Հրդեհն այրել է Արմաշում նորաստեղծ էկոլոգիական գոտու ծառերը

Հրդեհն այրել է Արմաշում նորաստեղծ էկոլոգիական գոտու ծառերը

ԷկոԼուր

Փետրվարի 7-ին ԷկոԼուրն ահազանգ ստացավ «Արմաշ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Տիգրան Մաթևոսյանից, որ այրվել են Արմաշ համայնքի տարածքում գտնվող իր 3.5 հա հողատարածքի ծառերը, բուսականությունը:

Հրդեհը տարածվել է նաև հարևան հողատարածքներում: Արմաշի լճերի հարևանությամբ գտնվող իր հողատարածքում Տիգրան Մաթևոսյանը վերջերս էկոլոգիական գոտի էր հիմնել, սեփական ուժերով տնկել էր շուրջ 300 ծառ, որոնք հայտնվել են կրակի ճիրաններում: Նա չի բացառում դիտավորությունը: «Ամեն ինչ էլ հնարավոր է, եթե հաշվի առնենք, որ քամին փչել է Երասխի կողմից, որտեղից այրել են խոտը: Այրողը լավ էլ գիտեր, որ կրակը վերահսկել չի լինելու: 911 էի զանգել, այնն էլ պարզեցի, որ չեն էլ եկել: Վերջին կրակը ինքս եմ հանգցրել՝ Երևանից գալով»,- ասաց նա: Հրդեհից շատ քիչ ծառեր են փրկվել:

Ըստ Տիգրան Մաթևոսյանի՝ տասնյակ հեկտարով խոտհարքներ ու ջրտարներ կրակի բաժին են դարձել, ու հայտնի չէ, թե ինչքան կենդանի կամ թռչուն է սատկել:

Տվյալ տարածքը «Birdlife International» միջազգային կազմակերպության կողմից քարտեզագրված է որպես կարևորագույն թռչնաբանական տարածք: Տիգրան Մաթևոսյանը նպատակադրվել է այդ տարածքը դարձնել վայրի թռչունների համար ապաստարան, որտեղ կբացառվի որսը, կզարգանա էկոտուրիզմը, կիրականացվեն թռչնադիտարկումներ:

Լուսանկարը՝ Տիգրան Մաթևոսյանի



22:44 Փետրվար 07, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news