Երևանցի արտադրողները լուծել են աղբից ազատվելու հարցը. լցնում են Գետառը. լուսանկարներ

Երևանցի արտադրողները լուծել են աղբից ազատվելու հարցը. լցնում են Գետառը. լուսանկարներ

armeniasputnik.am

Երևանի Շենգավիթ համայնքի Արցախի և Արին Բերդի փողոցների հարակից հատվածում Գետառը ոչ թե գետ է, այլ աղբատար։ Հարևան տարածքների տերերը հատուկ միջոցներ են հորինել աղբն ու թափոնները միանգամից գետը լցնելու համար։

Գետառի խնդիրը մայրաքաղաքից չի վերացել, ուղղակի քողարկվել է ու դրա շնորհիվ՝ մոռացվել։

«Երևանի կենտրոնում մենք գրեթե գետ չենք տեսնում, որ կարողանանք գնահատական տալ, թե ինչ վիճակում է գետը։ Ոչ ոք չի տալիս հստակ գնահատական` գետում աղբի կուտակում կա, թե ոչ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց բնապահպան, «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը։

Քաղաքի ծայրամասային հատվածներում, որտեղ Գետառը դեռ բաց է, գետի իրական վիճակը հստակ երևում է անգամ առանց հատուկ փորձաքննությունների։

Երևանի Շենգավիթ համայնքում, Արցախի և Արին Բերդի փողոցների հարակից հատվածում գետի հունը վերածվել է բաց աղբատարի։ Այստեղ հստակ երևում է, որ Գետառի հարևանությամբ գործող մեծ ու փոքր արտադրամասերը, ավտովերանորոգման կետերն ու բնակելի տներն իրենց կենցաղային աղբն ու տեխնիկական թափոններն առանց թաքցնելու լցնում են գետը։

Sputnik Արմենիայի թղթակցի արձանագրած լուսանկարներում պարզորոշ երևում է, թե որ հատվածում ու որ տնտեսվարողների տարածքից են դեպի գետն իջնում աղբի մշտական ուղիները։

Իսկ դեպի «Եվրոբազայի» հանրահայտ պահեստ–խանութ տանող ճանապարհի ձախ հատվածում` բեռնատար ավտոմեքենաների վերանորոգման կետում, որտեղ հիմնականում իրանական մեծ բեռնատարներն են կայանում, գետի վրա հատուկ երկաթյա վառարան է տեղադրված, որտեղ թափոնները նախ այրում են, հետո այրված մնացորդները լցնում են գետը։

Տարիներ առաջ նման մի մեխանիզմ էլ տեղադրվել էր Սևանի փողոցում` «Փեթակ» տոնավաճառի հարևանությամբ։ Բնապահպանների ու լրագրողների համառ ահազանգերից հետո քաղաքային իշխանությունները սեփականատիրոջը ստիպեցին հանել վառարանն ու փակել գետի աղտոտման ճանապարհը։

Բայց գետը փրկելուն ուղղված բնապահպանների այլ ահազանգերին ու ներկայացված փաստերին պատկան կառույցները չեն արձագանքում։

«Տարիներ առաջ քաղաքապետարանն ասաց, որ գետի վրա ուղղակի ինչ–որ ցանցապատնեշներ են տեղադրել, որտեղ աղբը պիտի կուտակվի ու հետո հավաքվի։ Բայց դա լուծում չէ»,– ասում է Զառաֆյանը։ Նրա խոսքով` քաղաքային իշխանությունը նախ պետք է ինքն իր համար հստակեցնի` այդ գետը Երևանին պետք է, թե ոչ։

«Մենք կարծում ենք, որ գետը պետք է լինի բաց։ Գետը փակ վիճակում անընդունելի է, մանավանդ, որ Երևանում ուրիշ ազատ շնչող գետ մենք չունենք։ Հրազդանն էլ գրեթե ամբողջությամբ փակ է տարբեր կառույցներով, կամուրջներով։ Ուղղակի գետի մեջ մենք ունենք օբյեկտներ, որոնք և՛ աղբ են թափում, և՛ կոյուղաջրեր են լցնում։ Մինչև 40 նման օբյեկտներ կան գետի ափին ու ուղղակի գետի մեջ կառուցված, որոնք ոչ մի կերպ չեն վերահսկվում։ Ինչով կարող էր շնչել մեր քաղաքը, մենք փակել ենք»,– ասաց բնապահպանը։

Բնապահպանության նախարարությունն ամեն տարի Գետառի ջրերի աղտոտվածության փորձաքննություններ է իրականացնում։

Մակերութային ջրերի մոնիտորինգ։ Եթե 2000թ–ին վտանգավոր նյութերի ու ծանր մետաղների պարունակությունը Գետառում թույլատրելի սահմանը գերազանցել էր 4-6 ³Ý·³Ù, 2005Ã.–ից սկսած որոշ նյութերի, օրինակ` ամոնիումի սահմանը գերազանցվել է 10 և ավելի անգամներ։

Բնապահպանության նախարարության հրապարակած վերջին` 2018թ–ի 3-րդ եռամսյակում իրականացված մոնիթորինգի արդյունքներով, Գետառի ջրի մեջ մանգանինի պարունակությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 3–8, վանդիումինը` 6-16, պղնձինը` 10-20, ալյումինիումինը` 1.2-1.5 անգամ։

Նախարարության ուսումնասիրության հիման վրա ջրի որակը գնահատվել է 5-րդ աստիճանով, որն ամենավատ ցուցանիշն է։

Լուսանկարները՝ armeniasputnik.am, Նելլի Դանիելյան

17:06 Հունվար 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news