Գառնեցիները դիմել են վարչապետին` Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի շինարարական աշխատանքները դադարեցնելու հարցով

Գառնեցիները դիմել են վարչապետին` Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի                                                                      շինարարական աշխատանքները դադարեցնելու հարցով

ԷկոԼուր

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչները դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` խնդրանքով անհապաղ դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի շինարարական աշխատանքները: Միաժամանակ, բնակիչները դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին` պահանջելով անցկացնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նոր ծրագրի բնապահպանական փորձաքննություն և հանրային լսումներ:

Բնակիչները պնդում են, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի նոր տարբերակը, որն առաջարկվեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից գառնեցիների պայքարից հետո, չի քննարկվել համայնքում:  
«Մինչ օրս որևէ հանրային քննարկում մեր համայնքում չի իրականացվել, չեն գնահատվել այս նոր ծրագրի ռիսկերը Գառնի համայնքի և Ազատ գետի համար: Չկա նախագիծ, որից կհասկանայինք, թե Ազատ գետից որքան ջուր են տանելու Արարատի մարզի 12 համայնքների համար, և դրա արդյունքում ինչ ազդեցություն է կրելու Գառնի համայնքը, Ազատ գետը և Ազատի ջրամբարը… Ազատ գետին սակավաջրությամբ է սպառնում նաև Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը, քանի որ որոշվել է Գեղարդալճի ջրամբար ուղղել Ազատ գետի` Խոսրովի արգելոցով հոսող Գիլանլար վտակի ջուրը… Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ծրագրի իրականացման արդյունքում կցամաքի Ազատի ջրամբարը: Առանց այս ծրագրի էլ սակավաջրության պատճառով տարիներ են եղել, որ Ազատի ջրամբարը չի լցվել, և Ազատի ջրամբարից օգտվող համայնքների բնակիչները դուրս են եկել փողոց` ջուր պահանջելու», - մասնավորապես նշված է ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված նամակում:   

Հիշեցնենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը տանել Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքներ ոռոգման համար:

Քաղցրաշենի ծրագիրն իրականացվում է «Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի» շրջանակներում` Համաշխարհային բանկի տրամադրած վարկով: Ծրագրի արժեքը 10 միլիոն դոլար է:

15:08 Մարտ 28, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news