Ջրառատ համայնքը մնացել է առանց ջրի

Ջրառատ համայնքը մնացել է առանց ջրի

ԷկոԼուր

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքը շուրջ տասը տարի ոռոգման ջրի խնդիր ունի: Ջրառատի բնակիչներին ոռոգման ջրով ապահովող լճակը հիմա գրեթե անապատի է վերածվել: Ջրի բացակայության պատճառով փակվել են գյուղում գործող ձկնաբուծարանները, որոնց հետադարձ ջրերը նախկինում օգտագործվել են ոռոգման նպատակով: Գյուղի սոցիալական վիճակը վատթարացել է, տեղացիներն արտագաղթում են` գումար վաստակելու համար: Այս մասին նշված է «Ջրառատն անապատ է» ուսումնասիրության մեջ, որը պատրաստել են ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում մագիստրոսական ծրագրի ուսանողներ Արմինե Մարկոսյանը և Եկատերինա Ֆոմինան:

«Ջրառատն անապատ է» ուսումնասիրության համաձայն` Ջրառատում ջրի պակասի պատճառը Արարատի մարզում զարգացած ձկնային տնտեսություններն են: «Արարատն ավելի ցածր դիրք ունի Արմավիրի նկատմամբ, ուստի Արմավիրից դեպի Արարատ գնացող ու ձկնային տնտեսություններին մատակարարող ջուրն այլևս ընդունակ չի եղել հետ դառնալու»,- գրված է ուսումնասիրության մեջ:
Բացի այդ, խորհրդային տարիներից գործող մաշված ոռոգման համակարգը ի վիճակի է ապահովել ոռոգում համայնքի 450 հա հողերից ընդամենը 27 հա հողի համար: Մնացած հատվածի ոռոգման համար պետք է պոմպեր աշխատեցնեն: Ըստ ուսումնասիրության` ամեն տուն ամսական մոտ 15 հազար դրամ է` ծախսում այգիները ոռոգելու համար:

«Փաստացի, խախտվում է տեղացիների՝ որպես ՀՀ քաղաքացի ունեցած կայուն զարգացման, բնական ռեսուրսներից օգտվելու իրավունքը: Արդյունքում՝ շատերը բռնում են երկրից հեռանալու և այլ վայրում ապրուստի միջոց փնտրելու ճանապարհը: Եթե կառավարությունն անտեսի այս խնդիրը, հետևանքները աղետալի կլինեն»,- նշված է ուսումնասիրության մեջ:

Ուսումնասիրությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

17:24 Մայիս 07, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news