Ահազանգ՝ գառնեցիներին սպառնում են

Ահազանգ՝ գառնեցիներին սպառնում են

ԷկոԼուր

Քաղցրաշենի ոռոգման համակարգի կառուցման դեմ պայքարող գառնեցիներին հեռախոսազանգերի միջոցով սպառնում են, հնչեցնում հայհոյանքներ:

«Ազգի տականքը գլուխ է բարձրացնում, սկսվեց ահաբեկումը. Գառիում Ազատ գետի համար պայքարող ցուցարարներին զանգահարում են, հայհոյում, սպառնում նրանց եւ նրանց հարազատներին», - ֆեյսբուքյան իր էջում տարածել է Գառնիի բնակչուհի, լրագրող Սառա Պետրոսյանը և նշել, որ այդ մասին արդեն հայտարարություն է տրվել ոստիկանությունում, տրամադրվել են զանգողների հեռախոսահամարները:

Իսկ Գառնիի բնակչուհի Արուսյակ Այվազյանը ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց, որ ոմն Կարեն զանգահարել է իրեն և սպառնալից տոնով ասել. «Տղուդ ենք ման գալիս, որ տանենք Ղարաբաղ, եթե պետք լինի, կդիմենք համապատասխան տեղեր՝ կգան, կտանեն»: Արուսյակ Այվազյանը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը: Բացի այդ, գյուղում լուրեր են պտտվում, որ անհայտ մարդիկ ցուցարարների մասին ինֆորմացիա են հավաքում: «Ես իմացել եմ, որ անհայտ մարդիկ ինֆորմացիա են հավաքում մեր համագյուղացի Արտաշես Գրիգորյանի մասին, ով ապրիլի 13-ի ցույցի ժամանակ Ջրպետկոմի նախագահ Արամ Հարությունյանին ասել էր «բերանդ կջարդեմ»:  Նշենք, որ միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Արամ Հարությունյանը պատռել էր ցուցարարներից Լևոն Գալստյանի ձեռքի պաստառը, երբ վերջինս հիշեցրել էր Արարատյան արտեզյան ավազանում ստեղծված աղետալի վիճակի մասին և դրանում մեղադրել հենց Արամ Հարությունյանին, ով այդ ժամանակաշրջանում բնապահպանության նախարարն էր:

Հիշեցնենք, որ արդեն մոտ երկու տարի է գառնեցիները պայքարում են Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի դեմ, որը պետք է իրականացվի Ազատ գետի ջրի հաշվին: Վերջին ցույցը գառնեցիները կազմակերպել էին ապրիլի 13-ին՝ ի նշան բողոքի 9 ժամ շարունակ փակ պահելով Գառնի-Երևան ճանապարհը: Բնակիչները ճանապարհը բացեցին միայն այն ժամանակ, երբ Քաղցրաշենի համակարգի կառուցման համար նախատեսված ամբողջ շինտեխնիկան դուրս բերվեց Ազատի կիրճից:

Ապրիլ 15, 2016 at 20:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր