Քաղցկեղով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում

Քաղցկեղով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում

ԷկոԼուր

2017 թ. դրությամբ քաղցկեղով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում՝ 367 դեպք: Այնուհետև Կոտայքի մարզն է՝ 317, որից հետո Շիրակը և Երևանը՝ համապատասխանաբար 300 և 293 դեպքով: Այս մասին մարտի 25-ին ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողովում հայտարարեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանը` ներկայացնելով «Չարորակ ուռուցքների համաճարակաբանության պատկերը Հայաստանում» զեկույցը:

«Առաջընթաց կանխատեսումներով, 2022 թ. Հայաստանում առաջնային հիվանդների թիվը կհասնի 9000-ի՝ արձանագրելով մոտ 20 տոկոս աճ: 2017 թ. դրությամբ հանրապետությունում գրանցվել է քաղցկեղով 8400 առաջնային հիվանդ, մինչդեռ 1995 թ. նրանք 4705-ն էին: Այս տարիների ընթացքում քաղցկեղով հիվանդացությունն աճել է 178 տոկոսով»,- ասաց Հայրապետ Գալստյանը:

Հայաստանում հիվանդացության ցուցանիշով առաջին հորիզոնականում է թոքի քաղցկեղը: 1991 թ. համեմատ 2017 թ.-ին թոքի քաղցկեղի հիվանդացությունն աճել է 73 տոկոսով: Երկրորդ տեղում կրծքագեղձի քաղցկեղն է: 1995 թ. արձանագրվել է 619 առաջնային հիվանդ, իսկ 2017թ-ին՝ 1118, հիվանդացությունն աճել է 80 տոկսով:

Աճել են նաև շագանակագեղձի քաղцկեղի հիվանդացության դեպքերը: 1991 թ. այն զբաղեցնում էր քաղցկեղով հիվանդացության 11-րդ հորիզոնականը, իսկ 2017 թ-ին՝ 7-րդ: Այդ տարի գրանցվել է 322 դեպք, աճը կազմել 265 տոկոս: Վերջինս Հայաստանի 5 առավել հաճախ հանդիպող ուռուցքի տեսակներից է: Հաճախակի են հանդիպում նաև արգանդի մարմնի քաղցկեղի դեպքերը:

Գիտնականի կարծիքով` այս հիվանդության դեպքերի նվազման ելքը պետական սկրինինգային ծրագրերի ներդրումն է, որի միջոցով բուժման արդյունքներն ավելի արդյունավետ կլինեն:

«Այդ ծրագրերը պետք է հիմնված ու նպատակաուղղված լինեն տվյալ մարզում քաղցկեղի առավել հաճախ հանդիպող տեղակայումների կանխաևգելմանն ու հայտնմաբերմանը: Դեֆերենցված մոտեցումը հնարավորություն կտա տնտեսել զգալի ֆինանսական ռեսուրսներ՝ դրանք ուղղելով այլ առաջնահերթ ծրագրերի իրականացմանը: Այդ ծրագրերը կնպաստեն չարորակ ուռուցքների առաջացման կանխարգելմանը, դրանց վաղ հայտնաբերմանն ու արդյունավետ բուժմանը», - նշեց Գալստյանը:

Չարորակ ուռուցքներով հիվանդացության ցուցանիշն աճման տեմպ ունի ամբողջ աշխարհում, որի պատճառով այն ձեռք է բերել ոչ միայն առողջապահական, այլև՝ պետական կարևորագույն նշանակություն: Այս հարցում առաջնահերթ նշանակություն ունեն ոչ միայն շրջակա միջավայրի վնասակար գործոնները, այլև՝ սնունդն ու ջուրը, նրանցում մետաղների ու թունավոր նյութերի բարձր պարունակությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 2008 թ. աշխարհում արձանագրվել են չարորակ ուռուցքներով 12 միլիոն առաջնային հիվանդ, մահացել 7 միլիոնը: Նշվում է, որ 2030 թ. առաջնային հիվանդների թիվը կհասնի 21,4 միլիոնի, իսկ 13,2 միլիոնը կմահանա:

 

18:51 Մարտ 26, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news