ՀԿ-ները պահանջում են անհապաղ չեղարկել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության սահմանափակման վերաբերյալ օրինագիծը

ՀԿ-ները պահանջում են անհապաղ չեղարկել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության սահմանափակման վերաբերյալ օրինագիծը

ԷկոԼուր

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները սկսել են  «Տեղեկատվության ազատության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը մերժելու գործընթաց: Օրինագիծը մերժող  հայտարարության նախագծում նշված է.

«Ապրիլի 2-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը մյուս շաբաթ կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

Նախագծի համաձայն՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։

Քաղաքացիական հասարակությունը նախագծի շրջանառման առաջին իսկ օրից բարձրաձայնում է այս նախաձեռնությանն առնչվող խնդիրները՝ կոչ անելով նախագծի հեղինակ Շրջակա միջավայրի նախարարությանը զերծ մնալ գաղտնիություն սահմանող այս դրույթից։

Մասնավորապես,

• Առաջարկվող նախաձեռնությունը հակասում է Օրհուսի կոնվենցիային։ Նախագծի հիմնավորման մեջ հեղինակները հղում են անում Կոնվենցիային՝ կատարելով Կոնվենցիայից մեջբերում` սխալ թարգմանությամբ եւ ընտրողաբար (հոդված 4, 4 կետ, h ենթակետ)։ Կոնվենցիայում խոսվում է բացառապես այն տեղեկատվության հնարավոր սահմանափակման մասին, որը վերաբերում է հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին։ Մինչդեռ, նախագծի ձեւակերպմամբ ստացվում է, որ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվություն կարող է սահմանափակվել։

• Այս սահմանափակման հիմքով ստացվում է, որ լրագրողների, քաղաքացիական հասարակության՝ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկություն ստանալու հարցում, որն այս գերատեսչությունը կհամարի բացասական ազդեցություն ունեցող, կարող է մերժվել։

• Նախագիծը մշակվել է առանց ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ մինչ օրս դրա շուրջ հանրային պատշաճ քննարկում չի կազմակերպվել։

• Այս փոփոխությունը խախտում է կառավարության որդեգրած թափանցիկության սկզբունքը մի կողմից, եւ սահմանափակում բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հանրային վերահսկողությունը մյուս կողմից։

Ելնելով վերոգրյալից, պահանջում ենք անհապաղ չեղարկել նախագիծը եւ չներկայացնել Ազգային ժողով հետագա քննարկումների, քանի որ այն չի համապատասխանում Տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ներպետական օրենսդրության եւ միջազգային պարտավորություններից բխող պահանջներին»։

 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն միացել է այս հայտարարությանը:

Ապրիլ 03, 2020 at 15:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր