Սեպտեմբերի 15-ին Ենոքավանում տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ փոքր ՀԷԿ-ի կառուցման

Սեպտեմբերի 15-ին Ենոքավանում տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ փոքր ՀԷԿ-ի կառուցման

ԷկոԼուր

Սեպտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Ենոքավան գյուղում տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ: «Եկեք Ենոքավան»,- մամուլի ասուլիսի մասնակիցներին դիմեց Ենոքավանի բնակիչ Հարություն Նիյազյանը: Սեպտեմբերի 13-ին «Արմատ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ բնակիչները ներկայացրեցին պատճառները, թե ինչու են Տավուշի մարզի Ենոքավան եւ Գետահովիտ գյուղերի բնակիչները դեմ փոքր ՀԷԿ-ի կառուցմանը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին Գետահովիտի բնակիչ Արթուր Հակոբյանը, Ենոքավանի բնակիչ Հարություն  Նիյազյանը, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Ոչ մի նոր ՀԷԿ

Ա1+

«Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի առաջացրած վնասները դեռ չհաղթահարած՝ Տավուշի մարզի Գետահովիտ և Ենոքավան գյուղերի բնակիչները տեղեկացել են նոր ՀԷԿ-ի կառուցման մասին։

Նրանք ոչ միայն դեմ են իրենց բնակավայրի հարակից տարածքում երկրորդ ՀԷԿ-ի կառուցմանը, այլեւ պահանջում են դադարեցնել առաջին ՀԷԿ-ի շահագործումը:

«Դրա հետևանքով ջուրը ուղղությունը փոխել է և գյուղը զրկվել է ջրից: Սկսել են մեծ քանակությամբ սողանքներ»,- ասաց Գետահովիտի բնակիչ Արթուր Ավագյանը:

Հայաստանում այսօր կա մոտավորապես 140 փոքր ՀԷԿ և ևս 70-ը կառուցման ընթացքի մեջ են: Մասնագետները ահազանգում են՝ գործընթացը վտանգներով լի է։

Ըստ Թռչկան քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի`կարող է այնպես ստացվել, որ գետում ընդհանրապես ջուր չմնա ու բնականաբար՝ կվերանա կենդանական աշխարհը։

Բնակիչների հավաստմամբ` որևէ փորձագիտական հետաքննություն չի անցկացվել:

Թռչկան քաղաքացիական նախաձեռնությունը իր իրականացրած ուսումնասիրության ընթացքում պարզել է, որ ՀԷԿ-երի` միջավայրի վրա թողող ազդեցությունը ստուգող փաստաթղթեր չկան կամ եթե կան էլ՝ լիարժեք չեն:

Այս խնդրի հետ կապված Բնապահպանության նախարարությունից այսօր մեր զանգերին որեւէ մեկը չպատասխանեց:

Ի դեպ, Գետահովիտի տարածքը 1958թ.-ից համարվում է պետության կողմից պահպանվող բնապահպանական հատուկ գոտի:

Փոքր ՀԷԿ-երը գետերը ցամաքեցնում են եւ անապատացում է սկսվում.ահազանգում են բնապահպանները

Նելլի ԲԱԲԱՅԱՆ, Արավոտ

Փոքր ՀԷԿ-երի զարգացման հայ-նորվեգական ծրագրով նախատեսված է կառուցել 70 ՀԷԿ-եր, ըստ բնապահպանների, սա նշանակում է Հայաստանի այն հատվածներում, որտեղ կառուցվելու են այդ ՀԷԿ-երը, ամբողջ էկոհամակարգը վնասվելու է, անապատացում է սկսվելու:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ աշխարհագրագետ Լեւոն Գալստյանն այսօր «Արմատ» ակումբում ասաց, որ ճիշտ է, փոքր ՀԷԿ-երը լուրջ ներդրում կարող են ունենալ էներգետիկ անվտանգության ոլորտում, բայց մյուս կողմից էլ լուրջ վտանգ են ներկայացնում էկոհամակարգի համար: Ըստ պարոն Գալստյանի, որպեսզի այդ բալանսը պահպանվի, անհրաժեշտ են որոշակի նորմատիվներ պահպանել, որոնք Հայաստանում չեն պահպանվում` ոչ արդեն կառուցված ՀԷԿ-երի, ոչ էլ նոր նախագծվողների համար:

Պարոն Գալստյանը լրագրողներին ներկայացրեց հայ-նորվեգական հանձնաժողովի`փոքր ՀԷԿ-երին վերաբերող նախնական առաջարկություններում առկա բացթողումները. «Առաջին խնդիրը, որը էկոլոգիական թողքի կամ իրենց ասած` սանիտարական թողքի գաղափարն է, որը հաշվառվում է այնպիսի սխեմայով, որը կհանգեցնի նրան, որ գետում ընդհանրապես ջուր չի մնա եւ այս պարագայում կենդանական աշխարհի գոյության մասին խոսք լինել չի կարող: Շրջակա ամբողջ տարածքը չորանում է, որովհետեւ գետն անցնում է խողովակաշարի միջոցով: Մեր ուսումնասիրած բոլոր փոքր ՀԷԿ-երի նախագծերում ձկնուղիներ կան, բայց գնացել ենք տեղում տեսել, ոչ մի ձկնուղի չի աշխատել: Օրինակ` Չիչխանինը եւ Խաչաղբյուր 1-ի ՀԷԿ-ինը…ջրի թողքն այնքան փոքր է, որ կենդանական աշխարհ չկա: Երբ գնում ենք ՀԷԿ-երը ուսումնասիրելու չի երեւում, թե որքան ջուր պետք է գնա խողովակի մեջ, եւ որքան ջուր` գետը: Չկա ոչ մի չափիչ սարք, որը ֆիքսի, դա թողնված է մարդու կամայականության վրա: Վերջին 3 տարում ոչ մի պետական մարմին ստուգումներ չի իրականացրել: ՀԷԿ-երի կառուցման ընթացքում բացակայում է ռելիեֆի վրա ազդեցության գաղափարը: Եթե խողովակաշար է տեղադրվում, դրա համար պետք է ճանապարհ անցկացվի, պետք է լանջերը հարթեն, դրանք հաճախ անտառապատ են, հաճախ սողանքավտանգ են: Բազմաթիվ դեպքեր կան, երբ կառուցումից հետո լանջն ամբողջովին վերածվել է սողանքի եւ լցվել է գետը` անտառի հետ միասին»: Ներկայումս Տավուշի մարզի Խաչաղբյուր գետի վրա նախատեսվում է կառուցել Խաչաղբյուր 2 ՀԷԿ-ը, որի աշխատելու դեպքում լինելու է նույն իրավիճակը:

Ասուլիսին ներկա էին նաեւ Գետահովիտ եւ Ենոքավան գյուղի բնակիչները. Հենց այս համայնքով է անցնում Խաչաղբյուր գետը, որի վրա գործում է արդեն մեկ ՀԷԿ, եւ 2-րդն էլ` Խաչաղբյուր 2-ը, պետք է կառուցվի: Բնակիչներն արդեն արձանագրում են, որ իրենց համայնքում առաջին ՀԷԿ-ի շահագործումից լուրջ էկոլոգիական վնասներ են առաջացել`գետի մոտ 1800 մետր հատվածը ցամաքել է, իսկ եզակի ձկնատեսակները անհետանում են, տարածքում սողանքներ են սկսվել:

Ինչպես գյուղացիները վստահեցրին, ՀԷԿ-ի կառուցման համար բնակիչների կարծիքն անգամ չեն լսել: Գյուղացիները վստահեցրին, որ պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել եւ կանգնեցնել ՀԷԿ-ի կառուցումը:

Փոքր ՀԷԿ-երի գոյությունը վնասում է Ենոքավան ու Գետահովիտ գյուղերի բնությունը. ահազանգում են բնակիչները

Tert.am

Փոքր ՀԷԿ-երի գոյությունը վնասում է Ենոքավան ու Գետահովիտ գյուղերի բնությունը և ամայացնում շրջակա տարածքները: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին այդ գյուղերից ժամանած մի քանի բնակիչներ:

Գետահովիտ գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը նշեց, որ իրենց գետերը ցամաքում են և գյուղի բնակչության մի մասն արդեն իսկ զրկվել է ջրից:

«Ենոքավանը հատուկ պահպանվող տարածք է համարվում և այդտեղ ՀԷԿ-ի կառուցումը ուղղակի զարմանալի է, թե ինչպե՞ս է թույլատրվել: Դրա պատճառով այս տարածքում վերացել են հազվագյուտ տեսակի կենդանիներ ու մի շարք բույսեր, որոնք չեն ստանում այնքան խոնավություն, որ աճեն»,- ասաց Արթուր Ավագյանը:

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Հարություն Միազյանն էլ պահանջեց ապացուցել, որ ՀԷԿ-ի կառուցումից կարճ ժամանակ հետո չեն սկսվի սողանքները. «Մի ՀԷԿ արդեն իսկ կառուցվել է ու դրա ազդեցությունը, սողանքների տեսանկյունից, նկատվում է: Ես ուզում եմ փորձաքննություն անցկացնեն ու մեզ ապացուցեն, որ մենք չենք կորցնի մեր տները հնարավոր սողանքների դեպքում: Եվ հետո, մեր գյուղը վերջին տարիներին դարձել էր զբոսաշրջության կենտրոն, այստեղ է գտնվում Լաստիվերի քարանձավը: Եթե բնությունը փչացնեն, էլ ո՞վ կգա Լաստիվերը տեսնելու»,- ասաց նա:

