Արարատյան արտեզյան ավազանում բարձրացել է քաղցրահամ խմելու ջրերի հանքայնացումը և կոշտությունը

Արարատյան արտեզյան ավազանում բարձրացել է քաղցրահամ խմելու ջրերի հանքայնացումը և կոշտությունը

ԷկոԼուր     

Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի ինքնաշատրվանող գոտում հորատանցքերի ոչ ճիշտ շահագործման հետևանքով բարձրացել է քաղցրահամ խմելու ջրերի հանքայնացումը և կոշտությունը: Այս մասին հայտարարեց ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը նոյեմբերի 10-ին «Հայաստանում բնական՝ հանքային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու բնապահպանական կառավարումը. խնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով աշխատաժողովի ժամանակ:

«Հայաստանի տարածքի ստորերկրյա ջրերի 70 տոկոսն ընկած է Արարատյան արտեզյան ավազանում: Այսօր նրա ռեսուրսները հաշվում են մոտավորապես 75 խմ/վրկ, որից ջրառը ճնշումային հորիզոններից, ըստ «Մաքուր էներգիա և ջուր» կազմակերպության ուսումնասիրությունների արդյունքների, կազմում է մոտավորապես 55 խմ/վրկ, որից 30-33 խմ/վրկ վերցնում են ձկնային տնտեսությունները:

Այն պատճառով, որ չեն պահպանվել շատրվանող հորատանցքերի միջև տարածությունները, խախտվել է կապը տարբեր հիդրավլիկ ճնշումային հորիզոնների միջև: Դրա հետևանքով մեծացել է ջրերի հանքայնացումը: Եթե նախկինում խմելու ջրի հանքայնացումն եղել է 0.3 գրամ/լիտր, այսօր դարձել է արդեն 0.7 գրամ/լիտր: Մաքսիմալ սահմանը 1 գրամ/լիտրն է, դրանից բարձր արդեն այդ ջուրը դառնում է ոչ պիտանի խմելու համար: Կոշտությունն էլ դարձել է 4-ից 7: Եթե այսպես շարունակվի, ապա խմելու ջուրը, որն ունենք Արարատյան արտեզյան ավազանում, որպես խմելու ջուր կկորցնի իր որակը և այլևս պիտանի չի լինի խմելու համար», - հայտնեց Մարատ Գրիգորյանը:

Նոյեմբեր 11, 2015 at 16:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր