Ալավերդու պղնձաձուլարանը դադարեցրեց աշխատանքը. գործարանի աշխատակիցները գնում են հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Ավինյանին

Ալավերդու պղնձաձուլարանը դադարեցրեց աշխատանքը. գործարանի աշխատակիցները գնում են  հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Ավինյանին

ԷկոԼուր

Հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրեց իր աշխատանքը, իսկ գործարանի աշխատակիցները ի նշան բողոքի փակեցին միջպետական ճանապարհը և երկաթգիծը: Պահանջը մեկն է՝ գործարանը պետք է աշխատի:  

ԷկոԼուրի հետ զրույցում Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգայանը հայտնեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցուցարարներին առաջարկել է 10 հոգանոց խումբ կազմել, գալ Երևան՝ քննարկելու խնդիրը: Բողոքի ակցիան դադարեցվել է, խումբը գալիս է Երևան՝ հանդիպելու Տիգրան Ավինյանին:

Գործարանի աշխատակիցները նույն պահանջով բողոքի ակցիա էին իրականացրել նաև հոկտեմբերի 10-ին: Իսկ հոկտեմբերի 16-ին նրանք բաց նամակ էին ուղարկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար:  

Հիշեցնենք, որ 2018թ-ի սեպտեմբերին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տուգանեց «Էյ Սի Փի» ընկերությանը 380 միլիոն դրամի չափով՝ մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասի համար:

Հոկտեմբերի 11-ին ընկերությունը 3 պահանջ ներկայացրեց ՀՀ կառավարությանը` նշելով, որ դրանց չկատարման դեպքում կդադարեցնի պղնձաձուլարանի աշխատանքը և ավելի քան 500 աշխատողներ գործազուրկ կդառնան:

«Էյ Սի Փի» -ն պահանջում է՝

• թույլ տալ մինչև 6 անգամ գերազանցել արտանետումների՝ դեռևս 2005 թվականին կառավարության որոշմամբ սահմանված նորմերն ու դրա դիմաց տուգանքներ չկիրառել

• ՎՏԲ-ի հետ կնքված վարկային պայմանագրի երրորդ կողմ հանդիսացող կառավարությունը արգելափակի բանկի ոտնձգությունները «Արմենիան Փափըր Փրոգրամ» ընկերության և «Վալլեքս» խմբի այլ ձեռնարկությունների առգրավման ուղղությամբ

• օրենսդրական նախաձեռնությամբ աջակցել նոր պղնձաձուլարանի կառուցման հայ-չինական ներդրումային ծրագրին:

19:03 Հոկտեմբեր 19, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news