Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի պատասխանատուները գողթեցիների պահանջը կներկայացնեն ՀՀ կառավարություն

Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի պատասխանատուները գողթեցիների պահանջը կներկայացնեն ՀՀ կառավարություն

ԷկոԼուր

Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի պատասխանատուներն այսօր հանդիպել են Կոտայքի մարզի Գողթ համայնքի բնակիչների հետ: Ինչպես ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում հայտնեց Գողթի բնակիչ Վահրամ Սեդրակյանը, գողթեցիները պահանջել են Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը չկապել իրենց ոռոգման համակարգի հետ:

Գեղարդալճի ծրագրով նախատեսվում է Գեղարդալիճ ջրամբարի պատվարի բարձրացում եւ 3.4 միլիոն խմ ջրի ամբարում ներկայիս 2.4 միլիոն խմ-ի փոխարեն եւ ինքնահոս եղանակով  ջուր է մատակարարվելու Գողթ, Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ համայնքներին, «Ջրվեժ- Ձորաղբյուր» այգեգործական միությանը և «Ջրվեժ» անտառ պուրակի 1448 հա գյուղատնտեսական հողերի ոռոգման համա:

Ըստ Վահրամ Սեդրակյանի՝ ծրագրի պատասխանատուներն ասել են, որ Գեղարդալճի պատվարը վթարային վիճակում է եւ պետք է վերականգնվի: Բնակիչներն էլ պնդել են, որ ծրագիր կազմեն պատվարը, ոռոգման ներցանցային համակարգը  վերականգնելու համար, այլ ոչ Գեղարդալճից ջուր տանելու վերաբերյալ: Ծրագրի պատասխանատուները նաեւ ասել են, որ կարող են Գեղարդալիճը բացի Կարմիր գետից լցնել նաեւ Գիլանլարի ջրով, եւ այնուհետեւ, ներդրողներին ներկայացնելով ջրի պաշար, ֆինանսներ կհայթհայթեն նոր ջրամբար կառուցելու համար: Բնակիչները չեն համաձայնվել: «Ասացինք, որ Կարմիր գետում այդքան ջուր չկա, որ ջրամբարը այդքան լցվի, որ լրացուցիչ հողատարածքներ ոռոգեք: Ջուրը մեր հողերին էլ չի բավականացնում: Իրենք ասացին, որ ջրամբարը անընդհատ կլցվի: Մենք էլ ասացինք, որ ջրամբարը սնող ջրային աղբյուրները գոյանում են սելավներից եւ առավելագույնը 1ամսվա կյանք ունեն»,- էկոԼուրին պատմեց Վահրամ Սեդրակյանը: Ըստ նրա՝ ծրագրի պատասխանատուները խոստացել են բնակիչների պահանջը ներկայացնել կառավարություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Գողթի համայնքապետի, Գողթի բնակիչների եւ Կոտայքի մարզպետի միջեւ, որ մինչեւ գողթեցիների պահանջը չկատարվի, շինարարական աշխատանքներ չեն սկսվի:

16:04 Հունիս 07, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news