Տավուշի մարզի գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երը խախտումներով են աշխատում

Տավուշի մարզի գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երը խախտումներով են աշխատում

ԷկոԼուր

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) մի շարք խնդիրներ է արձանագրել Տավուշի մարզի գետերի վրա կառուցված  ՓՀԷԿ-երում։ «․․․էկոլոգիական թողքը հիմնականում բացակայում էր, տեղադրված չէին ջրաչափական սարքեր, որպեսզի հնարավոր լիներ պարզել, թե որքան ջուր է անցնում գետով, բացակայում էին ջրի հոսքն ավտոմատ կառավարող համակարգեր, ձկնուղիներն իրենցից ներկայացնում էին անիմաստ բետոնյա կառույցներ, որոնց միջով ձկներն ուղղակի չեն կարող անցնել, իսկ հաճախ էլ դրանք ամբողջովին չոր էին:

Մեր արձանագրած բոլոր խախտումներն ու դրանք փաստող լուսանկարները ներկայացրել ենք ՀՀ բնապահպանության նախարարություն՝ խնդրելով համապատասխան միջոցներ ձեռնարկել և տեղեկացնել հանրությանը դրանց արդյունքների վերաբերյալ.

  1. Աղստև գետի Պաղջուր վտակի վրա «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ կայանի ձկնուղին ընդհանրապես չոր էր, իսկ էկոլոգիական թողքն այնքան փոքր է, որ գետը գրեթե չորացել էր:
  2. Նույն գետի վրա «Քարեվարդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Խաչաղբյուր-1» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ կայանի ձկնուղին նույնպես ընդհանրապես չոր էր: Ահնհար էր պարզել էկոլոգիական թողքի քանակի համապատասխանությունը ջրօգտագործման թույլտվության պայմաններին:
  3. Աղստև գետի Գետիկ վտակի վրա «Էյէնդիջի Սթայլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Գետիկ ՓՀԷԿ-4»-ի ջրընդունիչ կայանի ձկնուղով չնայած ջուր անցնում էր, սակայն այն վերևի մասում փակված էր փայտի մեծ կտորով՝ ինչն անհնար էր դարձնում ձկների տեղաշարժը երկու ուղղություններով էլ: Այստեղ նույնպես  հնարավոր չէր պարզել էկոլոգիական թողքի քանակի համապատասխանությունը ջրօգտագործման պայմաններին:

Մենք գտնում ենք, որ նախարարությունը պետք է շատ ավելի նախաձեռնող գտնվի և առաջարկի կառավարությանը միառժամանակ ձեռնպահ մնալ նոր ՓՀԷԿ-երի նախագծերի քննարկումից, քանի դեռ չեն գտնվել լուծումներ արդեն իսկ առաջ եկած խնդիրներին և չեն ընդունվել իսկապես էկոհամակարգային մոտեցումներ ապահովող օրենսդրական ակտեր, որոշումներ և չափորոշիչներ: Հակառակ դեպքում մենք հետագայում կբախվենք շատ ավելի լուրջ խնդիրների՝ ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալ-տնտեսական առումներով:

Մենք գտնում ենք, որ պետք է անհապաղ մշակել և ընդունել մասնագիտորեն հիմնավորված բնապահպանական նորմեր ու ինժեներա-տեխնիկական չափորոշիչներ, որից հետո նոր միայն մտածել նոր ՓՀԷԿ-երի կառուցման մասին: Իսկ բոլոր շահագործվող ՓՀԷԿ-երը պետք է իրենց գործունեությունը համապատասխանեցնեն այդ նոր նորմերին և չափորոշիչներին»,- տեղեկացնում է ՀԲՃ-ն։

Հիշեցնենք, որ «Խաչաղբյուր-1» եւ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-երը իրենց դերիվացիոն խողովակների մեջ են վերցրել Պաղջուր գետի 22․58%-ը։ Գետիկ գետի վրա կառուցված «Էրիկ», «Գետիկ-1», «Գետիկ 4» ՓՀԷԿ-երը իրենց դերիվացիոն խողովակների մեջ են վերցրել Գետիկ գետի 28․02%-ը։  ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն՝ վերոնշյալ  ՓՀԷԿ-երը ճգնաժամային  վիճակ են ստեղծել Գետիկ եւ Պաղջուր գետերի համար։

Լուսանկարները՝ Համահայկական բնապահպանական ճակատի

14:04 Օգոստոս 18, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news