«Փրկենք Գողթն ու Գառնին ամայացումից». բողոքի ցույցերը Կոտայքի մարզում շարունակվում են (լուսանկարներ)

«Փրկենք Գողթն ու Գառնին ամայացումից». բողոքի ցույցերը Կոտայքի մարզում շարունակվում են (լուսանկարներ)

ԷկոԼուր

Բողոքի ցույցերը Կոտայքի մարզում շարունակվում են: Առավոտից Գողթ գյուղի բնակիչները փակել են Գողթ-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով չեղարկել Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը: Ըստ ծրագրի՝ նախատեսվում է Գեղարդալճի ջրամբարից խողովակաշարի միջոցով ինքնահոս եղանակով ջուր մատակարարել Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Ողջաբերդ համայնքներին, Գեղադիր գյուղի մի մասին եւ «Ջրվեժ» անտառպուրակի հողերը:

Գողթեցիները պնդում են, որ ոռոգման համակարգն իրականում կառուցվում է որոշ մարդկանց շահերը սպասարկելու և նրանց հողատարածքները ոռոգելու համար, որոնք գտնվում են Լանջազատ գյուղին հարող հատվածում: Բնակիչները նշում են, որ Գողթ գյուղն ունի 730 հեկտար ոռոգելի տարածք, որից ոռոգվում է 550 հեկտարը: «էսօր՝ հունիսի 3-ի դրությամբ, մեր գյուղ ջուր չի հասել... Մարդը տարածք ունի, բայց չի կարողանում ջրի, մենակ սելավաջրերն են հասել, էն էլ հաշված մարդիկ են կարողացել ջրել», - նշեցին ցուցարարները:

Գողթեցիները նաև ասացին, որ ծրագրի վերաբերյալ հանրային լսումներ բնակիչների հետ չեն անցկացվել, բոլոր հարցերը լուծվել են գյուղապետարանի փակ դռների հետևում: Գողթի գյուղապետ Արտավազդ Հակոբյանը նույնպես ակցիայի վայրում էր: Ծրագրին գյուղապետը կողմ է, եկել էր համոզելու բնակիչներին բացել ճանապարհը: Այնտեղ էր նաև «Գողթ 1» և «Գողթ 2» ՓՀԷԿ-երը շահագործող «Ջաղացի ձոր» ՓԲԸ-ի, Գողթի ջերմոցային տնտեսության հիմնադիր Մարկոս Ղարիբյանը, ով նույնպես փորձում էր համոզել գյուղացիներին բացել ճանապարհը: Բոլոր փորձերն ավարտվում էին վիճաբանությամբ:

Գողթեցիներն իրենց պայքարը սկսել էին հարևան գյուղից՝ Գառնիից, երբ գառնեցիները բոյկոտում էին Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը: Հենց Գառնիում էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր Գողթի բնակիչներին քննարկումներ նշանակել Գեղարդալճի ծրագրի վերաբերյալ: «Էդ ժամանակ վարչապետն ասաց, որ ընդհանրապես տեղյակ չէ խնդրից և տեղեկանալուց հետո կնշանակվեն քննարկումներ, այնուհետև կշարժվեն ըստ այդ քննարկումների: Նույն րոպերին մեր մարզպետ Կարապետ Գուլոյանն ասաց, որ շինարարական աշխատանքները կդադարեցվեն, և երկուշաբթի օրվանից կսկսվեն քննարկումները: Սակայն շինարարական աշխատանքները երկու անգամ թափ առան, և մինչ օրս Գողթ համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնած խնդիրները նրանց հետ ոչ ոք չի քննարկել», - ասաց Գողթի բնակիչ Վահրամ Սեդրակյանը և շեշտեց. «Մենք պահանջում ենք հանել բոլոր տեսակի շինտեխնիկան, և եթե կան ծրագրեր, որոնց շուրջ պետք է կազմակերպվի քննարկում, թող գան, քննարկեն Գողթ համայնքի բնակիչների հետ: Եթե ոչ, մենք մինչև վերջ պահանջելու ենք չեղարկել այդ ծրագիրը»:

Գողթեցիներին են միացել նաև Գառնիի բնակիչները՝ պահանջով չեղարկել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը, որն այժմ գտնվում է կասեցման փուլում:

 Մանրամասները՝ ավելի ուշ ԷկոԼուրի տեսանյութում:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

20:11 Հունիս 03, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news