Բյուրականում փոքր ՀԷԿ-ի կառուցման հասարակական լսում չի եղել

Բյուրականում փոքր ՀԷԿ-ի կառուցման հասարակական լսում չի եղել

ԷկոԼուր

Բյուրականում փոքր ՀԷԿ-ի կառուցման հասարակական լսում չի եղել: Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Facebook սոցիալական ցանցում բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը գրել էր. «Բյուրականում նոր ավարտվեց հասարակական լսումները Օրգովի կիրճում նոր ՓՀԷԿ կառուցելու շուրջ, որը, ըստ որոշ աղբյուրների, պատկանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Գյուղի բնակչությունը կտրուկ դեմ արտահայտվեց ծրագրին, քանզի վտանգվում է իրենց հողատարածությունները ջրով ապահովելու հարցը: Հիմա գյուղացիները խմբով և զայրացած շարժվում են դեպի կառուցման վայր որպեսզի բուլդուզերներին դուրս հանեն ձորից»:  Չնայած ՓՀԷԿ կառուցելու նախագծի եւ հասարակական լսումների բացակայությանը`   ՓՀԷԿ-ի կառուցման հեղինակները հասցրել են ծանր տեխնիկա մտցնել Օրգովի ձոր, ծառեր կտրել, Բյուրական-Օրգով ճանապարհի երկայնքով ճանապարհային երկարությամբ փորել` առաջացնելով սողանքի վտանգ: Ինչպես Էկոլուրին հայտնեց Ապրես Զոհրաբյանը, ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Ամբերդ գետի վրա: «Այս ՓՀԷԿ-ը ջուր վերցնելու է հենց Բյուրական գյուղ մտնող առվից վերեւ, իսկ թողքը լինելու է գյուղից ներքեւ` մոտ 4 կմ ջուրը մտնելու է խողովակի մեջ: Սա նշանակում է, որ գյուղի ոռոգման ջուրը պակասելու է: Բնակիչներն ասում են, որ առանց այդ էլ ջուր քիչ ունեն եւ ամռանը, եղբայրը եղբոր հետ կռվում է ջրի համար»,- ասաց Ապրես Զոհրաբյանը: Նա նշեց, որ գյուղացիները  ստիպել են ՓՀԷԿ-ի շինարաներին  ծանր տեխնիկան դուրս բերել ձորից: Նշենք, որ արդեն իսկ Ամբերդ գետի վրա կառուցված է 3 փոքր ՀԷԿ` «Ամբերդ ՓՀԷԿ-1»,«Ամբերդ ՓՀԷԿ-2», «Ամբերդ ՓՀԷԿ-3», ոոնք շահագործում է «Ամբերդ ՀԷԿ»-ՍՊԸ-ն:

20:05 Ապրիլ 19, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news