ԷկոԼուր
Հրազդան գետով փրփուրանման զանգված է հոսում: Փրփրած գետը Հրազդան 29 հասցեի` Ղռերի փոս կոչվող տարածքի մոտ տեսանկարել և «Facebook» սոցիալական ցանցում տեսանյութը տարածել է օգտատեր Վահե Ավետիսը: Նա ԷկոԼուրին հայտնեց, որ կասկածելի զանգվածը մոտ մեկ տարի է, ինչ լցվում է գետ հիմնականում երեք օրը մեկ: Այդ հեղուկը գարշահոտություն է առաջացնում, և մոտկայքի բնակիչներն ունենում են ուժեղ գխացավ, գլխապտույտ և սրտխառնոց: «Զանգվածը գետ է լցվում առավոտյան` ժամը 7-9 ընկած հատվածում և երեկոյան»,- ասաց նա:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը տեղեկացրեց, որ իրենց գերատեսչության Երևանի բաժնի տեսուչներն ահազանգողի հետ շրջայց են կատարել Ղռերի փոս կոչվող տարածքում, վերցվել է փորձանմուշ, որն ուսումնասիրվում է: Ուսումնասիրության արդյունքները պետք է համեմատվեն Հրազդան գետում նախկինում կատարված մոնիթորինգի արդյունքների հետ` հասկանալու համար, թե ինչ վնաս է հասցրել գետին կասկածելի զանգվածը: Տեսուչներին և ահազանգողին չի հաջողվել պարզել, թե որտեղից է փրփուրանման զանգվածը լցվում գետ:
Սա առաջին դեպքը չէ, որ Հրազդան գետն աղտոտվում է տարբեր տեսակի թափոնաջրերով և աղբով: Արձանագրվում են գետի ձկնաշխարհի անկման դեպքեր, սակայն մեղավորները չեն հայտնաբերվում և պատասխանատվություն չեն կրում:
Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի տվյալների` Հրազդան գետը Հայաստանի ամենաղտոտված գետերից մեկն է:
Փետրվար 02, 2018 at 17:10