Արդյո՞ք ՀՀ կառավարությանը կհաջողվի «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածք ստեղծել

Արդյո՞ք ՀՀ կառավարությանը կհաջողվի «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածք ստեղծել

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը ցանկանում է «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածք ստեղծել: «Կենսոլորտային տարածքի ստեղծումը կապահովի տարածքի համար միջազգային ճանաչում՝ դրա կարևոր էկոլոգիական և մշակութային արժեքների շնորհիվ: Այն կապահովի նաև տեղական պարտավորությունների և տեղական հնարավորությունների վրա հիմնված մի մեխանիզմի գործունեություն, որն ուղղված է տարածքում պաշարների օգտագործման պատշաճ կառավարմանը, անհրաժեշտության դեպքում նաև պահպանությանը՝ ներկա և ապագա սերունդներին աջակցելու համար»,- նշված է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգում», որին գործադիրը հավանություն տվեց 2017թ-ի տարեվերջյան նիստում: ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվեց մեկ տարվա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը:

ԷկոԼուրը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանից հետաքրքրվեց, թե արդյոք, կենսոլորտային տարածքի վերածվելով, «Սևան» ազգային պարկը  կկորցնի իր պահպանման ռեժիմը: Ի պատասխան Կարեն Մանվելյանն ասաց. «Կենսոլորտային տարածքը կամ կոնսոլորտային արգելոցը բնության հատուկ պահպանվող տարածքի կատեգորիա չէ` ըստ IUCEN-ի: Այն ընդհանրապես մի քանի շահառուների կողմից հողօգտագործման ձևաչափ է, որն ուղղված է կայուն զարգացմանը առանց բնությանը վնաս տալու: Այն ունի 3 գոտի: Առաջինը` հիմնական գոտին, լինում է բնության հատուկ պահպանվող տարածքը (ԲՀՊՏ), երկրորդը բուֆերային գոտին է, որ լինում է պահպանվող տարածքի շուրջ, և կա անցումային գոտի, որտեղ լինում են հողօգտագործման տարբեր ձևեր` սկսած ինդուստրիայից, վերջացրած գյուղատնտեսությունով: Կենսոլորտային տարածքը կապ չունի «Սևան» ազգային պարկի հետ, դա պետք է հասկանան և կառավարությունում, և ազգային պարկում: Ազգային պարկը պետք է դառնա դրա կորիզը` հիմնական գոտու մասը, իր ամբողջ գոտիներով»:

Կարեն Մանվելյանը նշեց, որ կենսոլորտային տարածք ստեղծելու համար մեծ ներդրումներ են պետք: Օրինակ, Գերմանիայում կենսոլորտային տարածքում հողագործների համար պետությունը և Եվրամիությունը սուբսիդիաներ են տրամադրում: «Եթե ֆերմերներին որոշ գործողություններ արգելվում են, ապա նրանց ֆինանսավորում են, ասում են, օրինակ, այս տարածքը չմշակես, թող վայրի մնա, որովհետև թռչունների բնադրման կարևոր տարածք է: Մարդկանց էլ ձեռք է տալիս չմշակել և գումարը ստանալ: Այսպես, թե այնպես բիոսֆերային ռեզերվատի  գաղափարախոսությունը բերում է որոշակի սահմանափակումների և բուֆերային գոտում, և իհարկե, անցումային գոտում, դրա համար պետք է լինեն սուբսիդիաներ: Եթե ուղղորդում ես, որ մարդ դառնա «կանաչ», դու պետք է աջակցես նրան»,- ասաց Կարեն Մանվելյանը:

ԷկոԼուրի դիտարկմանը, թե հայեցակարգով նախատեսվում է զբոսաշրջային բիզնեսի զարգացում, Կարեն Մանվելյանը պատասխանեց. «Կենսոլորտային տարածքը չի ստեղծվում բիզնես զարգացնելու համար: Նպատակը հողերի բնապահպանական առումով ճիշտ օգտագործման ձևերի մեջ է, և այնտեղ կան որոշակի սահմանափակումներ ոչ միայն հիմնական, այլ նաև բուֆերային և անցումային գոտիներում: Մերոնք պատրա՞ստ են, օրինակ, որ Սոտքի հանքը դադարեցնի գործունեությունը և ավելի կանաչ դառնա: Իհարկե՝ ոչ: Գյուղացիները պատրաստ չեն առանց թունաքիմիկատներ օգտագործելու հող մշակել»:

Հայաստանը դեռևս չունի կենսոլորտային տարածքի կարգավիճակ ունեցող տարածք, ինչպես նաև չունի կենսոլորտային տարածքի պահպանման, օգտագործման վերաբերյալ դրույթներ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում: «Նոր օրենքում մենք ներառեցինք բիոսֆերային ռեզերվատի գաղափարը, թե ինչպես պետք է լինի, բայց այն հնանում է. 4 տարի է Ազգային ժողովում է: Գործող օրենքում չկա»,- ասաց Կարեն Մանվելյան:

15:39 Հունվար 12, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news