«Մուլտի գրուպ կոնցեռնը»-ը մտադիր է կրկնապատկել Մղարթի ոսկու հանքավայրի պաշարների արդյունահանման ծավալները. Մղարթի բնակիչները դեմ չեն

«Մուլտի գրուպ կոնցեռնը»-ը մտադիր է կրկնապատկել Մղարթի ոսկու հանքավայրի պաշարների արդյունահանման ծավալները. Մղարթի բնակիչները դեմ չեն

ԷկոԼուր

«Մուլտի գրուպ կոնցեռնը»-ը մտադիր է կրկնապատկել Մղարթի ոսկու հանքավայրի պաշարների արդյունահանման ծավալները` տարեկան 50 հազար տոննայից հասցնելով 100 հազար տոննայի: Հունվարի 31-ին ՀՀ Լոռու մարզի Օձունի համայնքապետարանում տեղի ունեցած հանրային քննարկումների ժամանակ մղարթցիները տվել են իրենց համաձայնությունը:  Այս մասին էկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ Լոռու մարզի Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը:

«Ծրագիրը 20 տարվա համար է, տարածքների մեծացում չի նախատեսվում, հանքի արտադրողականության ծավալներն են կրկնապատկվելու` նախկին տարեկան 50 հազար տոննայից կհասնեն մինչև 100 հազար տոննայի: Իրենց ունեցած տարածքում են աշխատելու, ավելի խորը հորիզոններից են հանքաքար արդյունահանելու: Տարածքների ավելացման մասին խոսք չի եղել», - ասաց Արսեն Տիտանյանը: Նա նշեց, որ  հիմա 30 հոգի է աշխատում հանքում, խոստացել են ևս 30 հոգու աշխատանք տալ: Դեմ է արտահայտվել միայն մեկ բնակիչ` նշելով, որ հանքի պատճառով փչանում են արոտները: Ընկերության ներկայացուցիչն էլ պատասխանել է, որ իրենց տարածքում արոտներ չկան: Ըստ համայնքապետի` ջրերի աղտոտման խնդիր չի առաջանա. Մղարթի աղբյուրներն այլ տարածքից են գալիս:

Հարցին` ինչ սոցիալական ծրագրեր են առաջարկել գյուղի համար, Տիտանյանը պատասխանեց. «Այդ հարցում մենք պետք է ակտիվ լինենք, փորձենք ներգրավել իրենց: Ես եմ առաջարկ արել, որ Մղարթի համար խմելու ջուր քաշեն, իրենք էլ համաձայնեցին»:

2005-2008թթ. Մղարթի հանքավայրի լրահետահուզման արդյունքում հաստատված պաշարներն են` C2 կարգի պաշարներ` հանքաքար` 1019.8 հազար տոննա, ոսկի` 3845.3 կգ, արծաթ` 4534.7կգ, P1 կարգի կանխատեսումային ռեսուրսներ` հանքաքար` 1654.0 հազար տոննա, ոսկի` 5240.3 կգ:

«Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերությունը Մղարթի ոսկու և արծաթի հանքավայրը սկսել է բաց եղանակով շահագործել 2005թ-ին: Հանքաքարից ոսկին կորզվել է 50 հազար տոննա արտադրողականությամբ հարստացման գործարանում գրավիտացիոն եղանակով: Արտադրական ջուրը վերցվել է Կողես գետից` 10.2լ/վ: Արտադրողականության կրկնապատկման պայմաններում անհրաժեշտ կլինի հարստացման գործարանը վերազինել, իսկ պոչամբարի տարածքն ընդլայնել: Ի դեպ, 2017թ-ի ամռանը պոչամբարի տարածքում ընթանում էին աշխատանքներ:

Հունվար 31, 2018 at 16:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր