Կամայականորեն փոփոխության է ենթարկվել բնության հուշարձան Պարզ լճի մորֆոլոգիան եւ էկոհամակարգը

Կամայականորեն  փոփոխության է ենթարկվել բնության հուշարձան Պարզ լճի մորֆոլոգիան եւ էկոհամակարգը

ԷկոԼուր

«Օպելա» ՍՊԸ-ն բնության հուշարձան Պարզ լճի մակերեսն արհեստականորեն մեծացրել է, ինչի արդյունքում փոփոխության է ենթարկվել լճի մորֆոլոգիան եւ էկոհամակարգը: Պարզ լիճ կատարած այցի մասին «ԷկոԼուր»-ին պատմեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը:

«Թռչկան»-ը ահազանգել էր Բնապահպանության նախարարությանը Պարզ լճի տարածքում իրականացվող աշխատանքների բացասական հետեւանքների մասին: Նախարարությունը «Թռչկան»-ին պատասխանել է, որ «Օպելա» ՍՊԸ-ն 2006թ-ից պայմանագիր ունի կնքված, կատարել է լճի մաքրման, էկոհամակարգի բարելավման, ջրի վիճակի բարելավման աշխատանքներ, ասբեստե խողովակը փոխարինել է  մետաղյա խողովակով, որպեսզի վնաս չլինի կենսաբազմազանությանը եւ դրանով ջուր է լցվում լճի մեջ, որպեսզի լճի ջրային հաշվեկշիռը պահպանվի: Ուղղակի մի երկու հատ ծառ են հայտնաբերել ստուգումների ընթացքում, որ ընկերությունն ապօրինի հատել է, դրա համար 168750 դրամ տուգանք են նշանակել:

Հունվարի 25-ին Լեւոն Գալստյանը եւ Վլադիմիր Սարոյանը եղել են Պարզ լճի տարածքում: Լեւոն Գալստյանը պատմում է. «Լճի մակերեսն իրենք մեծացրել են: Լիճը վերջանում է սուր ծայրով: Այդ մասում իրենք բացել են բավականին մեծ տարածք երեւի Կարապի լճից ավելի մեծ տարածքի չափով: Չգիտեմ, գուցե այդտեղ անտառ է եղել: Արհեստականորեն լճի ընդհանուր մակերեսը մեծացրել են, բնականաբար, լճի մակարդակն իջել է, եւ լճի ամբողջ մորֆոլոգիան եւ էկոհամակարգը փոխվել է: Այդ ամենը արվել է` չունենալով ոչ մի բնապահպանական եզրակացություն, ունենալով միայն ինչ-որ շինարարության թույլտվություն, որի ժամկետն անցած էր»: Իսկ ինչ վերաբերում է խողովակին, որով ջուր պետք է լցվեր լիճ, ապա այն իրականում այլ նպատակի է ծառայում: «Բարձրացանք վերեւ` տեսնելու խողովակը, որով ջուրը պետք է լցվեր Պարզ լիճ: Մի 200 մետր դեպի վերեւ կա գետակ, որն անցնում է լճի կողքով: Գետակից վերեւ հիդրոհանգույց է սարքած, որ ջուրը հավաքվում է, խողովակով իջնում է: Իրենց ասելով` խորհրդային ժամանակներից դա կա: Տեսանք, որ խողովակը հիդրոհանգույցից գալիս է եւ վերջանում է մի մինի ՀԷԿ-ի մեջ: Ոչ մի լիճ ոչ մի խողովակ չի գնում: Մինի ՀԷԿ-ն, ամենայն հավանականությամբ, աշխատեցվում է իրենց քոթեջներին եւ ռեստորանին էլեկտրաէներգիա մատակարարելու համար: Ակնհայտ նախարարությունը մեզ գցել է թյուրիմացության մեջ` տալով կեղծ տեղեկատվություն, որ խողովակը գալիս է լիճ»,- ասաց Լեւոն Գալստյանը:

Պարզ լիճ կատարած այցի օրը` հունվարի 25-ին, Դիլիջանի քաղաքապետարանում նշանակված էին «Օպելա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Դիլիջան ազգային պարկի տարածքում նախատեսվող  աշխատանքների նախագծերի հասարակական լսումներ: Հասարակական լսումներին հասարակայնության ներկայացուցիչներն են եղել Լեւոն Գալստյանը, Վլադիմիր Սարոյանը եւ «Դիլիջան» թերթի խմբագիրը, ընկերությունը ներկայացրել է տնօրենի տեղակալը, ներկա են եղել նաեւ նախագծող Վռամ Թեւոսյանը, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Կարինե Մովսիսյանը, Դիլիջանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի ներկայացուցիչը: Լսումների ժամանակ «Օպելա» ՍՊԸ-ն հերքել է լճի մակերեսի ընդլայնման փաստը` ասելով, որ դա միշտ այդպես է եղել:

«Մենք ներկայացրեցինք խախտումները եւ ասացինք` մինչեւ դրանց հարցը չլուծվի, ինչ նոր նախագծի մասին է խոսքը: Ես ասացի, որ խախտվել է Օրհուսի կոնվենցիայի պայմանը, որ մարդիկ չեն կարողացել նախագծին ծանոթանալ, նախագիծ չի եղել այստեղ դրված: Եւ բարի չեք եղել, ինչ-որ տեղ հայտարարություն կպցնեք, որ լինելու է լսումներ քաղաքապետարանում: Եւ մինչեւ հասցված վնասին ռեալ գնահատական չտրվի, ոչ մի քննարկման մասին մենք չենք խոսում: Բայց, ամեն դեպքում դա իրենք համարում են լսումներ: Արձանագրություն կազմեցին եւ մեր բոլոր ասածները ներառեցին»,- ասաց Լեւոն Գալստյանը:  

00:40 Հունվար 31, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news