Աղտոտված ջուր, թունավոր մթերք, հիվանդ բնակիչ. Հայաստանի հանքարդյունաբերական գործունեության հետևանքները

Աղտոտված ջուր, թունավոր մթերք, հիվանդ բնակիչ. Հայաստանի հանքարդյունաբերական գործունեության հետևանքները

ԷկոԼուր

Հունվարի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Բնապահպանական աղետ Լոռիում. Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի հետևանքները» թեմայով: Քննարկման առանցքում հանքարդյունաբերությունն էր և, մասնավորապես, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի գործունեությունը:

Քննարկման բանախոսներն էին www.ecolur.org կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Մարզպետ Քամալյանը, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը, ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ դեռ 2017 թ-ի դեկտեմբերին ահազանգ հնչեց Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչատարի վթարի և արտահոսքերի մասին, որոնք լցվել էին Ախթալայի դպրոցի տարածք: Իսկ ս.թ. հունվարի 24-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Գևորգ Գորգիսյանը տեսանկարահանել էին, թե ինչպես են պոչամբարի տարածքից մոխրագույն  կեղտաջրերը հոսում շրջակա միջավայր:

«Մենք այս խնդիրը սկսել ենք ուսումնասիրել 2008-2009 թթ-ից: Այդ ժամանակ Նահատակի պոչամբարը դեռ վերակառուցված, վերագործարկված չէր, բաց վիճակում էր` իր բոլոր բացասական հետևանքներով շրջակա միջավայրի վրա: Տեղի համայնքները մշտապես ահազանգել են պոչամբարի վտանգների մասին: Այնտեղ տարածվում է գարշահոտություն, կենդանիները ընկնում են պոչամբար, բնակիչների բերքն աղտոտվում է ծանր մետաղներով, և ամենակարևորը, բնակիչներն ունեն առողջական լուրջ խնդիրներ: 2009 թ-ին կոմբինատը սկսեց ընդլայնել պոչամբարի տարածքը և վերագործարկեց, բայց քանի որ պոչամբարը խորհրդային տարիներից բավականաչափ լցված էր, այն չէր կարող երկար ծառայել: Ընկերությունն արդեն ունի կոնսերվացված երկու պոչամբար, և քանի որ չկար այլ տարածք պոչանքները լցնելու համար, որոշեցին Մեծ Այրումի և Ճոճկանի շուրջ 40 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը վերցնել և նոր պոչամբար կառուցել: Սակայն տեղի բնակչությունը,  տեսնելով արդեն իսկ գործող պոչամբարի բացասական հետևանքները և չունենալով որևէ սոցիալական, առողջապահական աջակցություն ընկերության և մեր պետական մարմինների կողմից, խիստ դեմ արտահայտվեց և թույլ չտվեց նոր պոչամբարի կառուցումը: 2017 թ-ին ընկերությունը հայտ ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարություն, որով պետք է պոչանքները պահեստավորվեն Շամլուղի բաց հանքի արդյունահանված տարածքներում: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն, և, ըստ ընկերության պաշտոնական տեղեկատվության, 3-4 ամսից արդեն Նահատակի պոչամբարը շահագործումից դուրս կգա:  Ընկերությունը նշում է, որ 2018-2019 թթ-ին կռեկուլտիվացնեն Նահատակի պոչամբարը: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ընկերության կողմից նախկինում ռեկուլտիվացված պոչամբարներն արդյունավետ չեն փակվել, և հողի շերտն այնքան բարակ է, որ պոչանքները մակերեսին երևում են: Անձրևաջրերի հետ այդ ամբողջ հոսքերը լվացվում են և սահելով իջնում, կոնկրետ Նազիկի պոչամբարի դեպքում Ախթալա գետը, որը դարձել է պոչատար: Այս գետի ջուրը մենք չենք կարող օգտագործել գյուղատնտեսության մեջ, և բնապահպանության նախարարության մոնիտորինգային կոնտրոնի արդյունքներով` Ախթալա գետն ունի 5-րդ դասի աղտոտվածություն, ծանր մետաղների մի ամբողջ փունջ կարող եք գտնել այս գետում, և այն լցվում է Դեբեդ գետ: Մենք այսօր մեծ խնդիր ունենք, այստեղ ոչ միայն պոչամբարների արտահոսքերն են, այլ նաև նախկինում շահագործված, լքված հանքախորշերից, դատարկ ապարների տարածքներից եկող ջրերն են: Մենք այդ ամբողջ տարածքում արդեն ունենք մեռյալ գոտի», - խնդիրը ներկայացրեց www.ecolur.org կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Մարզպետ Քամալյանը նշեց, որ տեսչությունը գնացել է ահազանգի հետքերով և հայտնաբերել, որ կոմբինատի պոչատարն իրոք վթարվել է:

