Արարատյան դաշտի ջրերի անխնա շահագործման ռիսկերը կարող են դառնալ անկառավարելի

Արարատյան դաշտի ջրերի անխնա շահագործման ռիսկերը կարող են դառնալ անկառավարելի

ԷկոԼուր

Արարատյան դաշտի օգտագործվող ստորգետնյա ջրերի 15 % -ից ավելին արդյունահանվում է 150 մետր նիշից ցածր գտնվող խորքային հորերից: Եվս 35 %-ը գտնվում է 100-150 մետրի վրա: Այս տվյալները ներկայացված են «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության/ԳԱՏՕ/» ծրագրում, որն իրականացվում է USAID-ի աջակցությամբ: Դեկտեմբերի 16-ին անցկացված ծրագրի շնորհանդեսի մասնակիցների մեծամասնության համաձայն՝ դա ծայրահեղ վտանգավոր վիճակ է և կարող է բերել Արարատյան դաշտի հիդրոռեսուրսների անկառավարելի կորուստների:

Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականին հայտնի հիդրոերկրաբան Ռուբեն Յադոյանը զգուշացնում էր. «Չի կարելի Արարատյան դաշտի ջուրը հզոր պոմպով քաշել: Ջրի երեք հորիզոն կա, վերևի հորիզոնը քաղցրահամ է, բայց խմելու չէ: Ներքևի երկու հորիզոնն են խմելու: Նրանք կխառնվեն, շարքից դուրս կգան, հետո հնարավոր չի լինի վերականգնել»:
Ծրագրի արդյունքները մոտ են Ռուբեն Յադոյանի գնահատականին, իսկ իրավիճակը նման է ճգնաժամայինի: Այսպիսով, պոմպերով հորերից հանվում է ավելի շատ ջուր, քան ինքնահոսով. հարաբերակցությունը հետևյալն է. 32387.3 լ/վրկ հանվում է պոմպերով 680 հորերից, 31596.3 լ/վրկ հանվում է ինքնահոսով 1115 հորերից: Արարատյան դաշտում ընդհանուր առմամբ 2807 հոր կա, որոնց մի մասը կոնսերվացված է:

Պոմպերով ջրի հիմնական սպառումն ընկնում է ոռոգման համակարգին՝ 25800 լ/վրկ: Ձկնային տնտեսությունները վերցնում են 892.8 լ/վրկ ջուր: Ընդ որում, ձկնային տնտեսությունները վերցնում են ինքնահոս հորերի գրեթե ողջ ջուրը՝ 24.759 լ/վրկ: Խմելու և կենցաղային ջրի մասնաբաժինը կազմում է 4903.5 լ/վրկ (ինքնահոսով) և 4272.6 լ/վրկ (պոմպերով): Իսկ ձեռնարկությունների, այդ թվում Հայկական ատոմային էլեկտրակայանի մասնաբաժինը կազմում է 805.3 լ/վրկ:

Ջրառի հիմնական մասն ընկնում է Արարատյան դաշտի կենտրոնական շրջանում, Արարատի և Արմավիրի մարզի հարակից տարածքներում: Հորերի անհավասար բաշխումը նաև ազդում է Արարատյան դաշտի ողջ ջրային համակարգի անհավասարակշռության վրա:

Ծրագիրը նաև առաջարկում է որոշ լուծումներ, բայց հարցականի տակ է մնում երկու չլուծված խնդիր: Առաջինը՝ ինչ անել ջրօգտագործման թույլտվությունների հետ, որոնք տրված են ի հակառակ օրենսդրական կարգով ամրագրված գործող նորմերի: Այսպիսով, առանց թույլտվության շահագործվում է 541 հոր, որոնք ծախսում են ընդամենը 7131 լ/վրկ: Ընդ որում, թույլտվություններով շահագործվում է 991 հոր՝ 40079 լ/վրկ ծախսով: Դրանց ավելանում է ևս 149 հոր՝ 3609 լ/վրկ ջրի ծախսով, որոնց թույլտվությունները վերաձևակերպման ընթացքի մեջ են: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ կոնսերվացված հորերից նույնպես տեղի է ունենում ջրի արտահոսք:

Հաջորդ խնդիրն այն է, որ ծրագրի շարունակությունը պահանջում է մեծ ծախսեր:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ծրագրի շնորհանդեսին հայտարարեց. «ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության հիմքում արժևորվում են էկոհամակարգային մոտեցումները: Այս տեսանկյունից անհրաժեշտություն կա ոլորտում վերանայել վարվող քաղաքականությունը, հետևողականորեն իրականացնել այնպիսի սահմանափակումներ, որոնք ջրի օգտագործումը կբերեն լիարժեք կանոնակարգման դաշտ` այն դարձնելով առավել կարգավորված, թիրախավորված` ի նպաստ էկոհամակարգի պահպանման և զարգացման: Մեր զարգացման հիմնական մոդելում, որպես կարևորագույն տարր, պետք է դրվի լիարժեք կարգավորվող ջրային համակարգը»,- նշեց բնապահպանության նախարարը:

Այստեղից հետևություն, որ կառավարությունը պետք է իր բյուջեում ներառի ծախսեր նման ծրագրերի իրականացման և շարունակության համար: Դեռևս մեր ջրի ռազմավարական պաշարների համար անհանգստանում են դոնորները՝ պայմանով, եթե չփոխվեն իրենց առաջնահերթությունները:

13:40 Դեկտեմբեր 21, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news