News.am
Հոկտեմբերի 2-ին, Տավուշի մարզի Այրում կայարանի տարածքում տեղի ունեցած սողանքի հետեւանքով «Ալավերդիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապ օգնության մեքենայով բժշկական կենտրոն է տեղափոխվել յոթ քաղաքացի, որոնց մոտ եղել են գանգի վնասվածքներ` առանց գանգոսկրի կոտրվածքների, կրծքավանդակի սալջարդ` առանց ներքին օրգանների վնասվածքների, նախաբազկի եւ սրունքի ոսկրների կոտրվածքներ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունում, տուժածները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն եւ հարազատների պահանջով տեղափոխվել են մայրաքաղաք: Մեկ տուժած տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն` աջ սրունքի դրսային պճեղի փակ կոտրվածքով, առանց տեղաշարժի, վեգոսկրի դրսային եզրի բեկորային կոտրվածքով, տեղաշարժով: Կատարվել է գիպսային անշարժացում, ցավազրկում, եւ հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից: Ընդհանուր առմամբ, տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բոլորը Երեւանի բնակիչներ են:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Միջոցներ են ձեռնարկվել սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղեւորներին օգնություն ցուցաբերելու համար: Առավոտյան ժամը 07:00-ին վերսկսվել են նաեւ փրկարարական աշխատանքները:
Հոկտեմբեր 03, 2011 at 15:43