Հանքարդյունաբերական «Սագամար» ընկերությունը Լոռիում մեկ օրում երեք հանրային լսում կանցկացնի

Հանքարդյունաբերական «Սագամար» ընկերությունը Լոռիում մեկ օրում երեք հանրային լսում կանցկացնի

Հուլիսի 11-ին «Սագամար» ՓԲԸ-ն Լոռու մարզում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար երեք հանրային լսում կանցկացնի Ստեփանավանում և Գյուլագարակ խոշորացված համայնքի Պուշկինո բնակավայրում։

Առաջին երկուսը նախատեսված է անկացնել Ստեփանավանի համայնքապետարանի  նիստերի դահլիճում՝ ժամը 10:00-ին և 11:15-ին։ Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի պաշտոնական էջից: Ըստ էջի հաղորդագրության՝ առաջին լսումները Ուրասար բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքներին են վերաբերում։ Երկրորդ լսումների հայտարարության տեքստում երկրաբանահետախուզական աշխատանքների հայցվող վայրի վերաբերյալ տեղեկություն չկա։ Հայցվող տարածքի մասին տեղեկություն չկա նաև երրորդ՝ Պուշկինո բնակավայրի վարչական տարածքում ժամը 12։30-ին նախատեսվող լսումների հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ «Սագամար» ՓԲԸ-ին է պատկանում Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Սագամար» ՓԲԸ-ի միջև կնքված 20.12.2012թ. ՊՎ-093 ընդերքօգտագործման պայմանագրի համաձայն` ընկերությունը հանքը պետք է շահագործեր 2012-2049թթ. ընթացքում: Սակայն 2015թ-ից հանքը չէր շահագործվել։ ՏԿԵ նախարարությունը վարչական վարույթ էր սկսել «Սագամար» ՓԲԸ-ի նկատմամբ, քանի որ  ընկերությունը շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին չէր վճարել  9 միլիոն 481 հազար 120 դրամ, ինչպես նաև 2016-2019թթ. չէր շահագործել Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը: Ընկերությունը 2021թ․ Կենտրոնական գանձապետարանի հաշվին էր փոխանցել 9 միլիոն 124 հազար 557 դրամ և 2021թ-ի մարտ ամսից սկսել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները։ 

Արմանիսի հանքավայրին և արդյունաբերական թափոնների լցակույտերին հարակից հողատարածքներում ու ջրաղբյուրներում չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության հարցերով զբաղվող ՀԿ-ի կողմից հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի աջակցությամբ 2021թ. իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ տարածքներն աղտոտված են ծանր մետաղներով՝ մկնդեղ, քրոմ, կադմիում, կապար, ցինկ, մոլիբդեն և այլն։ Այս նույն մետաղները նորմային մոտ կոնցենտրացիաներով հայտնաբերվել են նաև Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի և արդյունաբերական թափոնների լցակույտերի ազդեցության տակ գտնվող Լոռու մարզի խոշորացված Ստեփանավան համայնքի Ուրասար և Արմանիս բնակավայրերի բնակիչներից վերցված կենսանյութերում:

Հուլիս 10, 2022 at 19:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր