Լրատվամիջոցների անդրադարձը՝ շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության սահմանափակման օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակին

Լրատվամիջոցների անդրադարձը՝ շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության սահմանափակման օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակին

ԷկոԼուր

ԷկոԼուրը ներկայացնում է ԶԼՄ-երի անդրադարձը՝ կապված շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության սահմանափակման օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: 

Սահմանափակելով բնապահպանական տեղեկատվությունը՝ սահմանափակում են քաղհասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին

hetq.am, Գրիշա Բալասանյան

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել Հայաստանում բնապահպանական տեղեկատվության սահմանափակումների մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ դրանով խախտվում է իշխանությունների որդեգրած հրապարակայնության (թափանցիկության) սկզբունքը:

Արտակարգ իրադրության պայմաններում, երբ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է կորոնավիրուսի տարածման և հետագա սոցիալ-տնտեսական վնասների կանխարգելման վրա, երեկ կառավարությունը հավանության է արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության հեղինակած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությունը: Հարցը եղել է չզեկուցվող, այսինքն՝ նիստի ժամանակ քննարկում չի եղել:

Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են օրենքի տեղեկատվության ազատության սահմանափակումներ սահմանող հոդվածում ավելացնել նոր մաս, որով «շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։

Նախագծում բերված հիմնավորումը հետևյալն է. «Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում սահմանված են հիմքեր, որոնց պարագայում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել։ Քանի որ Կոնվենցիայով սահմանված հիմքերի զգալի մասը ներկայացված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, հետևապես` անհրաժեշտություն է առաջացել օրենքում լրացնել միայն կոնվենցիայով սահմանված մերժման հիմքը։

«Այս բացառությունը հնարավորություն է տալիս Կառավարությանը պահպանել որոշ վայրեր, ինչպիսիք են հազվագյուտ տեսակների բազմացման վայրերը, ինչպես նաև դրանց շահագործումը՝ ընդհուպ գաղտնի պահելով վերջիններիս տեղակայման վայրերը։ Այս դրույթն առաջին հերթին երաշխիք-նորմ է, ինչը թույլ է տալիս պետական մարմիններին հաշվի առնել այն վնասը, որը կարող է հասցվել շրջակա միջավայրին՝ տեղեկատվության բացահայտման կամ չբացահայտման վերաբերյալ որոշում կայացնելիս»,- նշված է հիմնավորման մեջ։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մի շարք հասարակական կազմակերպություններ արդեն հայտնել են իրենց մտահոգությունն այս նախագծի առնչությամբ, և ինքն էլ կարծում է, որ այդ օրենսդրական առաջարկությունը պետք է շուտափույթ հանվի շրջանառությունից:
Ինգա Զարաֆյանը նշեց, որ թեև նախագծի հեղինակ Շրջակա միջավայրի նախարարությունը պատճառաբանությունների հիմքում դրել է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայի համապատասխան դրույթը, սակայն ընտրողաբար է մոտեցել հարցին, ինչը չի համապատասխանում կոնվենցիայի նպատակներին և արդարացված չէ: Նրա կարծիքով՝ կոնվենցիայի հիմնական նպատակը քաղհասարակության լիարժեք մասնակցությունն է բնապահպանական հարցերի քննարկմանը, որոշումների կայացմանը:

«Եթե հիմա սահմանափակում ենք տեղեկատվության մատչելիությունը, ուրեմն սահմանափակում ենք նաև քաղհասարակության մասնակցության հնարավորությունները»,-ասում է Ի. Զարաֆյանը:

Մեր զրուցակիցը նշում է, որ լրագրողները պարբերաբար ցանկացել են մասնակցել հանրային քննարկումներին, սակայն գրեթե միշտ հանդիպել են խոչընդոտների, ինչի մասին բարձրաձայնել են: Հույս են ունեցել, որ նախարարությունը կվերանայի իր գործելաոճը, սակայն ճիշտ հակառակը՝ նորանոր բացասական դրսևորումներ են ի հայտ գալիս:

Նույն մտահոգությունները Ի. Զարաֆյանը հայտնեց նաև Բնապահպանության և ընդերքի տեսչության վերաբերյալ՝ ասելով, որ վերջինը սկսել է չհետևել ահազանգերին: «Եթե նախկինում մամուլի, սոցիալական ցանցերի հրապարակումները հիմք էին ընդունում, ապա այժմ այդ ինտերակտիվ կապը դադարել է գործել, արձագանքում են միայն այն հրապարակումներին, որոնք ուղարկվում են տեսչության պաշտոնական հասցեին»,- նշում է բնապահպանական ՀԿ-ի ղեկավարը:

Ինգա Զարաֆյանի կարծիքով, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություն կատարելու համար պետք է հանրային քննարկում ծավալել, հատկապես, երբ հասարակական կազմակերպություններն ի սկզբանե բացասական գնահատական են տվել նախագծին:

«Նրանք փորձեցին անցկացնել, ինչը հաջողվեց՝ օգտվելով երկրում կորոնավիրուսի հետ կապված խիստ ռեժիմի վիճակից: Բայց ուզում եմ ասել, որ իրենք մինչև վերջ չեն հաջողվելու, քանի որ արդեն ունենք միջազգային կազմակերպությունների արձագանքը: Բացի այդ, այն քաղաքացիները, ովքեր մտահոգ են բնապահպանական վիճակով, վարվող քաղաքականությամբ, դեմ են այդ նախագծի ընդունմանը և առաջիկայում գրավոր հայտարարություն կուղարկվի և' Ազգային ժողով և' կառավարություն»,-ասում է Ինգա Զարաֆյանը:

Նա չգիտի, թե կառավարությունն ինչ նպատակով է այդ նախագծին հավանություն տվել, բայց քանի որ նախագիծը բերել է Շրջակա միջավայրի նախարարությունը, ցույց է տալիս այդ գերատեսչության գործելաոճը:

«Ուղղակի չշփվել, սահմանափակել քաղաքացիական հասարակության հետ շփումը և նրան հեռու պահել նախարարության որոշումների վրա ազդեցության պրոցեսից»,-հավելեց Ինգա Զարաֆյանը:

«Հետք»-ը ևս պարբերաբար բախվում է Շրջակա միջավայրի նախարարության մերժողական դիրքորոշումներին՝ տեղեկատվություն ստանալու հարցում: Այդ գործելաոճը գալիս է դեռևս նախորդ իշխանություններից և շարունակվում է այսօր: Դեռևս 2014թ. ստիպված ենք եղել դիմել վարչական դատարան՝ պահանջված տեղեկատվությունը ստանալու պահանջով, եւ մեր հայցը բավարարվել է:

Լուռումունջ ընդունված որոշման մեծ աղմուկը. նախարարության գործելաոճը զարմացրել է ՀԿ–ներին

armeniasputnik.am, Նելլի Դանիելյան

Քաղաքացիական հասարակության անդամները կառավարությունից պահանջում են հետ կանչել արտակարգ դրության քողի տակ հապճեպ ընդունած նախագիծը։ Շրջակա միջավայրի նախարարությունը փորձում է լրացնել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։

Ապրիլի 2–ին ՀՀ կառավարությունը հերթական նիստում լուռումունջ ընդունեց մի որոշում, որի շուրջ մասնագիտական շրջանակներում արդեն մեծ աղմուկ է բարձրացել։

Խոսքը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծի մասին է, որով Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է սահմանափակել ոլորտին առնչվող տեղեկատվության տրամադրումը։

Նշենք, որ նախարարության այս առաջարկը կառավարության վերջին նիստում ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման, միաձայն։

Ճգնաժամային իրավիճակում կառավարության այս գործելաոճը քաղաքացիական հասարակության համար, մեղմ ասած` անհասկանալի է։

«Այս հապճեպությունը չենք կարողանում հասկանալ։ Այն էլ այս պայմաններում, երբ բոլորի ուշադրությունը բոլորովին այլ կողմում է, այլ կարևոր կենսական թեմաների է ուղղված, այս նախագիծն առանց զեկուցման կառավարության նիստով անցկացնելը ես համարում եմ շատ սխալ Շրջակա միջավայրի նախարարության կողմից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

Հիշեցնենք` ընդունված որոշմամբ առաջարկվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լրացնել հետևյալ կետով. «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։

Թեև կառավարության հաստատած նախագիծը դեռ պետք է գնա խորհրդարան ու միայն ԱԺ–ում ընդունվելուց հետո օրենքի ուժ ստանա, քաղաքացիական հասարակությունն արդեն իսկ անհանգստացած է դրա հնարավոր հետևանքներից։

Շուշան Դոյդոյանի համոզմամբ՝ նախագիծը լայն հնարավորթւյոյւն է ընձեռում Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյաներին՝ կամայականություն, հայեցողություն դրսևորելով, մերժել իրենց համար անցանկալի ցանկացած տեղեկատվության տրամադրումը։

«Սրանով նախարարությունն առաջարկում է ևս մեկ մերժման հիմք ավելացնել, ընդ որում, այդ հիմքը խիստ ընհանրական, անորոշ է ձևակերպված, ինչը թույլ է տալիս ցանկացած տեղեկատվություն մտցնել այս ձևակերպման տակ և մերժել: Իսկ ո՞վ է գնահատելու և ի՞նչ չափանիշներով, թե որ տեղեկատվությունն ինչպիսի բացասական հետևանք կարող է ունենալ շրջակա միջավայրի վրա: Այս մասին իրենք լռում են»,-ասաց Դոյդոյանը։

Նախագծի հիմնավորումներում նախարարությունը հղում է անում Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածին, որը ևս նախատեսում է, որ «շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել, եթե այդպիսի տեղեկատվության հրապարակումը բացասաբար կանդրադառնա շրջակա միջավայրի վրա, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը, օրինակ՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը, սակայն, պնդում է, որ կոնվենցիայի նշված դրույթի սխալի թարգմանության հետևանքով դրա իրական իմաստը խեղաթյուրվել է։

«Եթե համեմատենք հայերեն ու անգլերեն տեքստերը, պարզ է դառնում, որ կոնվենցիան թույլ է տալիս սահմանափակել միայն հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին վերաբերող տեղեկատվությունը, ոչ թե ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ շրջակ միջավայրի վրա»,– ասաց նա։

Բացի այդ, Դոյդոյանի համոզմամբ, տեղեկատվության հնարավոր սահմանափակումները պետք է ամրագրվեն ոչ թե «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես դա փորձում է անել Շրջակա միջավայրի նախարարությունը, այլ ոլորտային օրենսդրության մակարդակով: Հակառակ դեպքում՝ օրենքը, Դոյդոյանի ձևակերպմամբ, կվերածվի «սահմանափակումների հաստափոր գրքի»։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նաև հայտարարում են, որ օրենքի նախագիծը հանրային քննարկում չի անցել։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft-ում, հրապարակվել է մի բան, կառավարությունն ընդունել է մեկ այլ բան։

Բնապահպանական տեղեկատվության նման սահմանափակումը սպառնում է նաև բնապահպանների գործունեությանը, որոնք անհրաժեշտ տեղեկատվություն չունենալով՝ զրկված կլինեն նաև առկա խնդիրները բարձրաձայնելու հնարավորությունից։
«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ օրենքը գրված է բացառապես նախարարության ապօրինի գործունեության համար օրինական հիմք ստեղծելու նպատակով։

«Նրանք անընդհատ մերժում են մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել։ Տեղեկատվությունը չի հրապարակվում նախարարության պաշտոնական կայքում։ Սրանով իրենք փորձում են իրենց այդ գործելաոճին «օրինական» հիմնավորում տալ։ Տարիներ շարունակ Բնապահպանության նախարարությունը հին, նոր, տարբեր նախարարների օրոք այդ փորձն արել է»,– ասաց Զարաֆյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք հույս ունեին, որ ՀՀ ներկայիս կառավարությունը նման օրինագիծ չի հաստատի, բայց քանի որ փաստն արդեն կա, այժմ փորձում են կանխել դրա խորհրդարան մտնելը և կառավարությունից պահանջում են հետ կանչել օրինագիծը։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն արդեն հանդես են եկել հայտարարությամբ։ Այս պահին այն բաց է, ցանկացողները կարող են միանալ: Իսկ երկուշաբթի օրը հայտարարությունը կներկայացվի կառավարությանը։

Իր հերթին Շրջակա միջավայրի նախարարությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ Օրհուսի կոնվենցիայի վերոհիշյալ հոդվածի կետը բառացի թարգմանությամբ է ներկայացվել նախագծում։

Նախագիծն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից և կքննարկվի Ազգային Ժողովում։

«Գործող օրենսդրությամբ, եթե, օրինակ, որևէ անձ պահանջի տեղեկատվություն кавказский леопард ի բնադրավայրի վերաբերյալ՝ մենք պարտավոր ենք հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը տրամադրել»,– ասված է նախարարության հայտարարության մեջ։

Այդուհանդերձ, նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ՀՀ օրենսդրությանն ու միջազգային պարտավորություններին համապարատասխան առաջարկները ներառել նախագծում։

Վտանգավոր փոփոխություն, թե՞ կենդանիների ու բույսերի պաշտպանություն․ աղմկահարույց նախագծի հետքերով

factor.am, Ռոբերտ Անանյան

Ապրիլի 2-ին կառավարությունը հավանություն է տվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությանը, որով Շրջակա միջավայրի նախարարությունը իրավունք է ստանում մերժել այն տեղեկատվության տրամադրումը, որը կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա։ Այս փաստը դժգոհություն է առաջացրել քաղհասարակության, լրագրողական կազմակերպությունների շրջանում, որոնք հաճախ են նախարարությունից այսպիսի տեղեկություն հայցում։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է՝ իրենք այս նախագծի ներկայացման հենց առաջին օրվանից բարձրաձայնում են խնդիրները՝ կոչ անելով նախարարությանը զերծ մնալ գաղտնիություն սահմանող այս դրույթից․ «Իրենք սխալ են թարգմանել Օրհուսի կոնվենցիայի այն դրույթը, որին հղում են անում, և ամբողջ բովանդակությունն աղճատվել է։ Կոնվենցիայում խոսվում է բացառապես այն տեղեկատվության հնարավոր սահմանափակման մասին, որը վերաբերում է հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին, իսկ իրենց նախագծով ստացվում է, որ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվություն կարող է սահմանափակվել, այդ թվում նաև՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի մասին։ Այսինքն՝ և՛ նա են դրել, և՛ նա։ Նախարարության մի պաշտոնյա կարող է ասել՝ դա կարող է վնաս հասցնել, վերջ, ուրեմն չենք տրամադրում»։

Շուշան Դոյդոյանն ասում է նաև, որ նախագիծը մշակվել է առանց քաղհասարակության ներկայացուցիչների, չի կազմակերպվել պատշաճ հանրային քննարկում, ինչը նշանակում է, որ այս փոփոխությունը խախտում է կառավարության որդեգրած թափանցիկության սկզբունքը, սահմանափակում է բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հանրային վերահսկողությունը։ Բայց ամենագլխավորը, ըստ նրա, այն է, որ նախագծով որպես տեղեկություն տրամադրելու մերժման հիմք չեն բերվում հստակ չափանիշներ: «Ո՞վ և ո՞նց է գնահատելու։ Կամայական մեկնաբանության մեծ տեղ է մնում, հստակություն չկա։ Սա վտանգավոր փոփոխություն է, որովհետև հնարավոր կլինի ամբողջությամբ սահմանափակել բնապահպանական տեղեկատվության մատչելիությունը և խնդիրներ առաջացնել մեր միջազգային պարտավորությունների կատարման առումով»,- ահազանգում է Դոյդոյանը։

