Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գերօգտագործումը շարունակվում է

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գերօգտագործումը շարունակվում է

ԷկոԼուր

Արարատյան դաշտի ձկնաբուծարաններն օգտագործում են ստորերկրյա ջրերի ընդհանուր օգտագործված ծավալի 50 %-ը՝ 809.0 միլիոն խմ/տարեկան: Մնացած ջրօգտագործումը բաշխվում է հետևյալ կերպով. 36%-ը՝ 581.0 միլիոն խմ/տ, բաժին է ընկնում ոռոգմանը, 12 %-ը՝ 193.0 միլիոն խմ/տ, օգտագործվում է խմելու, կենցաղային նպատակով, ներառյալ նաև Հայկական ատոմային էլեկտրակայանը, ընդամենը 2 %-ը՝ 25.0 միլիոն խմ/տ, օգտագործվում է արդյունաբերության նպատակով: Այս տվյալները ներկայացված են «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրում, որը իրականացվել է USAID-ի աջակցությամբ 2016 թվականին:

Ստորերկրյա ջրերի փաստացի օգտագործումը 2016 թ.՝ ըստ ոլորտների

Ուսումնասիրության համաձայն՝ ստորերկրյա ջրառը ավելի քան 45 %-ով գերազանցում է «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված ծավալը՝ 1.1 միլիարդ խմ/տարեկան: 

Տարեկան 35 միլիոն խմ ջրի կորուստ՝ չշահագործվող հորատանցքերից

Հիմնականում օգտագործվում են ստորերկրյա ջրերը հորատանցքերի միջոցով: 2016 թվականի դրությամբ գոյություն ունեցող հորատանցքերի 63 տոկոսը շահագործման կարգավիճակի է եղել, իսկ 37 տոկոսը չի շահագործվել: Չշահագործվող 128 հորատանցքերից եղել է արտահոսք, որը գումարային գնահատվել է 35 միլիոն խմ/տարեկան ծավալով: Ծրագրի մասնագետ Լիլիթ Հարությունյանը հայտնեց, որ այդ հորատանցքերից 96-ը գտնվում են չշահագործվող ձկնաբուծարաններում: Նա նշեց, որ եթե այս ջրածավալը խնայվի կամ պահուստավորվի, հնարավոր կլինի Արարատյան դաշտում կամ այլ վայրերում լրացուցիչ ոռոգել 2500-4000 հեկտար հող:

Ռեսուրսի գերօգտագործման հետևանքները

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի գերօգտագործման արդյունքում ավելի քան 300 ինքնաշատրվանող հորատանցքերի ելքերը նվազել են մոտ 10 անգամ. 1990 թվականի ելքերը կազմել են 6118.6 լ/վրկ, իսկ 2012 թվականի՝ 606.4 լ/վրկ: Մոտ 205 հորատանցքեր դադարել են շատրվանել:

Վտանգված է Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործումը

Լիլիթ Հարությունյան

«2016 թվականի դաշտային չափումների և հետազոտությունների արդյունքում մենք արձանագրել ենք շատ տխուր փաստ.  Սևջուր գետի ակունքների բնական աղբյուրների որոշ խմբեր անհետացել են (օրինակ՝ Կուլուբեկլուի, Տարոնիկի), ինչը չափազանց կրճատում է Սևջուր գետի սնումը ակունքում, իսկ Սևջուրը ավանդականորեն եղել է Հայաստանի ջրառատ գետերից մեկը: Ինչ վերաբերում է Ակնալճին, ապա մինչև 2000 թվականը լճի մակերեսը եղել է 10 հեկտար, բնական ելքը լճից կազմել է մինչև 3000 լ/վրկ: Այսօրվա դրությամբ այդ ելքը մենք չունենք: 2016 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերի դրությամբ՝ Ակնալճի մակերեսը կազմել է մինչև 1.5 հեկտար, այսինքն, 10 գործակցով նվազել է», - նշեց  ծրագրի մասնագետ Լիլիթ Հարությունյանը:

Ջրի ծավալների կրճատման պատճառով Մեծամորի ատոմակայանի ջրապահանջը բավարարելու նպատակով 2013 թվականին հորատվել է 3 հորատանցք: Եվս 10 նոր հորատանցք նախատեսվում է հորատել 2017 թվականին:

Եթե նման ծավալներով ստորերկրյա ջրօգտագործումը շարունակվի, ապա կարող է այս դեպքում էլ շարունակվեն վտանգվել ստորերկրյա հորատանցքերը կամ բնաղբյուրները, նշում է ծրագրի մասնագետը:

