Մեկնարկում է առաջին Բնապահպանական հանրային դատավարությունը` Արարատյան դաշտում ստեղծված էկոլոգիական աղետի վերաբերյալ

Մեկնարկում է առաջին Բնապահպանական հանրային դատավարությունը` Արարատյան դաշտում ստեղծված էկոլոգիական աղետի վերաբերյալ

ԷկոԼուր

Սույն թվականի փետրվարի 5-ին` ժամը 12:00-ին, «ԻԲԻՍ» հյուրանոցում (Երևան, Հյուսիսային պողոտա 5/1, 2-րդ հարկ, «Կարին» սրահ) Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ» գործը:

Բնապահպանական հանրային դատարանը կազմակերպել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն: Հանրային արդարադատության իրականացման նպատակն է մինչ օրս պետական մարմինների որոշումների արդյունքում շրջակա միջավայրում առաջացած էկոլոգիական աղետալի վիճակի գնահատման արդյունքում պետական մարմինների գործունեությունը ճանաչել որպես էկոլոգիական հանցագործություն, դրան տալ իրավական հիմնավորում, պատասխանատվության կանչել մեղավորներին:

Դատավարության ընթացքում կլսվի «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ» գործը:

Արարատյան արտեզյան ջրավազանի ստորերկրյա ջրային պաշարների անխնա, չնորմավորված և անօրինական օգտագործման հետևանքով վերջին 10-15 տարիներին խախտվել է Արարատյան դաշտի ջրային պաշարների հավասարակշռությունը: Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտի լիազոր մարմինների ընդունած որոշումների և տրամադրած թույլտվությունների արդյունքում Արարատյան արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսը կրճատվել է 3 անգամ՝ 32 760 հա-ից (1983թ.) մինչև 10 706 հա (2013թ.): 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկվել է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից: Բարձրացել է ջրային ռեսուրսների հանքայնության աստիճանը։ Շուրջ 400 հազար գյուղացի կանգնած է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորության կորստի փաստի առաջ: Արարատյան դաշտում նվազող ջրի պահանջարկը բավարարելու նպատակով Սևանա լճից հավելյալ ջրառի բացթողումներն արդեն հանգեցրել են Սևանա լճի վիճակի վատթարացմանը:

Խախտվել են ՀՀ ջրային օրենսգրքի, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի, «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի տասնյակ հոդվածներ: Սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրել: Ստեղծված իրավիճակի համար տուժող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: Պատասխանատու լիազոր մարմիններն են` ՀՀ վարչապետին կից Ջրի ազգային խորհուրդը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ Ջրային կոմիտեն, Արարատի մարզպետարանը, Արմավիրի մարզպետարանը:

Բնապահպանական հանրային դատարան դիմում ներկայացրել է «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը:

Դատարանի կազմում ներկայացված են` էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը, հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, իրավաբան, էկոլոգիական իրավունքի փորձագետ Հեղինե Գրիգորյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

14:59 Փետրվար 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news