Երասխահունում արագիլները կեղտոտվել են յուղոտ սև մածուկով. 2019թ. աղետը կրկնվում է

Երասխահունում արագիլները կեղտոտվել են յուղոտ  սև մածուկով. 2019թ. աղետը կրկնվում է

ԷկոԼուր

Կենդանաբան Վասիլ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է Երասխահուն համայնքում բնադրած արագիլների աղտոտման մասին: «Տարածքի բներից շատերում անցած տարվա նույն խնդիրն է»,- իր կողմից հրապարակված լուսանկարներն այսպես է մակագրել նա: Հրապարակմանն արձագանքած քաղաքացիներից ոմանք նշել են, որ կեղտոտված արագիլներ այս օրերին նկատվել են Արարատի մարզի թե՛ Արմաշ և թե՛ Հովտաշեն համայնքներում:

2019 թ. Արարատի մարզի մի քանի համայնքներում արձանագրվել էր արագիլների անկում՝ թռչունների փետուրների յուղոտ սև մածուկով աղտոտման հետևանքով: Արագիլների աղտոտման պատճառները բացահայտելու ուղղությամբ աշխատանքներ էին տարվել ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, տեղի ակտիվիստների կողմից: 2019թ. հուլիսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների աղտոտվածության փաստի առնչությամբ վարչական վարույթ էր հարուցել։ Այնուհետ Ջրային կոմիտեն հայտնել էր, որ Արարատի մարզում արագիլների աղտոտման պատճառը ձկնաբուծարանների ճարպոտ թափոններն են:

9 ամիս տևած հետաքննությունն ավարտվեց ոչնչով

Արագիլների աղտոտման պատճառները և մեղավորներին բացահայտելու նպատակով ՀՀ Քննչական կոմիտեն 2019 թ. սեպտեմբերին քրեական գործ էր հարուցել: Շուրջ ինն ամիս տևած հետաքննությունից հետո Քննչական կոմիտեն «Հետք»-ին հայտնեց, որ չի կարողացել պարզել, թե արագիլների փետուրները որտեղ, երբ և ինչ հանգամանքներում են աղտոտվել, փետուրների վրա եղած նյութն ինչ խմբային պատկանելիություն ունի և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճել է քրեական գործի վարույթը:

Տեղի ակտիվիստ, «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը ԷկոԼուրի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Քննչական կոմիտեի կողմից իրականացված հետաքննությունն օբյեկտիվ ու բազմակողմանի չի եղել: «Մենք նախորդ տարի կեղտոտվելու տեղն էլ, պատճառն էլ գտանք, ցույց տվեցինք, նկարները հրապարակել ենք: Այնտեղ ձկնաբուծարաններ կան, որտեղից վերամշակված ձկների փորոտիքը լցվում էր ջրատար, բացի այդ, մոտ հարյուր տոննա աղբ էր դուրս բերվել: Համակարգային լուծում չեղավ»,- ասաց Տիգրան Մաթևոսյանը:

Լուսանկարը՝ Վասիլ Անանյանի

 

17:02 Հունիս 29, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news