Քաղցրաշենի ծրագրի շուրջ հերթական քննարկումը տապալվեց. գառնեցիները կրկին փակեցին Գառնի-Երևան ճանապարհը (Լուսանկարներ)

Քաղցրաշենի ծրագրի շուրջ հերթական քննարկումը տապալվեց. գառնեցիները կրկին փակեցին Գառնի-Երևան ճանապարհը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի վերաբերյալ հերթական քննարկումը, որը նախատեսված էր անցկացնել Գառնի համայնքում այսօր՝ ժամը 14:00-ին, տապալվեց: Գառնեցիները հրաժարվեցին մասնակցել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախաձեռնած քննարկմանը՝ հայտարարելով, որ իրենք մերժում են այդ ծրագիրը: Քննարկումը նախատեսված էր անցկացնել համայնքի Մշակույթի տանը: Գառնի ժամանեցին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, Ջրպետկոմի ԾԻԳ-ի, նախագծող ընկերության ներկայացուցիչները, և միանգամից մտան դահլիճ, որտեղ դատարկ աթոռներն էին: Դրսում հավաքված բազմաթիվ գառնեցիները բողոքում էին ծրագրից: Նրանք կրկին շեշտեցին, որ ծրագրի իրականացման դեպքում կցամաքի Ազատ գետը, կջրազրկվի ողջ համայնքը, անապատի կվերածվի Ազատի կիրճը: 

Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը մի քանի անգամ փորձ արեց գառնեցիներին հրավիրել դահլիճ, սակայն՝ ապարդյուն: Մինչ բնակիչները դրսում ցույց էին անցկացնում, ներսում պաշտոնյաները կանգնած զրուցում էին միմյանց հետ:

Ժամը 15:00-ին գառնեցիները շարժվեցին դեպի Գառնի-Երևան մայրուղի և հերթական անգամ փակեցին ճանապարհը: Մոտ մեկ ժամ անց, երբ հայտնի դարձավ, որ Կարապետ Գուլոյանը, Արամ Հարությունյանը և մնացածները հեռացել են Գառնիից այլ ճանապարհով, բնակիչները բացեցին ճանապարհը: Գառնիի բնակիչները հայտարարեցին, որ եթե կրկին փորձ արվի համայնքում Քաղցրաշենի ծրագրի շուրջ քննարկումներ անցկացնել կամ շինտեխնիկա բերել, նրանք կրկին կփակեն ճանապարհը կամ կդիմեն ավելի կոշտ միջոցների:

Մանրամասները և տեսանյութը՝ շուտով:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

18:59 Մայիս 12, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news