Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների 90%-ը խախտում է ՋԹ-երով նախատեսված ջրահեռացման պայմանները

Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների 90%-ը խախտում է ՋԹ-երով նախատեսված ջրահեռացման պայմանները

ԷկոԼուր

Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների շուրջ 90%-ը խախտում է ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված ջրահեռացման պայմանները և հետադարձի ջրերը լցնում կոլեկտորադրենաժային ցանցեր՝ խաթարելով նրանց բնականոն աշխատանքը: Այս մասին նշված է «Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Ա. Ֆահրադյանի նամակում՝ ուղղված Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գույլանին՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ջրի իրավունքների վերականգնման վերաբերյալ ԷկոԼուրի նամակի և Արարատի մարզի Սայաթ ՆովաՀայանիստ և Արմավիրի մարզի ԱրտաշարՏարոնիկ համայնքների բնակիչների դիմում պահանջագրերի:

«…Արարատյան հարթավայրում ստեղծված ձկնաբուծական տնտեսությունների ջրերը հեռացվում են հիմնականում կոլեկտորդրենաժային ցանցի միջոցով: Ստեղծված պայմաններում բարձրանում են գրունտային ջրերի մակարդակները հարթավայրի ցածրադիր հատվածներում, և բարդանում են կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման և շահագործման աշխատանքները, հետևապես նաև ծախսերը:
Համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի 416-Ն որոշման 3-րդ կետի՝ ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դրենաժային համակարգերի շահագործման կազմակերպության, տվյալ դեպքում «Մելիորացիա» ՓԲԸ-ի համաձայնությունը, սակայն մինչ օրս ոչ մի ձկնաբուծական տնտեսություն այդ հարցով չի դիմել:

Հարկ է նշել նաև, որ ստորերկրյա ջրերի անխնա օգտագործումը կարող է առաջացնել նաև Արարատյան հարթավայրի ջրազրկված բնակավայրերի սանիտարահիգիենիկ պայմանների վատացում, ինչպես նաև տեղի կունենան անապատացման երևույթներ:

Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ «Մելիորացիա» ՓԲԸ-ի կողմից Արարատյան հարթավայրի կոլեկտորադրենաժային ցանցերից հեռացվող ջրերի չափագրման արդյունքները ցույց են տալիս, որ ձկնաբուծական տնտեսությունների հիմնական մասը /շուրջ 90%/, խախտելով ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված ջրահեռացման պայմանները, հետադարձի ջրերը լցնում են կոլեկտորադրենաժային ցանցեր՝ խաթարելով նրանց բնականոն աշխատանքը:

Համաձայն մոնիտորինգի տվյալների, կոլեկտորադրենաժային ցանցերը մինչև 2002 թ-ը աշխատում էին արդյունավետ, նախագծային թողունակությամբ, ապահովելով շուրջ 36,3խմ/վրկ կամ 1144,8 մլն.խմ/տարի ջրերի հեռացումը դեպի Մեծամոր, Հրազդան և Արաքս գետեր: Սկսած 2003 թ-ից (Արարատյան դաշտում ձկնաբուծության տարածման զարգացման սկիզբը) կոլեկտորադրենաժային ցանցերով հեռացվող ջրերի ծավալները սկզբում աստիճանաբար, իսկ 2009 թ-ին կտրուկ աճեցին՝ 2013 թ-ին կազմելով 58,11 խմ/վրկ կամ 1832,6 մլն.խմ/տարի, ինչը շուրջ 60%-ով գերազանցում է ցանցերի նախագծային թողունակությունը»:

Նոյեմբեր 20, 2019 at 16:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր