիկ շոգից մամուռները սկսեցին տաքանալ, գարշահոտությունը երկար տևեց: Դրսից, որ գալիս էին Լճաշեն բարեկամների տուն հանգստանալու, այս տարի հոտի համար չեկան, կամ եկան ու փախան:

Լճաշենի բնակիչ Վոլոդյա Ղազարյան.



-... Ամբողջ լճի ափամերձ շրջանը մամուռով ծածկված էր, կամաց կանաչում է լիճը: Առաջին հերթին ոռոգման համակարգերը կարգի թող բերեն, որ Սևանից քիչ ջուր տարվի, լճի առափնյա հատվածները պետք է մաքրվեն:

Սևան համայնքի բնակիչներ

-… Արարատյան դաշտում անապատացում է գնում: Ես զարմացա, որ այդքան ջուր ենք տալիս, իսկ այդ ջուրը գյուղացուն չի հասնում: Դա ինձ համար շատ մտահոգիչ է…:

-… Մինչև հիմա Սևանի ավազանի օբյեկտների 80 տոկոսը Սևանա լճի ջրից է օգտվում թե խմելու, թե օգտագործելու համար: Մի 3 անգամ ֆիլտրվում է ու օգտագործում են: Այսինքն առաջին անգամ չի, որ գնացին մեջտեղից ջուր խմեցին, իրենց բան չեղավ, դրանից տուրիստներն էլ են խմում, Երևանից եկած հյուրերն էլ են խմում: Բոլոր մարդիկ էլ դրանից օգտվել են մինչև հիմա ու հիմա էլ են օգտվում, եթե ինչ-որ վնասակար ազդեցություն ունենար, հաստատ կզգայինք մեծ մասշտաբներով:

-…Մի քանի տարի Շորժայում ցանցավանդակների մոտ տեսել եմ լիճը նույն կանաչ վիճակում: Ճահճային հատված է դարձել այդ մասը, այնտեղ ակտիվ է ծաղկման պրոցեսը:

Ծովագյուղ համայնքի բնակիչներ

-… Մենք չենք ուզում հավելյալ ջրառը: Կառավարությունը շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում Սևանում: Այսքանից հետո տուրիզմ դժվար թե Սևանում կայանա: Այսօր ափամերձ տարածքները` բոլորն են դժգոհում, եթե տեղացին չի հանգստանում, տուրիստը կգա՞ դրսից արդյոք: Բնականաբար, չենք սպասում: Այսօր արդեն դժգոհություններ կան հարկային դաշտից: Աշխատողներն ասում են` մեր մոտ հանգստացող չի եկել, ես որտեղից պետք է վճարեմ այդքան հարկ: Ուզում են ճահճացնե՞լ Սևանը, համաձայն չենք, քանդին, քանդին, գոնե այս մեկը մնա:

-… 50 տարվա մեջ առաջին անգամ էր, որ տեսանք այս տաք ջուրը: 20-ից ավելի է, դու քո մաշկի վրա զգում ես, որ 24-ն անցել է ջերմաստիճանը: Առաջ ջրի մեջ մտնեիր, ոնց լիներ մի հատ կսրսփայիր, բայց հիմա չկա էդպիսի բան: Միշտ եղել է ծաղկումը, այս տարի դուրս եկավ ափ, բոլորը տեսան:

-…Բա որ դա վարակված ջուր է, չեն թողնում ջրում լողանանք, ասում են` թունավոր է, այդ ջուրն ու՞ր են տանում Արարատյան դաշտ, պոմիդորը ջրեն, որ բերեն պոմիդորով սպանե՞ն էդ ժողովրդին:

-…Միանշանակ համաձայն չենք, որ Սևանից ջուր բաց թողնվի: 15 տարի առաջ գնում էիր ափով, հոտից խեղդվում էիր, հիմա ահագին լավ է, մաքրվել է, ջուրը բարձրացել է, տեղ ունի բարձրացնելու, պիտի բարձրացնեն:

Սաթիկ Բադեյան` «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ

- Շատ կարևոր բան է, որ մեր երկրում երբևէ չի արվել արդյունավետության գնահատում, այսինքն` հաշվարկել շահածի և կորցրածի տարբերությունը: Իրականում կպարզվի, որ հազարապատիկ անգամ շատ ենք կորցնում, երբ որ Սևանից ջուր ենք վերցնում Արարատյան դաշտի անվան տակ: Նույն խնդիրն ունեցանք Արարատյան դաշտի արտեզյան ավազանի հետ: 6 տարվա մեջ 70 տոկոսով չորացավ արտեզյան ավազանը: Երբ այդ մասին ասում ես, ասում են Արարատյան դաշտի արտեզյան ավազանը վերականգնվող ռեսուրս է: … Ինչքան էլ Արարատյան դաշտին ջուր պետք լինի, պետք է հասկանան, որ չպետք է այդ ջուրը Սևանից ուզեն, որովհետև ԵԹԵ ՄԵՆՔ ԱՍՈՒՄ ԵՆՔ` ԵՐԱՇՏ Է ՈՒ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻՆ ՋՈՒՐ Է ՊԵՏՔ, ԱՊԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է` ԵՐԱՇՏ Է և ՍԵՎԱՆԻՆ ՇԱՏ ԱՎԵԼԻ Է ՋՈՒՐ ՊԵՏՔ:

… Տարի է եղել, որ հենց լճից անասունները ջուր խմեցին, սատկեցին Չկալովկայի տարածքում: Կապտականաչ ջրիմուռներով ծաղկած էր այդ տարածքը: Մակարդակը պետք է բարձրացնել բոլոր հնարավոր ձևերով, հավելյալ ջրառ քիչ անելով, Արփա Սևանով ջուր թողնելով: Հետևել անպայման, որ ձկնային պաշարները վերականգնվեն: Ցանցավանդակային տնտեսությունների հարցը պետք է լուծվի, չպիտի դրանք լինեն ջրում, կոյուղաջրերի հարցն է պետք լուծել:


Շարունակելի

16:09 Օգոստոս 09, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news