Դիլիջանում ծորակներից պղտոր և տհաճ հոտով ջուր է հոսում

Դիլիջանում ծորակներից պղտոր և տհաճ հոտով ջուր է հոսում

ԷկոԼուր

Զբոսաշրջային Դիլիջան քաղաքում խմելու ջրի ծորակներից պղտոր և տհաճ հոտով ջուր է հոսում: Տարվա մեջ ընդամենը մի քանի ամիս են դիլիջանցիները նորմալ ջուր ունենում:  Այս խնդիրը Դիլիջանում առաջացել է դեռ մի քանի տարի առաջ: Չնայած  պատասխանատու մարմիներին ուղղված  բնակիչների բազմաթիվ ահազանգերին ու դիմումներին` խնդիրը լուծում չի ստացել:

www.aarhus.am կայքի համաձայն` այս խնդրի կապակցությամբ սույն թվականի ապրիլի 13-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ալբերտ Հարոյանը բնակիչների անունից նամակով դիմել է  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին: Նամակում ասված է.

«Դիլիջան քաղաքում վերջին տարիներին տագնապալի է դարձել խմելու ջրի հարցը: Տարվա կտրվածքով նորմալ խմելու ջուր համայնքն ստանում է ընդամենը մի քանի ամիս: Խնդիրը հատկապես բարդանում է ամռան տապին, երբ խմելու ջուր ընդհանրապես չենք ունենում, և անձրևային եղանակներին, երբ ստանում ենք սանիտարական նորմերին չհամապատասխանող պղտոր և տհաճ հոտով խմելու ջուր: Շատ դեպքերում ջրի պարունակության մեջ ԱՑԽՄ-ի ինդեքսը 0-ի փոխարեն կազմում է 46 /Վերջին անգամ մեր կենտրոնի կողմից համապատասխան հարցման ի պատասխան ՀՀ ԱՆ  Առողջապահական պետական տեսչության Տավուշի մարզային կենտրոնի N04/11S-02/06 17.04.2014 տվյալի/:

Այս ամենն ուղղակիորեն ազդում է համայնքի բնակչության, ինչպես նաև հազարավոր զբոսաշրջիկների առողջության վրա, ինչպես նաև խալխլում է համայնքային անվտանգությունը: Խմելու որակյալ ջուրը ներկա ու ապագա սերունդների առողջության նախապայմանն է:

Վերը նշված խնդիրները և համապատասխան փաստերը, որը ներկայացնում ենք դիմումին կից, խախտում է, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն,   ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 1 հունիսի 2004թ. N 62-Ն ««Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» և ՀՀ առողջապահության նախարարի 25.12.2002թ. N 876 հրամանով հաստատված «Խմելու Ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակի ներկայացվող հիգենիկ պահանջների» որոշումները:

Այս իրավիճակում համայնքի բնակիչներից վատ ծառայության համար ներողամտություն հայցելու կամ կամ նրանց փոխհատուցում տրամադրելու փոխարեն բնակիչներից գանձվում է 1խ/մ համար 180 դրամ:

Տարիներ շարունակ ջրամատակարարման բարելավման համար կատարվում են ներդրումներ` հիմնականում վարկային միջոցներով, բայց Դիլիջան քաղաքի խմելու ջրի որակը չի բարելավվում:

Հազարավոր դիլիջանցիների եւ հյուրերի անունից խնդրում ենք Ձեզ.

իրականացնել օրենքով սահմանված կարգով համապատասխան քայլեր`

  1. պարտավորեցնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, ըստ տրված լիցենզիայի, կատարել իր պարտականությունները, հատկապես խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները բավարարելու և խմելու ջրի որակի վատթարացումը կանխելու առումով:
  2. վերանայել գնային քաղաքականությունը Դիլիջան քաղաքի ջրամատակարարման համար, քանի դեռ ջրի որակը չի համապատասխանում պահանջված առավելագույն ցուցանիշին,
  3. պարտավորեցնել պատասխանատուներին կազմակերպելու համապարփակ հետազոտություններ, թե երկար տարիների այս վիճակն ինչ ազդեցություն է թողել համայնքի բնակչության առողջության վրա,
  4. պարտավորեցնել պատասխանատուներին բաժանորդներին տրամադրել փոխհատուցում ստեղծված իրավիճակի համար»:   

13:42 Ապրիլ 14, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news