Դիլիջանի միջազգային դպրոցը ցանկացած պահի կարող է փլուզվել

Դիլիջանի միջազգային դպրոցը ցանկացած պահի կարող է փլուզվել

ԷկոԼուր

Դիլիջանի միջազգային դպրոցը ցանկացած պահի կարող է փլուզվել: Այս կարծիքին է «Ինժեներ-երկրաբան» ընկերության նախագահ, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը: «Որքան գեղեցիկ է Դիլիջանը, այդքան վտանգավոր է երկրաբանական կառուցվածքի տեսանկյունից: Իսկ Դիլիջանի միջազգային դպրոցը կառուցված է անմիջապես ամենավտանգավոր սողանքային գոտիներից մեկի վրա»,- նշեց երկրաբանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Վերջինիս խոսքով՝ սողանքային գոտում է կառուցված նաեւ Կենտրոնական բանկի շենքը Դիլիջանում: «Ես բանկին էլ եմ ասել, որ ձեր կողմից կառուցվող շենքը անմիջապես սողանքի վրա է, և գրել եմ, որ մինչև հակասողանքային միջոցառումներ չկատարվեն, ոչինչ չի կարելի կառուցել: Բայց իրենք, կարծես, չեն հասկանում: Հակասողանքային միջոցառման վրա գումար չեն ծախսում, փոխարենը միլիոներ են ծախսում` բանկ են կառուցում, դպրոց են կառուցում,  մի հատ էլ ուրախանում են ՝ չմտածելով ապագայի մասին»,- ասաց Ռուբեն Յադոյանը: Նման ռիսկերի առկայության պայմաններում կառուցապատողների գործողությունները վերջինս որակեց որպես «բեսպրեդել»: «Մարդիկ առանց մտածել միլիոներ են դնում և կարծում են, որ իրենք գումար ունեն, ուրեմն իրենց ամեն ինչ կարելի է, ուրեմն սողանքն ու վտանգը չեն սպառնում իրենց»,-ասաց  Ռուբեն Յադոյանը:

Իսկ ԷկոԼուրի այն հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Դիլիջանի անտառների հատումը սողանքների ակտիվացման հարցում, Ռուբեն Յադոյանը նշեց, որ անտառները պահում են սողանքների ակտիվացումը, իսկ Դիլիջանի պարագայում` մեկ ծառ անգամ կտրել չի կարելի:

14:26 Դեկտեմբեր 09, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news