Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 13՝ «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 13՝ «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում:

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Սյունիքի մարզում Դաստակերտի պղինձամոլիբդենային հանքավայրը շահագործած «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի հայտարարագրին

Forbes-ի ռուս միլիարդատերերը՝ ընկերության սեփականատերեր

«Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն գրանցվել է 2005 թ-ի նոյեմբերի 1-ին:

Միջազգային ընկերություններից այստեղ մասնակցություն ունի «Գլոբալ Մեթալզ (Արմ) Լիմիթեդ»-ը՝ այլ ընկերության/ընկերությունների հետ համատեղ: Սակայն ընկերության մասնակցության չափի վերաբերյալ տեղեկատվություն հայտարարագրում չկա: Նշենք, որ «Գլոբալ Մեթալզ (Արմ) Լիմիթեդ»-ը նաև մասնակցություն ունի Լոռու մարզում Արմանիսի ոսկու հանքավայրը շահագործած «Սագամար» ՓԲԸ-ում:

«Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի հայտարարագրում բացահայտված է երեք իրական սեփականատեր: Նրանցից երկուսը տիրապետում են ընկերության բաժնեմասի 100 % փաթեթին:

Առաջին իրական սեփականատերն ընկերության տնօրեն Սամվել Չոբանյանն է, ով նաև «Սագամար» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է: Նրա մասնակցության վերաբերյալ այլ տվյալներ չկան:

Երկրորդ իրական սեփականատերը ՌԴ քաղաքացի Դմիտրի Կորժևն է, ով տիրապետում է ընկերության 29.66 % բաժնեմասին, որը ձեռք է բերել 2008 թ-ի հունիսի 24-ին: Նշված է, որ ընկերության կանոնադրական կապիտալում նա ունի մասնակցություն փոխկապակցված ֆիզիկական անձի/անձանց հետ համատեղ:

Երրորդ իրական սեփականատերը կրկին ՌԴ քաղաքացի Դմիտրի Տրոիցկինն է: Նրան է պատկանում ընկերության մնացած բաժնեմասը՝ 70.34 %-ը, որը նա ևս ձեռք է բերել 2008 թ-ի հունիսի 24-ին:

Սեփականատերերի միջանկյալ ընկերությունները

Կորժևի և Տրոիցկինի համար որպես միջանկյալ ընկերություն գործում է «Գլոբալ Մեթալզ (Արմ) Լիմիթեդ»-ը: Ի դեպ, ընկերությունը գրանցված է Կիպրոսում: Այս ընկերության միջոցով Կորժևի և Տրոիցկինի համար որպես միջանկյալ ընկերություն գործում է նաև Միացյալ Թագավորության Մեն կղզում գրանցված «Էուլաքոն Լիմիթեդ»-ը:

Նշենք, որ ընկերության բաժնեմասի ամբողջ փաթեթին տիրապետող երկու իրական սեփականատերերի աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները հայտարարագրում բացակայում են:

Համացանցում ուսումնասիրելով նրանց տվյալները՝ պարզեցինք, որ Կորժևը և Տրոիցկին բիզնես-գործընկերներ են դեռ 1990-ականներից: Սանկտ-Պետերբուրգում նրանք միասին հիմնել են ավտոմեքենաների վաճառքով զբաղվող «Մեգա ավտո» ընկերությունը: Նրանք նաև Վրաստանում ոսկու արդյունահանմամբ զբաղվող Rich Metals Group-ի O'KEY ընկերության բաժնետերերի ցանկում են:

Երկուսն էլ Forbes-ի ռուս միլիարդատերերից են: 2017 թ-ին Ռուսաստանի 200 ամենահարուստ բիզնեսմեններից Կորժևը եղել է 180-րդ, իսկ Տրոիցկին 184-րդ հորիզոնականներում՝ նույն՝ $550 միլիոն կարողությամբ:

Լուսանկարը՝ Հետքի 

Հունիս 02, 2020 at 10:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր