Արթիկի բնական աղետը ռիսկերի չգնահատման արդյունք է

Արթիկի բնական աղետը ռիսկերի չգնահատման արդյունք է

ԷկոԼուր

Արթիկին պատուհասած բնական աղետը ռիսկերի չգնահատման արդյունք է: Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 24-ին աննախադեպ տեղումների պատճառով ջրալցվեցին և տիղմով պատվեցին Արթիկ քաղաքի տներն ու փողոցները:

Այս դեպքն ապացուցեց, որ Հայաստանում ռիսկերի նվազեցման ու կառավարման համար ընդունվող որոշումներն ու ծրագրերն անարդյունավետ են, և տեղական ինքնակառավարման մարմինները, որպես կանոն, իրենց զարգացման ծրագրերը մշակելիս, հաշվի չեն առնում դրանք:

2012թ-ի մարտի 7-ին  ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարությանը և աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» 281-Ն որոշումը: Այս ռազմավարությունը բխում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից: Փաստաթղթի մեջ նշված են աղետների ռիսկերի նվազեցման ռազմավարության խնդիրները, որոնցից այս պարագայում ուշագրավ են հետևյալները՝

«- Գնահատել հնարավոր կլիմայական ռիսկերը և մշակել միջոցառումներ՝ ուղղված դրանց կանխարգելմանն ու հետևանքների նվազեցմանը գլոբալ, ազգային և տեղական մակարդակներով

- Աղետների և կլիմայական ռիսկերի նվազեցման ու ընդհանուր կառավարման խնդիրներն ընդունել որպես առաջնայնություններ ազգային և տեղական մակարդակներում զարգացման ծրագրերում ընդգրկելու միջոցով

- Զարգացնել մոնիթորինգի, կանխատեսման և վաղ նախազգուշացման համակարգերը՝ աղետների վտանգները հայտնաբերելու, գնահատելու ու վերահսկելու նպատակով

- Մշակել և իրականացնել շարունակական ծրագրեր՝ուղղված աղետների ռիսկերի նվազեցման ոլորտին առնչվող կարողություների զարգացմանը համայնքներում եւ աղետների ռիսկերի նվազեցման համակարգում

- Մշակել և ներդնել աղետների պատճառած վնասներից ապահովագրման համակարգ՝ ինչը ոչ միայն կնպաստի փոխհատուցումների տրամադրման գործընթացին և խոցելիության  նվազեցմանը, այլև կհանդիսանա ֆինանսական ռեսուրսների գոյացման ժամանակակից հզոր մեխանիզմներից մեկը»:

Այս որոշումից մեկ տարի անց հաստատվեց Արթիկ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագիրը 2013-2016թթ համար: Ծրագրում ռիսկերի կառավարման կամ նվազեցման վերաբերյալ վերը նշված և ոչ մի կետի անդրադարձ չկա, այդ թվում և  կլիմայի փոփոխության հետ պայմանավորված ռիսկերը: Որպես ջրհեղեղի նախազգուշացման համակարգ Արթիկում գործեց հովիվի հեռախոսազանգը քաղաքապետին, ով իր տված հարցազրույցներից մեկում նշեց, որ չէր պատկերացնում նման մասշտաբի ջրհեղեղի մասին: Չի գործում աղետների պատճառած վնասներից ապահովագրման համակարգը, որը կբացառեր ներկայիս խնդիրները՝ կապված պետության կողմից արթիկցիներին տրվող փոխհատուցման չափերի հետ:  

Հիշեցնենք, որ 2015թ-ին մեկնարկեց «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագիրը», որը ֆինանսավորեց Համաշխարհային բանկը՝ տրամադրելով 1.75 միլիոն ԱՄՆ դոլլար: Ծրագրի նպատակն է ավելի զարգացնել աղետների ռիսկին դիմակայունությունը՝  բարելավելով աղետների ռիսկի տեղեկատվությունը, խթանելով աղետների ռիսկի նվազեցումը, ուժեղացնելով աղետներին պատրաստվածությունը և բարելավելով աղետների ֆիսկալ ռիսկերի և ռիսկի ֆինանսավորման տարբերակների ընկալումը:

Լուսանկարը և տեսանյութը՝ www.168.am կայքի



16:24 Հուլիս 06, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news