Մամուլի ասուլիսին ներկա «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն էլ անդրադարձավ, ընդհանրապես, Հայաստանում կառուցվող ՀԷԿ-երից առաջացող վտանգավոր հետևանքներին:

«Կարող է ստացվել այնպես, որ գետում, ընդհանրապես, ջուր չմնա: Դրա հետևանքով չորանում է նաև նրա շրջակա տարածքը: Ուսումնասիրված բոլոր փոքր ՀԷԿ-երի գետերում ձկները բացակայում են»,- ասաց նա:

Լևոն Գալստյանը նաև նշեց, որ ՀԷԿ-երի կառուցման թույլատրման փաստաթղթերում բացակայում են պարզաբանումները, թե դրանք ինչ ազդեցություն կունենան շրջական տարածքների վրա:

«Դրանք հիմնականում միմյանցից արտագրված փաստաթղթեր են: Բոլորն էլ մտածում են, որ այդ փաստաթղթերը ոչ ոք չի կարդում և, ոչ մեկի դրանք չեն հետաքրքրում»,- ասաց նա:

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը նշեց, որ Հայաստանում այսօր կառուցված են 140 փոքր ՀԷԿ-ներ, իսկ 70-ից ավելին գտնվում են կառուցման փուլում:

«Գետիկ գետի վրա կառուցվելու է 6 փոքրիկ ՀԷԿ և նրանք բոլորն էլ արդեն լիցենզիա են ստացել: Դա նշանակում է, որ կառուցվելուց կարճ ժամանակ հետո տարածքը վերածվելու է անապատի: Ստացվում է, որ մենք կանգնած ենք մեր գետերը կորցնելու վտանգի առաջ ու չկա որևէ օրենք, որ կկանոնակարգի ոլորտը»,- ասաց նա:

Բնապահպաններն առաջարկում են դադարեցնել փոքր ՀԷԿ-երի կառուցումը, մինչև այն ժամանակ, երբ կպարզվի, թե ի՞նչ հետևանքներ են ունենում կառուցված ՀԷԿ-երը:

Ենոքավանցիները ոտքի են կանգնել կառուցվող հէկի դեմ

Նարեկ Ալեքսանյան, Հետք

«Մեր գյուղի տուրիստական կենտրոնում աշխատում է բնակչության մոտ 20 %-ը, եթե ևս մեկ հէկ կառուցեն, ոչ միայն գյուղի կեսից ավելին կզրկվի ոռոգման ջրից, այլ նաև աշխատատեղից, քանի որ տարածքը կվերածվի անապատի և զբոսաշրջիկներն այլևս չեն գա այստեղ, իսկ փոքր հէկում 3-4 աշխատող է լինում ընդամենը,- համագյուղացիների անունից բարձրաձայնում է Ենոքավան գյուղի բնակիչ Հարություն Նիյազյանը և հավելում,- Երբ մեր գյուղում կառուցվեց առաջին փոքր հէկը` «Խաչաղբյուր 1»-ը, բնակչության կարծիքը հաշվի չառնվեց, հիմա պատմությունը կրկնվում է, առաջինին բավականին մոտ կառուցում են երկրորդը ու նորից մեր կարծիքը բանի տեղ չեն դնում. ոչ մի փորձագետ չի այցելել` գետն ու դրա շրջապատն ուսումնասիրելու, մի քանի գյուղացու մասնակցությամբ անց են կացվել հանրային լսումներ, որոնց մասին գյուղում համարյա ոչ ոք տեղյակ չէր»:

Ենոքավանցիները պատրաստվում են շաբաթ օրը` ժամը 12-ին, գյուղի կենտրոնում հանրահավաք անցկացնել և պահանջել որևէ փորձագետ ուղարկել, որպեսզի վերջինս իր աչքով տեսնի, թե ինչքան վնաս կարող է պատճառել գյուղին ու շրջակա բնությանը նոր կառուցվող հէկը` «Խաչաղբյուր 2»-ը:

Հարևան Գետահովիտ գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը, ով նույնպես մասնակցում էր այս թեմայով հրավիրված մամուլի ասուլիսին, հայտնեց, որ նոր հէկի շինարարության ընթացքում հողը էրոզիայի է ենթարկվել և սողանքներ են տեղի ունեցել, ի պատասխան իրենց բողոքների, «Խաչաղբյուր 2»-ը կառուցողներն ասել են, որ միայն գյուղացիները չեն տուժել դրանից, այլ նաև իրենց անցկացրած խողովակներն են վնասվել:

Բնապահպան Լևոն Գալստյանը տեղեկացրեց, որ հէկի շինարարությունը սկսել են` չունենալով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզիան, ինչը օրենքի խախտում է: 

Լուսանկարը վերցված է Tert.am կայքից

17:10 Սեպտեմբեր 14, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news