
ԷկոԼուր
ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի գոտին բնակելի տարածք չէ: Այս մասին «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆաինա Վարդանյանը: Նրա խոսքով` այդ տարածքում կա ընդամենը երկու տնակ, որտեղ մշտական բնակիչներ չկան: Տնակների տերերը դրանք օգտագործում են որպես ժամանակավոր կացարան անասուններին արածեցնելու ժամանակ: Նրանց զգուշացվել է վտանգի մասին, տարհանման խնդիր սողանքի գոտում չկա:
Նշենք, որ հունվարի 21-ին Թումանյան համայնքում ակտիվացել էր սողանքային գոտի: Ակտիվացած սողանքի հետևանքով ձորալանջի մի մեծ հատված փլուզվել է, վտանգավոր իրավիճակ է ստեղծել տեղանքի երկաթգծի և Մ6 մայրուղու համար: Հունվարի 23-ին դեպքի վայր է մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, տեղում ծանոթացել իրավիճակին:
Նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ որոշվել է սողանքային մարմնի հետագա ակտիվացումները կանխելու նպատակով նախնական միջոցառումների շրջանակում իրականացնել առաջացած ճեղքերի կավային ջրակայուն գրունտներով փակման աշխատանքներ, ինչը կբացառի մակերևութային ջրերի հետագա ներթափանցումը գրունտի մեջ:
16:48 Հունվար 24, 2018