«Արմօյլ» ՓԲԸ-ն Եղվարդում իրականացրել է ինքնակամ շինարարություններ՝ հակահրդեհային պահանջների խախտումներով. նախարարի պատասխանը՝ պատգամավորի հարցմանը

«Արմօյլ» ՓԲԸ-ն Եղվարդում իրականացրել է ինքնակամ շինարարություններ՝ հակահրդեհային պահանջների խախտումներով. նախարարի պատասխանը՝ պատգամավորի հարցմանը

ԷկոԼուր

«Արմօյլ» ՓԲԸ-ն սեփականության իրավունքով իրեն պատկանող Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղի թիվ 129/1, 129/2, 129/3, 129/4 և թիվ 2 արտադրամաս հասցեներում իրականացրել է ինքնակամ շինարարություններ: Այս մասին ի պատասխան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հարցմանը նամակով տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նշենք, որ խոսքը Եղվարդում նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման մասին է, ինչը առաջացրել էր բողոքի ալիք տեղի բնակիչների շրջանում: Եղվարդի Նատի թաղամասի բնակիչներն ահազանգում էին, որ գործարանը շատ մոտ է գտնվում բնակելի տներին ու այգիներին, և իրենք չեն կարող ապրել նման վտանգավոր արտադրության կողքին: Բացի այդ, գործարանը կառուցելիս նրանց կարծիքը հաշվի չի առնվել:

ՏԿԵ նախարարի պատասխան նամակում հաստատվում է բնակիչների մտահոգությունները. գործարանը կառուցվում է հակահրդեհային պահանջների խախտումներով, և պահպանված չէ անհրաժեշտ հեռավորությունը բնակելի տներից:

«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Կոտայքի մարզի Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 հասցեներում կառուցվող գործարանում կատարած ուսումնասիրության և ընկերության կողմից ներկայացրած գլխավոր հատակագծի քննարկումներից ելնելով  տեղեկացնում է, որ նշված գործարանը կառուցվում է ՀՀ-ում գործող շինարարական նորմերի հակահրդեհային պահանջների որոշակի խախտումներով: Մասնավորապես, որոշ տարողություններից մինչև ճանապարհ, բնակելի տներ և հարևան կազմակերպություն պահպանված չեն նվազագույն միջտարածությունները», - ասված է Սուրեն Պապիկյանի նամակում:

Նշենք, որ գործարանին հարակից գտնվում են «Ռիվալ» ՍՊԸ-ի այգիները: Ընկերության հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը դիմել էր ՀՀ կառավարության՝ պահանջով դադարեցնել գործարանի ապօրինի շինարարությունը:

Սուրեն Պապիկյանի նամակում նաև նշված է, որ, ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվության, ընկերությունը չունի շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական փորձաքննական եզրակացություն:

Ինքնակամ շինարարություններ իրականացնելու համար ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդին դեռ 2018 թ-ի մայիսի 30-ին ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվել է 200.000 դրամի չափով: Սակայն ընկերությունը տուգանքը վճարելուց հետո ոչ միայն չի վերացրել վարչական իրավախախտումը, այլ նաև շարունակել է ինքնակամ շինարարությունը, որից հետո կրկին կիրառվել է վարչական տուգանք՝ 2500000 դրամի չափով:

Մեր կողմից հավելենք, որ այս տարի ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք է դրել «Արմօյլ» ՓԲԸ-ի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող գույքի վրա: Սակայն չնայած ԴԱՀԿ-ի արգելանքին, «Արմօյլ»-ը շարունակեց նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարությունը: Ավելին, այս տարվա ամռանն ընկերությունը փորձարկել էր գործարանը:

Դիտեք «Արմօյլ» ՓԲԸ-ի գործունեության մասին internews.info-ի նկարահանած հատուկ ռեպորտաժը:



13:28 Նոյեմբեր 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news