ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն տվեց ռուսական «Պոլիմետալ» խմբի «ՊոլիԱրմ» ՍՊԸ-ի Կապանի հարթակում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության հայտին:
Կապանի հարթակի ընդհանուր տարածքը կազմում է 295 կմ2: Այն ընդգրկում է Սյունիքի մարզի 3 համայնքի 20 բնակավայրեր. Կապան համայնքի Աղվանի, Աճանան,Անտառաշատ, Առաջաձոր, Գեղանուշ, Եղեգ, Կապան, Ձորաստան, Ներքին խոտանան, Նորաշենիկ, Շրվենանց, Սևաքար, Վանեք, Վերին խոտանան, Տանձավեր, Տավրուս և Օխտար, Գորիս համայնքի Բարձրավան և Շուռնուխ, Տաթև համայնքի Քաշունի բնակավայրերը: Այս հողերի վրա ընկերությունը կորոնի ոսկի, արծաթ, պղինձ, կապար և ցինկ:
Հայցվող տարածքի մի մասը ծածկված է անտառներով, ըստ հայտի` ծառահատումներ չեն լինելու: Երկրաբանական աշխատանքները բացասական ազդեցություն կունենանբուսական և կենդանական աշխարհի վրա: Նախատեսվող գործունեության հարակից տարածքներում բավական հաճախ են հանդիպում ՀՀ Կարմիր գրքում գրանցված Հնդկական մացառախոզը, Լայնականջ ոզնին և Անտառակատուն, բարձրադիր լեռներում խիստ հազվադեպ կարող են հանդիպել Գորշ արջը և Ընձառյուծը, Զանգեզուրի բարձրադիր տեղանքներում` Բեզոարյան այծը և Հայկական մուֆլոնը:
Նշենք, որ «Պոլիմետալ»-ը թանկարժեք մետաղների արդյունահանման առաջատարներից մեկն է, Ռուսաստանում ոսկու երկրորդ խոշոր արտադրողը, ունի ակտիվներ նաև Ղազախստանում և Հայաստանում: «Պոլիմետալ»-ը Հայաստան մտավ 2015 թ-ին, երբ ձեռք բերեց Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Լիճքվազ» ՓԲԸ-ն: Իսկ 2016 թ-ին ընկերությունը 25 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք բերեց «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն:
Հունվար 15, 2018 at 18:40