Սևջուր-Ակնալիճ բնական աղբյուրների ելքերի նվազման հետևանքով դեռ 2013-2014 թվականից վտանգվել են այդ աղբյուրներից ջրառ կատարող ոռոգելի հողատարածքները: Այդ պահանջարկը լրացնելու նպատակով 2014 թվականին Սևանա լճից լրացուցիչ բաց թողնվեց 100 միլիոն խմ ջուր:

Կլիմայի փոփոխությունը՝ լրացուցիչ մարտահրավեր Արարատյան դաշտի համար

Արարատյան դաշտը համարվում է ՀՀ ամենախոցելի տարածքներից կլիմայի փոփոխության նկատմամբ: Ըստ կանխատեսումների՝ մինչև 2030 թվականը մոտ 11 %-ով կնվազեն տեղումները, ինչի արդյունքում էականորեն  կփոխվի գետային մակերևութային հոսքը մինչև 25 %-ով: Սրա արդյունքում կանխատեսվում է գյուղատնտեսական հողերի բերքատվության նվազում 15-34 %-ով: Իսկ մինչև 2100 թվականը Արարատյան դաշտում կանխատեսվում է ոռոգման ջրապահանջի ավելացում 38-42 %-ով: Առանց հարմարվողականության  միջոցառումների իրականացման Հայաստանում մինչև 2030 թվականը կանխատեսվում է հիմնական մշակաբույսերի բերքատվության կրճատում 8-14%-ով: Այս դեպքում գյուղատնտեսության ոլորտին հասցվող վնասը գնահատվում է 75-170 միլիարդ ՀՀ դրամ:

Մարտահրավերների թվում է նաև Արաքս գետի վերին հոսանքներում ջրամբարների կառուցումը, որոնց նախագծային ծավալը կազմում է  մոտ 1.5 միլիարդ խմ/տարեկան:  «Այս բոլոր գործոնների ներքո կարող է շատ մեծ վտանգի տակ դրվել Հայաստանի կարողությունը ամբողջությամբ բավարարելու իր ջրի պահանջարկը բոլոր ոլորտներում», - ասաց Լիլիթ Հարությունյանը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարությունը պետք է խստացնի իր կողմից իրականացվող միջոցառումները:

ՀՀ պաշտոնյաների արձագանքը՝ Արարատյան դաշտում տիրող էկոլոգիական աղետի վերաբերյալ

ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյան. «2013 թվականից ի վեր ՀՀ կառավարությունն իրականացրել է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պահպանմանը և կառավարմանը ուղղված լայնածավալ աշխատանքներ: Մեր դիտարկումները արձանագրել են ջրածավալների աճ դիտահորերում, և, կարծում եմ, սա նույնպես պետք է երևա և հիմք ծառայի, որ հետագայում նույնպես այդ աշխատանքների շարունակականությունը ապահովենք»:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյան. «Մեզ համար հուսալի ջրամատակարարումը չափազանց կարևոր է: Մենք շարունակում ենք շատացնել այն հորատանցքերը, որոնք փող արժեն: Մենք չենք կարող ասել՝ այդ ջրամատակարարումը ատոմակայանի հովացման համար հուսալի է, թե՝ ոչ, առավել ևս որ մենք ծրագիր ունենք 2027 թվականից նոր ատոմային բլոկի կառուցման նույն տարածքում: Մենք պետք է ունենանք հստակ կանխատեսումներ՝ ջուրը որտեղից ենք վերցնելու և այդ ջրի մատակարարումը հուսալի է, թե՝ ոչ: Նույնիսկ հիմա փորձագետներ են ի հայտ գալիս, որոնք մեզ առաջարկում են՝ եկեք հիմա Արաքս գետից վերցրեք, ու ստացվում է աբսուրդային իրավիճակ: Մենք այստեղից՝ Արարատյան դաշտավայրից ջուր ենք ուղարկում Արաքս գետը, որ այնտեղից ջուր վերցնենք հովացման համար: Այսինքն, մեզ պետք են հստակ կանխատեսումներ, եթե դուք կարող եք անել այս ծրագրի շրջանակներում և ասել՝ ինչ է տեղի ունենալու: Այդ բառերը, որոնք դուք այստեղ գրել եք տագնապալի ազդեցության վերաբերյալ, նրանք իրատեսակա՞ն են լինելու, թե, այնուամենայնիվ, մենք սպասենք, որ ջրի քանակությունները, որոնք մենք այս ձևով վերցնում ենք, մեզ կբավարարեն, և ավելի վիճակը չի վատանա: Մեզ համար դա չափազանց կարևոր է: Ի տարբերություն այլ սպառողների, մեր քանակությունները շատ փոքր են, բայց մեզ պետք են երաշխիքներ, որ այդ քանակությունները հուսալի են»:

23:15 Նոյեմբեր 10, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news