«Վթար էր եղել, ընկերության պոչատար խողովակաշարը ծակվել էր, և պոչերը լցվել էին դպրոցի տարածքը` 150 քառակուսի մետրի վրա, աղտոտել էին: Մենք հանձնարարական տվեցինք, և ընկերությունն անմիջապես վերականգնեց այդ տարածքը: Մենք ստուգումներ ենք սկսել, և հիմա դրանք ընթացքի մեջ են: Ստուգման արդյունքները կունենանք10 օրից: Եթե խախտումներ լինեն, միանշանակ կկիրառենք տուգանքներ», - ասաց Մարզպետ Քամալյանը:

Նա նշեց, որ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն խորհրդային տարիներից եկած ընկերություն է, որին  ժամանակակից տեխնոլոգիաները հասանելի չեն եղել:  «Նահատակ պոչամբարը մոտենում է իր շահագործման ավարտին, ընկերությունը պոչերի նոր մեթոդով պահեստավորման նախագիծ է ներկայացրել, որով արտադրական ջրերը պետք է կուտակվեն հարստացուցիչ ֆաբրիկայի տարածքում, տղմազտվեն, չորացվեն, հետո անմիջապես բեռնատարերով բեռնվեն և ուղղվեն հանքախորշերը: Դա լավագույն տարբերակն է, որ ընդունված է աշխարհում: Այսօր հանրապետությունում 22 պոչամբար կա, որոնք խնդիր են մեր երկրի համար, այս մեթոդով մենք արդեն բացառում ենք նոր պոչամբարի ստեղծումը, իսկ եղած պոչամբարները պետք է դարձնել անվտանգ», - ասաց տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականը:

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ներկայացրեց, թե վերջերս ինչի է ականատես եղել Նահատակ պոչամբարի տարածքում:

«Պոչամբարը լցվել է և ժամանակ առ ժամանակ այդտեղից ջուրն ուղղակի բաց են թողնում, լցվում էր Դեբեդ գետը: Մենք այստեղ միջազգային խնդիր կարող ենք ունենալ: Այդ հատվածում կենդանական աշխարհը վերացած է, բնակիչները նախկինում այդտեղ ձուկ էին բռնում, հիմա ձուկ գոյություն չունի, ափերին սատկած խեցգետիններ էին: Բնակիչների պնդմամբ, արդեն տարուց ավելի է այդ վիճակն է, մարդիկ 30 հեկտար այգի ունեն, այնտեղ մի առու կար, որը ոռոգում էր և այդ առվի մեջ այդ խույսն էր նստած: Այդ ջրով ոռոգում են, հետո այդ պտուղը վաճառում են, և մենք` բոլորս, ուտում ենք դա: Ամբողջ աշխարհում բնապահպանության հիմնական նպատակը ազգի, պետության հարատևման տեսլականն է: Հիմա մենք չենք հասկանում` ինչ նպատակ է այստեղ դրված, ինչքան հնարավոր է շուտ ռեսուրսները հափշտակել ու վե՞րջ: Խոսում են մի քանի տարուց 4 միլիոն բնակչության մասին…այդ մարդիկ չեն լինելու, երկիրը չի լինելու: Եթե այսպես շարունակվի, բոլորս թունավորվելու ենք», - ասաց Գևորգ Գորգիսյանը` շեշտելով, որ այս հարցի շուրջ պետք է լինի գլոբալ, պետական մոտեցում:

