ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մերժեց «S.O.S. Գառնի» նախաձեռնությանը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մերժեց  «S.O.S. Գառնի» նախաձեռնությանը

ԷկոԼուր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չի ընդունել «S.O.S. Գառնի» նախաձեռնության առաջարկը Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի այլընտրանքի վերաբերյալ:

Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին «S.O.S. Գառնի» նախաձեռնության անդամները:

Հիշեցնենք, որ գառնեցիներն պնդում են, որ Քաղցրաշենի ծրագրի փոփոխված տարբերակը չի լուծում իր առջև դրված խնդիրները և նախարարության առաջարկել են տեղադրել արևային էլեկրտակայաններ և ստացված էժան էլեկտրաէներգիան ուղղել պոմպակայաններն աշխատացնելուն:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատասխան նամակում նշված է.

«ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին ուղղված 2017թ. ապրիլի 25-ի Ձեր գրությունով բարձրացված հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի հիմնական նախագիծը, ինչպես նաև նախագծի շրջանակներում վերջերս կատարված փոփոխությունները, բազմաթիվ անգամներ կայացվել են տարբեր ձևաչափերով իրականացված հանրային քննարկումների արդյունքում: Հատկապես նախագծի 1-ին լոտի շրջանակներում կատարված փոփոխություններն ամբողջովին արտացոլում են Գառնի համայնքի բնակիչների կողմից նախորդ երկու տարիների ընթացքում բարձրացված հարցերի լուծումները: Մասնավորապես` Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի գլխամասը Ազատ գետի հոսքի ուղղությամբ 5.2կմ դեպի ներքև տեղափոխմամբ հնարավոր կլինի բացառել որևէ ազդեցություն Ազատի կիրճի էկոհամակարգերի, ինչպես նաև կիրճի հողօգտագործողների վրա: Բացի դա,  Հացավանի պոմպակայանի օգտագործմամբ հնարավոր կլինի խուսափել լրացուցիչ շինարարական աշխատանքներից, քանի որ այս դեպքում կօգտագործվեն  այդ պոմպակայանի համար դեռևս խորհրդային ժամանակներում հիմնված ենթակառուցվածքները:

Փոխզիջումային տարբերակի էությունը կայանում է նրանում, որ նախագծի նախկին տարբերակի իրագործման դեպքում հնարավոր կլիներ տնտեսել տարեկան շուրջ 10 միլիոն կՎտ էլեկտրաէներգիա, իսկ փոփոխված, կամ այսպես կոչված փոխզիջումային տարբերակի դեպքում այդ ցուցանիշը կկազմի 8 միլիոն կՎտ: Տարբերության 2 միլիոն կՎտ էլեկտրաէներգիան կծախսվի փոքր հզորությամբ երկու պոմպերի աշխատանքի համար, որոնցով նախատեսվում է կոմպենսացնել Ձեր իսկ պահանջով գլխամասի 5.2կմ դեպի ներքև տեղափոխման հետևանքով համակարգում պահանջվող հիդրավլիկ ճնշման կորուստը:

Ինչ վերաբերում է Գառնի համայնքի համար անհրաժեշտ ջրաքանակներին, ապա տեղեկացնում ենք, որ Գառնի համայնքի, ինչպես նաև Ազատ գետից ջրառ իրականացնող այլ ջրօգտագործողների ջրապահանջն ամբողջովին հաշվի է առնված Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծի ջրատնտեսական հաշվեկշռում և բացի դա, առաջիկայում Գառնի համայնքում իրականացվելիք ծրագրի շրջանակներում կվերանորոգվի Գառնիի մայր ջրանցը և ներտնտեսային ցանցը, որը համայնքում զգալիորեն կբարելավի ոռոգման ջրամատակարարումը, ներկայումս տեղի ունեցող մեծաքանակ ջրի կորուստների կրճատման հաշվին:

Ինչ վերաբերում է արևային էլեկտրակայանի կառուցման Ձեր ներկայացրած առաջարկին, ապա Քաղցրաշենի պոմպակայանի պարագայում առավել արդյունավետ է ինքնահոս համակարգի շահագործումը` որպես մեխանիկականի այլընտրանք: Արևային էներգիայի օգտագործման հնարավորությունը հետագայում կարող է դիտարկվել հանարապետության ոռոգման համակարգում գործող հարյուրավոր այլ պոմպակայանների արդիականացման ծրագրերում, որոնք չեն ունենա առավել արդյունավետ տեխնիկական այլընտրանքային լուծումներ»:

17:44 Հունիս 01, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news