Տեղեկության տրամադրման սահմանափակում ենթադրող այս նախագծի հրապարակումը edraft․am հարթակում, ըստ աշխարհագրագետ Լևոն Գալստյանի, չի բերում լուրջ մասնագիտական քննարկումների, և դա բավարար չէ, որ նախագիծը քննարկված համարվի․ «Դա ֆիկտիվ գործիք է դարձել։ Երբ նախարարությունը փորձում է նման օրենքի փոփոխություն անել, գոնե այդ շրջանակներին բախվող կազմակերպությունների ու մասնագետների հետ կարող է դեմ առ դեմ քննարկում անել, հետո նոր դնել edraft․am-ում, ինչը չի արվել։ Այսինքն ասում են՝ ինչ ուզում եք ասեք, մեկ է՝ մենք կանցկացնենք»։ Լևոն Գալստյանի դիտարկմամբ՝ նախագծի ամենամեծ ռիսկը բնապահպանական կազմակերպությունների ձեռքից վերահսկողական գործիքներ վերցնելն է: «Եթե տեղեկատվության տրամադրման մերժումը սահմանող այս նախագիծն ընդունի ԱԺ-ն, բնապահպանական կազմակերպությունները չեն կարողանա պարզել, օրինակ՝ կա՞ն Կարմիր գրքում գրանցված առանձնյակներ այն տարածքում, որտեղ պատրաստվում է տնտեսական գործունեություն ծավալել հանք արդյունահանող կամ ՀԷԿ կառուցել պատրաստվող ընկերությունը։ Պարտադիր պայման կա, որ տնտեսական գործունեությունը պիտի չվնասի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ու բուսատեսակների ապրելավայրերին ու չպետք է իրենց կենսագործունեությունը խանգարվի։ Հիմա մենք ի՞նչ իմանանք՝ խանգարվո՞ւմ է կենսագործունեությունը, եթե չի տրվում տեղեկատվություն։ Կստացվի՝ այդ տեղեկությունը գիտեն միայն նախարարությունն ու տնտեսական գործունեություն ծավալողը, մյուսներս չենք կարողանա իմանալ։ Մեր հարցմանը կարող են իրենք մերժել, հիմնավորելով, որ օրենքը թույլ է տալիս հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի մասին տեղեկություն չտալ»,- մտահոգություն է հայտնում Լևոն Գալստյանը։

Թեև այս նախագծում հղում է կատարվում Օրհուսի կոնվենցիային, սակայն, ըստ բնապահպան Ինգա Զարաֆյանի, կոնվենցիայի նպատակներին այն չի համապատասխանում։ Մասնավորապես, Օրհուսի կոնվենցիան նաև պաշտպանում է քաղհասարակության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացին, ինչին պետք է նպաստի տեղեկատվության ստացումը․ «Այդ նախագիծը շատ անորոշ է, հստակ չեն չափանիշները։ Եվ ինչքան անորոշ է, այնքան տեղ է տալիս կամայական որոշումների։ Այդ նախագծից երևում է, որ ամեն մի դրվագով նախարարությունը պաշտպանում է ոչ թե բնապահպանական, այլ բիզնես շահերը»։ Զարաֆյանի գնահատմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարությունը ամեն ձևով սահմանափակում է քաղհասարակության մասնակցությունը, ինչպես, ասաց, սահմանափակվել է իրենց մասնակցությունը հանրային լսումներին, և խախտվել են իրենց իրավունքները․ «Շատ ավելի լավ կլիներ, եթե նախարարությունը ուշադրություն դարձներ, թե ինչպես պետք է պահպանվեն հազվագյուտ տեսակները, խստացներ հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը։ Կամ օրինակ՝ չեղյալ համարեր կառավարության որոշումն Ամուլսարի մասով, երբ նախարարությունը դրական եզրակացություն է տվել այն դեպքում, որ հանքավայրի տարածքում հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված տեսակ, և նրանք համաձայն են, որ այն տեղափոխվի այլ տարածք, ինչն ընդհանրապես հակասում է մեր օրենքին, Կենսաբազմազանության մասին կոնվենցիային։ Դա թողած՝ ոչ օրինական սահմանափակումները փորձում են դարձնել օրինական»։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով քաղհասարակության հնչեցրած մտահոգություններին՝ ասում է, որ այս նախագիծը շատ պարզ մի խնդիր է լուծում․ «Այսօրվա ՀՀ օրենսդրությամբ, եթե որևէ բարի կամեցող քաղաքացի հարցում ուղարկի նախարարություն և ուզենա, օրինակ, իմանալ բեզոարյան այծերի ամենաշատ տեղակայման վայրերը կամ կովկասյան ընձառյուծի կոնկրետ ապրելավայրերը և այլն, այդ տեղեկատվությունը մենք պետք է տրամադրենք։ Օրենքի փոփոխության իմաստն այն է, որ կենդանական, բուսական աշխարհին վնաս պատճառելու դեպքում հնարավոր լինի այդ տեղեկատվությունը չտալ»։

Բնապահպանների ու խոսքի ազատության պաշտպանների դիտարկմանը, թե իրենց կարծիքը հաշվի չի առնվել, նախարար Գրիգորյանը պատասխանեց ՝ նախարարությունում քննարկում եղել է, լսումներ՝ նույնպես, բացի այդ՝ նախագիծն արդեն 6 ամիս դրված է edraft․am հարթակում, սակայն մինչ օրս ընդամենը մեկ առաջարկ է ներկայացվել. «Կառավարությունը հավանություն է տվել այս օրենքի նախագիծն Ազգային ժողով ուղարկելուն, և մենք ամբողջովին բաց ենք քննարկելու։ Եթե լինեն առաջարկներ, դրանք կարող ենք քննարկել»։ Նախարարը տեղեկացրեց, որ մինչ այս նախարարություն հարցումներ են ստացվել այս նախագծի շուրջ՝ ոչ բովանդակային, թե՝ ի՞նչ դրամաշնորհ է ստացվել, ովքե՞ր են եղել նախագիծը կազմած փորձագետները և այլն։ Իսկ այն մեկնաբանությունները, թե Օրհուսի կոնվենցիայից չի բխում այս նախագիծը, որ կան թարգմանչական սխալներ և ընտրողական մեջբերում, նախարարը չկիսեց․ «Հիմա ասում են, թե դա Օրհուսի կոնվենցիայից չի բխում։ Բայց այն կետը, որ դրված է նախագծում, ուղիղ Օրհուսի կոնվենցիայից է, որը Հայաստանը ստորագրել է և ՀՀ-ի օրենսդրության մասն է կազմում երկար տարիներ։ Այդ կետից բառացի, ուղիղ տեղայնացումն է տրված։ Մեր խնդիրն այն է, որ հնարավորություն ունենանք չտրամադրել այն տեղեկատվությունը, որը կարող է վտանգել հազվագյուտ տեսակները»։ Իսկ թե ինչու է նախագիծը կառավարություն ներկայացվել որպես չզեկուցվող հարց, նախարար Էրիկ Գրիգորյանը պարզաբանեց՝ արդեն իսկ քննարկված նախագծերը լինում են չզեկուցվող, իսկ կորոնավիրուսի այս օրերին կառավարության նիստերում զեկուցվող հարցերը առավելապես կորոնավիրուսի թեմայով են, որպեսզի հասարակությունը տեղեկություն ստանա ծրագրերի մասին։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունն ուղարկվել է Ազգային ժողով։

Լուսանկարը՝ factor.am

14:48 Ապրիլ 04, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news