Մարզպետ Քամալյանն արձագանքեց, որ անձամբ է մասնակցել տեսչական ստուգումներին և չի արձանագրել արտահոսքեր Դեբեդ գետը: «Եթե դուք ունեք փաստեր, կարող եք ներկայացնել», - ասաց նա: Ի պատասխան պատգամավորը նշեց իր կողմից արված տեսանկարահանումները, թե ինչպես են Նահատակի պոչամբարից թունավոր արտահոսքերը հոսում շրջակա միջավայր:

«Մի հանքավայր ցույց տվեք, որ իրականացնում է թափոնների նորմալ կառավարում, որի պոչամբարներն արտահոսք չունեն, որոնք չեն լցվում ջրահոսքերը», - հարցով իր ելույթը սկսեց «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը:

Վերջինս համոզված է` պոչամբարները, դրանցում պարունակվող ծանր մետաղները դարձել են ազգային անվտանգության խնդիր: «Գերագույն խնդիրն այն է, որ պոչամբարներն առաջացնում են առողջական խնդիրներ, և ոչ միայն տեղական համայնքի բնակչության համար: Այդ թունավոր մետաղները սննդային շղթայի միջոցով գալիս, հասնում են յուրաքանչյուրիս: Օրինակ, Ամերիկյան համալսարանը իրականացրել է Ախթալայի երեխաների արյան հետազոտություն, և պարզվել է, որ նրանց մոտ կան խնդիրներ` ընդհուպ մինչև մտավոր զարգացման հետ կապված: Երբ վթար է առաջանում, ծիծաղելի գումարներով տուգանքներ են նշանակվում: Ընկերությանն ավելի ձեռնտու է ամեն օր տուգանքներ վճարել, քան քայլեր ձեռնարկել վթարի հետևանքները վերացնելու համար», - ասաց Արթուր Գրիգորյանը: Անդրադառնալով տնտեսության մեջ հանքարդյունաբերության դերին` Արթուր Գրիգորյանն ասաց. «Հանքարդյունաբերության ներդրումը ՀՆԱ-ում եղել է 2.5 տոկոս, այդ ոլորտում ստեղծվել է 8000 աշխատատեղ:  Միգուցե իրականում այդ ոլորտի եկամուտները մի քանի անգամ ավելին են, և որոշ մարդկանց համար կարևոր է այս ձևով հանքարդյունաբերության գոյությունը, բայց երբ պաշտոնական թվերն ես նայում, հանքարդյունաբերությունը տնտեսության համար և աշխատաշուկայում մեծ դերակատարություն չունի»:

«Մենք այսօր այս դաշտում տեսնում ենք, որ ունեցած տեխնոլոգիաներով իրականացվող հանքարդյունաբերույունը խիստ բացասական ազդեցություն է ունենում մեր շրջակա միջավայրի վրա: Մեր պետությունը նշում է, որ բարենպաստ պայմաններ ենք ստեղծում ներդրողների համար, որպեսզի գան և հանքարդյունաբերություն զարգացնեն, բայց որևէ հստակ հաշվարկ չկա, թե տնտեսական վնասն ինչքան է այդ հանքարդյունաբերող ընկերությունների գործունեությունից: Եթե աղտոտել ես, դու չունես ջուր, չունես գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն, փոխարենն ունես թունավորված մթերք, հիվանդ բնակիչ: … Այս վիճակում մենք ի՞նչ ապագա ենք ակնկալում ունենալ: Այս խնդիրը պետք է ունենա համակարգային լուծում», - ասաց Վիկտորյա Բուռնազյանը:

Տեսանյութը՝ «Մեդիա կենտրոն»



16:45 Հունվար 30, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news